Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում այսօր շարունակվեց «Հեղափոխության պահապաններ» խմբի հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանն ընդդեմ «Հայելի» ակումբի եւ ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի» գործով դատական նիստը:
Հայկ Ստեփանյանը Անժելա Թովմասյանին դատի է տվել եթերում իրենց խուժան, խուլիգան, բանդա որակելու համար: Նրանք այդ արտահայտությունները որակում են որպես զրպարտություն եւ պահանջում են, որպեսզի Անժելա Թովմասյանը դրանք հերքի, ինչպես նաեւ պահանջում են 500 հազար դրամ փոխհատուցում:
Դատարանը լսեց հայցվոր կողմի տրամադրած ձայնագրությունները, որոնք, ըստ հայցվորի, պարունակում են իր հիմնավորումների ապացույցները:
Ձայնագրությունները լսելուց հետո Անժելա Թովմասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարություն արեց, որում բերելով նշված բառերի բառարանային բացատրությունները, նշեց, որ դրանք չեն կարող գնահատվել եւ ընկալվել որպես զրպարտություն:
Կարդացեք նաև
Դատարանը հաջորդ փուլում պետք է հրապարակի գրավոր ապացույցները: Սակայն նկատի առնելով, որ դատարանը հուլիսի 15-ից գտնվելու է հերթական արձակուրդում, որոշվեց գրավոր ապացույցների հետազոտումը հետաձգել, եւ հաջորդ նիստը նշանակել ս/թ. օգոստոսի 10-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ