Դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ այսօր ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանի գործով հերթական դատական նիստն է:
Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար, իսկ Արսեն Բաբայանը մեղադրվում է Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ըստ հատուկ քննչական ծառայության՝ Գագիկ Հարությունյանի` ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը ՍԴ աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018–ի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թ. մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ:
Արա Բաբլոյանի շահերի պաշտպաններից Արամ Վարդեւանյանն այսօրվա նիստում հանդես եկավ միջնորդությամբ՝ Բաբլոյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ 17:30-ին: «Ներկայացրել ենք որոշ հիմնավորումներ, որոնք նախկինում քննության առարկա չեն դարձել: Մասնավորապես, սահմանադրական դատարանը 2018 թ.-ի մարտի 20-ին աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է օրենսդրական կարգավորումների արդյունքում Գագիկ Հարությունյանի առկա կարգավիճակին՝ նրան դիտարկելով ոչ թե որպես ՍԴ նախագահ, այլ ՍԴ անդամ: Իսկ մարտի 21-ին ՍԴ նախագահ է ընտրվել Հրայր Թովմասյանը: Մյուս կողմից, քննարկման առարկա է գործող ԱԺ կանոնակարգ օրենքը, մինչդեռ մեղադրող կողմը նորարար մոտեցում որդեգրեց եւ որոշեց, որ իրենք են վերջնական մեկնաբանում ԱԺ կանոնակարգ օրենքները, եւ դա կարող է հիմք հանդիսանալ քրեական հետապնդման համար»,-լրագրողների հետ զրույցում ներկայացնելով միջնորդության հիմքերը՝ ասաց Արամ Վարդեւանյանը:
Նա շեշտեց. «2018 թ.-ի ՍԴ նախագահի ընտրությունների ժամանակ ԱԺ բոլոր խմբակցությունները մասնակցել են եւ որեւէ մեկը գործընթացն անօրինական չի դիտարկել»:
Կարդացեք նաև
Փաստաբանը նաեւ նշեց, որ ԱԺ պատգամավորները եւ նախագահը չունեն եւ չեն էլ կարող ունենալ պարտականություն՝ ԱԺ կանոնակարգն անգիր իմանալու. «Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ, եւ այստեղ քրեական գործ չկա»:
Հարցին, թե ում հետ է առերեսվել Արա Բաբլոյանը, Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Առերեսում լինում է, երբ անձի դեմ տրված ցուցմունք է լինում: Արա Բաբլոյանի դեպքում չի եղել առերեսում: Հակառակը, Արա Բաբլոյանի գործողությունների իրավաչափությունը հաստատող ապացույցներ կան՝ տրված ԱԺ աշխատակազմի կողմից: ԱԺ աշխատակազմը գերպրոֆեսիոնալ մասնագետներ ունի, օրինակ՝ Թաթուլ Սողոմոնյանը: Ներկայումս էլ ԱԺ նիստերի ժամանակ Արարատ Միրզոյանը երբեմն նրան հարցնում է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի որ կարգավորումն է…»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ