Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերին:
Նախագծերը ներկայացրեց առողջապահության նախարարը: Ըստ այդմ, այս փաթեթով առաջարկվում է՝ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորություններն անցնում են ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով եւ լիազորությունների շրջանակով:
Նաեւ առաջարկվում է՝ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին` ՀՀ առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
Նախարար Արսեն Թորոսյանն ասաց՝ նշված պայմանները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:
Կարդացեք նաև
Արսեն Թորոսյանի հավաստմամբ՝ նման արտակարգ իրավիճակներում (նկատի ունի կորոնավիրուսի համավարակը) անհրաժեշտություն է առաջանում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարման, որն ավելի օպերատիվ կկազմակերպվի:
Ի պատասխան այն մտահոգությունների, թե այսպիսով համակարգը կկառավարվի մի կետից կամ միանձնյա, նախարարն ասաց՝ նման բան չկա, իրավիճակից դրդված է որոշվելու, թե որ հիվանդանոցները, ինչ չափի, ինչպիսի կառավարման լիազորությունների շրջանակներում են տեղավորվելու. «Մյուս կարեւոր հանգամանքը անձնակազմի ընդգրկման պարտադիր լինելն է, որովհետեւ պետությունն իր բոլոր ռեսուրսներով, այդ թվում՝ մարդկային, պետք է կարողանա իր առջեւ դրված խնդիրները լուծել արտակարգ դրության ժամանակ, ինչը հաճախ այսօր գործող կարգավորումներով հնարավոր չի լինում, երբ մենք կարիք ենք ունենում եղած ռեսուրսի ներգրավման, բայց գործիք դրա համար չենք ունենում, եւ անձի հայեցողությունը՝ ընդունելու կամ մերժելու, մեծ է լինում այդ աշխատանքներում ներգրավվել»:
Նախարարն առաջարկեց այս նախագիծն ուղարկել ԱԺ եւ այն համարել անհետաձգելի:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախարարից հետաքրքրվեց՝ մենք տնտեսվարողին ինչ-որ պահի ասում ենք՝ այս պահից տնտեսավարումը մենք ենք իրականացնում. «Սա ենթադրում է որոշակի գույքաֆինանսական իրավունքների եւ պարտականությունների կոնսոլիդացիա կամ տարանջատում: Եթե այս հարցը չկարգավորենք, իրենք հետո կասեն՝ այ ձեր այդ պահին, որ իրականացրել եք գործառույթն օրենքի ուժով, վնասներ եք պատճառել, խնդրում եմ հատուցել: Իրենց պահանջը կլինի հիմնավորված ու մենք կունենանք պոտենցիալ ծախսակույտ եւ ստիպված կլինենք մասնավորներին հատուցել: Չարժե՞ մի հատ կարգավորում մտցնենք, թե ինչպես են տարանջատվելու այս գործընթացում ֆինանսական պարտավորությունները»:
Արսեն Թորոսյանն ի պատասխան ասաց՝ այդ հարցը կարգավորված է այլ իրավական ակտով եւ այն կա, պետությունը պարտավոր է պատճառած վնասները փոխհատուցել կառավարման որոշմամբ. «Զուտ տրամաբանորեն, շատ բնական է, որ տնտեսավարողի առօրյա ֆինանսատնտեսական գործունեությունը խաթարվի եւ ինքը կատարի այլ խնդիր՝ այդ պահին ավելի կարեւոր: Դա այս պահին էլ ունենք, օրինակ՝ վերապրոֆիլավորված հիվանդանոցները նախկինում կատարելով բոլորովին այլ գործառույթ եւ ունենալով բոլորովին այլ ֆինանսատնտեսական հոսքեր, եկամուտներ, հիմա դրանք չունեն, եւ պետությունը փոխհատուցում է իրենց կատարած փաստացի ծախսերը հիմա: Իհարկե, նրանք այս պահին գույքային վնասներ չեն կրում՝ չհաշված չստացված եկամուտները»:
Մհեր Գրիգորյանն իր մտահոգությունը հստակեցրեց՝ ողջամիտ շահույթի չափ սահմանել, որովհետեւ պոտենցիալ չստացված շահույթի վեճ է առաջանալու, որը լավ կլինի այսօրվանից սահմանել եւ սա ավելի հստակ մեխանիզմ կլինի. «Չստացված եկամուտի հարցը կվիճարկվի, բայց լավ կլինի նկարագրենք դա, ասենք՝ չստացված եկամուտ է համարվում ոչ ավելի, քան, ենթադրենք, հատուցված ծախսերի 10%-ը, կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի եկամուտի իքս տոկոսը: Բայց չափով պետք է սահմանափակել, հակառակ դեպքում այն կարող է դառնալ անկառավարելի հնարավոր վնաս»:
«Ես սկզբունքային տարաձայնություն ունեմ ձեր առաջարկի հետ: Ես չեմ կարծում, որ մենք պետք է չստացված եկամուտը փոխհատուցենք, որովհետեւ նույն տրամաբանությամբ ռազմական կամ այլ արտակարգ դրության ժամանակ բազմաթիվ ռեսուրսներ են ներգրավվում, այդ թվում՝ մասնավոր, ֆիզիկական անձանցից եւ դա նրանց պարտականությունն է՝ այս երկրում ապրելով, տնտեսվարելով, արարելով, ստեղծագործելով՝ ներդրում ունենալ երկրի տարբեր խնդիրների լուծմանը: Նույն տրամաբանությամբ, օրինակ, բեռնատար մեքենա ներգրավելով, որոնք կանգնած են զորահավաքային պլաններում հաշվառման, մենք պետք է այդ բեռնատարի չստացված եկամուտը փոխհատուցենք, որը չեմ կարծում, որ ճիշտ է: Առաջարկում եմ նման բան չընդգրկել այս օրենքում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե խնդիրն ինչպես է կարգավորվում ռազմական դրության ժամանակ: Նախարար Տոնոյանը հստակեցրեց՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ կարգավորման մեջ հստակ նշվում է, թե ինչ է ներգրավվում. «Նույնը լինելու է այս դեպքում: Իսկ փոխհատուցման կարգը, ինչպես պարոն Թորոսյանն ասաց, կառավարության այլ որոշմամբ է կարգավորվում, բայց փոխհատուցվում է միանշանակ»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նույնն ասաց՝ փոխհատուցման կարգը արդեն իսկ սահմանված է կառավարության որոշմամբ եւ անդրադարձ կա փոխհատուցման ձեւերին: Իսկ չստացված շահույթի մասին Տիգրան Ավինյանը հստակ չգիտեր՝ կա՞, թե՞ ոչ: Նա առաջարկեց վերադառնալ դրա բովանդակությանն ու հասկանալ՝ ինչ անել:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալաղչյանն էլ առաջարկեց՝ արտակարգ դրության մասին օրենքով սահմանված է՝ ֆինանսական եւ նյութական միջոցների օգտագործումը փոխհատուցումը կատարվում է կառավարության որոշմամբ. «Հիմա եթե մենք այս օրենքի շրջանակներում դա քննարկենք, դա չպիտի վերաբերի միայն բժշկական հաստատություններին, մենք նաեւ հյուրանոցներն ենք օգտագործել եւ բազմաթիվ այլ իրավաբանական անձանց գույքը: Հետեւաբար այս փաթեթում դա չներառվի, առանձին քննարկենք դրա անհրաժեշտությունը, եւ պարոն Գրիգորյանի բարձրացրած հարցն էլ՝ շահույթի մասով, բայց առայժմ թողնենք այնպես, ինչպես կա»:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ կարծիք հայտնեց՝ բաց թողնված օգուտների փոխհատուցում չպետք է լինի. «Բայց կառավարության որոշումը այս օրենքի ընդունումից հետո փոփոխությունների պետք է ենթարկվի, որովհետեւ դրա կարգավորումները հարմարեցված չեն այս իրավիճակին եւ ակնհայտ է, որ խոսք չի գնում օրինակ հիվանդանոցը վերցնելու եւ այլն, նման դեպքերի մասին»:
Ի վերջո` որոշումն ընդունվեց, եթե անհրաժեշտություն լինի, խնդրահարույց կետը կառավարությունում կքննարկեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ