«Ինձ համար Բարձրագույն դատական խորհրդի ցանկացած որոշում սպասելի էր»,- Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)՝ ՀՀ Արդարադատության նախարարության միջնորդության մերժումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:
Հիշեցնենք ՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն էր ներկայացրել:
Լրագրողների հարցին՝ այս որոշումը նշանակո՞ւմ է, որ այսուհետ դատավորներն ավելի անկաշկանդ կգործեն, Ալեքսանդր Ազարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ հարցը կաշկանդված լինել կամ չլինելու վերաբերյալ է: Կաշկանդված դատավորը միշտ էլ կաշկանդված է, անկաշկանդը՝ ոչ: Ես մշտապես անկաշկանդ եմ»:
Դիտարկմանը՝ ԲԴԽ այս որոշումը կարո՞ղ էր դատական համակարգի վրա հետևանքներ ունենալ, Ալեքսանդր Ազարյանը պատասխանեց. «Եթե ԲԴԽ-ն ինձ համար ոչ բարենպաստ որոշում կայացներ, միգուցե կհամաձայնեի այդ դիտարկման հետ»:
Կարդացեք նաև
Լրագրողները խնդրեցին գնահատական տալ ԲԴԽ կայացրած որոշմանը: Ալեքսանդր Ազարյանն այսպես պատասխանեց. «Ես որոշմանը ծանոթ չեմ. միայն եզրափակիչ մասն ունկնդրեցի: Կներեք՝ ես ՀՔԾ պետը չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ»:
Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ԲԴԽ-ն անկախ է և իշխանություններից անկախ որոշումներ է կայացնում, Ալեքսանդր Ազարյանը պատասխանեց. «Ինչու միայն այս որոշմա՞մբ: Ես կարծում եմ՝ ԲԴԽ-ն կաշկանդված չէ իշխանության ներկայացուցիչների կողմից արտահայտված տրամադրություններով»:
Ալեքսանդր Ազարյանն ասաց, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ նրա նշանակումից հետո չի հանդիպել, նրա հետ հեռախոսազրույց չի ունեցել: Իսկ դրանից առաջ էլ երևի պատահական են հանդիպել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ