Ինչպես արդեն ներկայացրել ենք, ոստիկանությունը բերման է ենթարկել կառավարության դիմաց հավաքված ռեստորանային ոլորտի աշխատակիցներին։
Հայաստանի ռեստորանների միության նախագահ Աշոտ Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սպասում է կառավարության պատասխանին։ Սակայն ոստիկանները իրեն ևս մոտեցան և տվեցին 5 րոպե ժամանակ, որ լքի տարածքը։
«Կառավարությունը պատասխան չտվեց, ֆիքսում ենք, որ կառավարությանը սա հետաքրքիր չի»,- ասաց նա՝ հայտարարելով, որ հավաքն ավարտված է։
Նա հավելեց, որ կառավարության պահվածքին առանձին գնահատական կտան․ «Մեր պահանջները տնտեսական են, մեր պահանջները սոցիալական են, և մեր պահանջը պարզ է՝ մտցնել հստակություն՝ երբ է վերանալու արտակարգ դրությունը և երբ է ազատականացվելու տնտեսությունը։ Հավաքվածները ներկայացնում են 20 000 հոգանոց արդյունաբերություն։ 20 000 հոգուց այսօր ոչ մեկը փող չի աշխատում»։
Չնայած դրան, որոշ ցուցարարներ դեռ մնացին կառավարության շենքի հարակից տարածքում։ Ոստիկանությունը բերման ենթարկեց նաև նրանցից ոմանց։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ