Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մերժեց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը: Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարության կողմից՝ ապրիլին: Կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է: ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը չի ենթարկվի կարգապահական պատասխանատվության:
Aravot.am-ը դիմեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին. ինչպե՞ս եք գնահատում ԲԴԽ որոշումը, արդյոք սա նաեւ փաստաբանների հաղթանա՞կը չէ, որոնք օրեր շարունակ սոցիալական ցանցերում ի պաշտպանություն դատավորի ֆլեշմոբ էին անցկացրել, իրենց նկարները փոխելով Ազարյանի նկարով:
– Չանդրադառնալով դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական գործի փաստերին, որոնց ամբողջական ծանոթ չեմ, կնշեմ, որ իմ ուշադրությունը գրավեց այն տեղեկությունը, որ որոշումը ստորագրվել է միայն ԲԴԽ դատավոր անդամների կողմից: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ գործին մասնակցող ԲԴԽ գիտնական անդամները կամ չեն մասնակցել քվեարկությանը կամ կողմ են արտահայտվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում: Բոլոր դեպքերում, սա տեսակետների հետաքրքիր բախում է և ցույց է տալիս, որ Բարձրագույն դատական խորհուրդը կայացման ճանապարհին է: Ի վերջո` առողջ և կառուցողական բանավեճերի արդյունքն էլ է ապահովում զարգացում: Սահմանադրությամբ Բարձրագույն դատական խորհրդին տրված է դատարանների և դատավորների անկախությունն ապահովելու առաքելություն:
Փաստաբանների պալատը դեռևս 2015թ. Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ներկայացրել էր առաջարկ, որպեսզի ԲԴԽ կազմում դատավորները մեծամասնություն կազմեն, քանի որ միայն այս դեպքում կարող է երաշխավորվել ԲԴԽ անկախությունը մյուս իշխանություններից:
Կարդացեք նաև
ԲԴԽ գիտնական անդամները, իմ կողմից հարգված և պրոֆեսիոնալ մասնագետներ են, ովքեր հավանաբար ղեկավարվել են առավելագույնի սկզբունքով՝ դատավորի վարքագծի և կեցվածքի առավել բարձր չափանիշներ վերագրելով դատավորի հավաքական կերպարին: Մինչդեռ այս անցումային իրավիճակում, երբ ամեն ինչ խառնվել է իրար, երբ գործում են ֆեյսբուքյան հայհոյանքները, ֆեյսբուքյան արդարադատությունը և պետական մարմինների ներկայացուցիչների միմյանց և այլոց նկատմամբ զգացմունքային դրսևորումները, պետք է այս իրողություններն էլ հաշվի առնել և «չկոտրել» դատավորին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ