Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցի մաքսանենգության փոխկապակցված դեպքեր:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքում բնակվող 2 երիտասարդ մի խումբ քաղաքացիների անվամբ փոստային առաքանիներով արտերկրից ստանում են թմրամիջոցներ:
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից պարզվել են թմրամիջոցի պարունակությամբ առաքանու իրական հասցեատերերը: Նրանց հրահանգով տաքսու վարորդը առաքանիների ներմուծում իրականացնող ընկերության գրասենյակից թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստացել և տեղափոխել էր Աբովյան քաղաք:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո տաքսու վարորդից առաքանին ստանալուց հետո ՀՀ երկու քաղաքացի բերման են ենթարկվել մաքսանենգության դեմ պայքարի վարչություն: Անձնական խուզարկության արդյունքում քաղաքացիներից մեկի մոտ առկա առաքանու միջից հայտնաբերվել է 100 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Այս մասին օրերս հայտնել էր ՀՀ ոստիկանությունը:
Նպատակ ունենալով բացահայտել դեպքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը` կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձեռնարկել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում կարճ ժամանակ անց ստացվել է նոր տեղեկություն, որ նույնանման եղանակով արտերկրից Հայաստան պետք է ներմուծվեն թմրամիջոցի պարունակությամբ ևս 2 առաքանի:
Կարդացեք նաև
Հուլիսի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից հիշյալ առաքանիների նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է 134 գրամ և 141 գրամ մարիխուանա:
Նշված դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին