Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ կառավարության ձեռքբերման բանակցություններին ու դրա վերաբերյալ քննադատություններին, որոշ պարզաբանումներ արեց:
Վարչապետն ասաց. «Կառավարության նախորդ նիստից հետո շատ քննարկվեց՝ ինչպե՞ս է, որ պատվաստանյութ չկա, բայց Հայաստանի կառավարությունը եւ Առողջապահության նախարարությունը բանակցում են պատվաստանյութ ձեռք բերելու համար։ Ուզում եմ պարզաբանել՝ քանի որ ամբողջ աշխարհը սպասում է պատվաստանյութի, մարդիկ գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում։ Եվ, ըստ էության, հիմա կան երկրներ, որոնք արդեն իրականացրել են գնում, գումար են փոխանցել եւ ահռելի քանակությամբ այդ ապագա գնումը ձեռք են բերել, ինչը նաեւ մտահոգություններ է առաջացնում, որ պատվաստանյութի ստեղծման պահից խմբաքանակներն ամբողջությամբ կհայտնվեն մի քանի երկրների տրամադրության տակ։ Եվ մեխանիզմներ են մտածվում, թե ինչ անել, որպեսզի դա տեղի չունենա»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ավելացրեց՝ իրականում պատվաստանյութ կա, եւ կան բազմաթիվ պատվաստանյութեր, խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է. «Ավելին ասեմ՝ ընկերություններ կան, որ արդեն տասնյակ հազարներով դրանք արտադրել են՝ ամեն ինչով, որպես վերջնական արտադրանք, որպեսզի շարունակեն կլինիկական փորձարկումները։ Եվ այստեղ խոսքը միայն հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է, ոչ թե այդ ապրանքների լինել կամ չլինելու: Դրանք շատ են, եւ ամենայն հավանականությամբ վերջնական հաստատումից հետո դրանք կլինեն ոչ թե մեկը, այլ՝ մի քանիսը»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ