Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի հայերին մեկ միասնական համակարգի մեջ միավորելու նախաձեռնություն. Հայկական սփյուռքի խորհրդարան ստեղծելու աշխատանքներ են իրականացվում

Հուլիս 09,2020 14:43

Մի քանի տարի առաջ աշխարհի տարբեր երկրներում բնակվող նվիրյալ հայերի մի փոքր խումբ սկսել է աշխատանքներ իրականացնել ժողովրդավարական սկզբունքներով ընտրվող Հայկական սփյուռքի խորհրդարանի  (ՀՍԽ) ստեղծման ուղղությամբ։

Այս հիմնարար նախաձեռնությունը իրականացվելու է ամբողջ աշխարհի հայերին մեկ միասնական համակարգի մեջ միավորելու միջոցով։

Այս նպատակի իրագործումից հետո միայն համապատասխան ընտրատարածքների միջոցով ընտրված  Հայկական Սփյուռքի խորհրդարանի, ինչպես նաեւ  Հայաստանի և Արցախի հանրապետությունների ղեկավարները առաջին անգամ կարող են պնդել, որ ներկայացնում են ամբողջ աշխարհի հայությանը և իրենց հավաքական որոշումները կայացնում են ամբողջ ազգի անունից։

Սա աշխարհի հայերի չիրականացված երազանքն է եղել տասնամյակներ, գուցեեւ հարյուրամյակներ ի վեր։

Նախաձեռնող խումբը Հայկական սփյուռքի խորհրդարանի ստեղծումը նախատեսում է իրականացնել երկքայլ գործընթացով․

Քայլ առաջին՝ Հայկական ինքնության քարտ (HyeID)

Կալիֆորնիայում արդեն իսկ հիմնադրված Հայկական ինքնության քարտ (HyeID) ոչ առեւտրային կազմակերպությունն ընդլայնելու է իր գործունեությունը դեպի աշխարհի բոլոր երկրների հայկական համայնքներ, ինչպես նաեւ Հայաստան եւ Արցախ։

HyeID կազմակերպությունը կիրականացնի երեք նպատակ.

ա) Կառաջարկի եւ կտրամադրի աշխարհի բոլոր երկրներում (ներառյալ Հայաստանում եւ Արցախում) բնակվող հայերին Հայկական Ինքնության Քարտ (HyeID), որի միջոցով բոլոր քարտատերերը հնարավորություն կունենան ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ժամանակ  օգտվել տարբեր հաստատությունների (ավիաընկերությունների, հյուրանոցների, ռեստորանների, խանութների և այլն) կողմից տրամադրվող հատուկ զեղչերից։ Այդ զեղչի շահառուներն են HyeID քարտատերը, HyeID շահույթ չհետապնդող կազմակերպությունը (Հայկական սփյուռքի խորհրդարանի  և համահայկական մարդասիրական ծրագրերի ֆինանսավորման համար) և այն հայկական  կազմակերպությունը, որին անդամակցում է կամ գրանցման ժամանակ նախապատվություն է տվել քարտատերը:

բ) Քարտատերերի տրամադրած տեղեկությունների հիման վրա կձեւավորի աշխարհասփյուռ հայության վերաբերյալ տվյալների շտեմարան, որի շնորհիվ աննախադեպ ցանցային համագործակցության հնարավորություն կստեղծվի գիտության, տեխնոլոգիաների, բիզնեսի, մշակույթի, ազգային անվտանգության եւ այլ ոլորտներում ներգրավված անձանց միջև:

գ) Հնարավորություն կստեղծի, որպեսզի Հայաստանից եւ Արցախից դուրս բնակվող HyeID քարտատերերը կարողանան քվեարկել Հայկական Սփյուռքի խորհրդարանի ձեւավորման ժամանակ՝ համարելով նրանց գրանցված ընտրողներ: HyeID քարտատերերը ժողովրդավարական ընտրություններում քվեարկելու են իրենց տեղային ներկայացուցիչների օգտին՝ ձեւավորելով  Հայկական Սփյուռքի խորհրդարան, որը կներկայացնի Հայաստանից և Արցախից դուրս բնակվող հայերին:

Այսպիսով՝ HyeID-ին ապահովում է․

  • գրանցում՝ ապագա ՀՍԽ օգտին քվեարկելու համար
  • ցանցային համագործակցության հնարավորություն քարտատերերի միջեւ
  • Հայկական Սփյուռքի Խորհրդարանի ներկայացուցիչների ընտրությունների անցկացում
  • HyeID զեղչային ցանցի ստեղծում
  • ՀՍԽ ինքնաֆինանսավորում՝ HyeID զեղչային համակարգի միջոցով
  • Հայության միասնական տնտեսական ներուժի համախմբում

Քայլ երկրորդ․ Հայկական Սփյուռքի Խորհրդարան (ՀՍԽ)

ՀՍԽ-ը ձեւավորվում է յուրաքանչյուր աշխարհագրական ընտրատարածքում անցկացվող տեղային ընտրությունների միջոցով։ Ընտրատարածքները ձեւավորվում են՝
ելնելով քվեարկելու իրավունք ունեցող HyeID քարտատերերի հավասար թվից, հիմնվելով «մեկ մարդ՝ մեկ ձայն» ժողովրդավարական սկզբունքի վրա։ Սփյուռքում բնակվող 18 տարեկանից բարձր տարիքի բոլոր HyeID քարտատերերը կարող են ընտրել կամ ընտրված լինել Հայկական Սփյուռքի Խորհրդարանում։

Այսպիսով՝ ՀՍԽ-ը ապահովում է․

1) Սփյուռքի հայերի «լուռ մեծամասնության» զարթոնքը եւ ներգրավվածությունը

2) գոյություն ունեցող բոլոր հայկական կազմակերպությունների միջեւ սերտ համագործակցության հնարավորությունը

3) Սփյուռքի հայության ներկայացուցչական եւ միասնական ձայնի արտահայտմամբ՝ համահայկական խնդիրների լուծմանը մասնակցելու հնարավորությունը

4) Քվեարկությունների միջոցով հայկական համայնքների տեղային խնդիրների լուծման հնարավորությունը

5) արդյունավետ  քաղաքական ազդեցության ձեւավորումը

6) Հայկական ազգային ինքնության պահպանումը եւ զարգացումը

7) Սփյուռքում, Հայաստանում  եւ Արցախում ապրող հայերի  ազգային նպատակների համակարգումը եւ առաջխաղացումը

8) Հայրենադարձության կազմակերպումը։

«Հայկական Սփյուռքի Խորհրդարանը չի մրցակցելու եւ ոչ մի գործող հայկական կազմակերպության հետ, սակայն լրացնելու է նրանց ջանքերը եւ բազմապատկելու է հայերի ուժերը՝ ուղղված ազգի  առջեւ ծառացած բազմաթիվ բարդ խնդիրների լուծմանը»,- հայտարարել են HyeID վարչության անդամները։

HyeID վարչության անդամներն են

Հարութ Սասունյան, նախագահ (Գլենդեյլ, Կալիֆորնիա),

Հակոբ Նազարյան, փոխնախագահ (Ռանչո Փալոս Վերդես, Կալիֆորնիա),

Լեւոն Թորոս,  փոխնախագահ (Վեսիչեստեր, Կալիֆորնիա),

Ռազմիգ Դ․Ղարախանյան, քարտուղար (Գլենդեյլ, Կալիֆորնիա),

Թոմաս Ալեքսանյան, գանձապահ (Գլենդեյլ,  Կալիֆորնիա),

Հովել Շենորոքյան, վարչության անդամ (Փարիզ, Ֆրանսիա),

Տիգրան Հարությունյան, խորհրդի անդամ (Երեւան, Հայաստան),

Ջոն Է․Շիրաջյան, վարչության անդամ (Գլենդեյլ,  Կալիֆորնիա),

Արամ Տեր-Մարտիրոսյան, վարչության անդամ (Գլենդեյլ,  Կալիֆորնիա),

Մայք Բարոնյան, վարչության անդամ (Թոֆեն, Շվեյցարիա),

Լեւոն Բեկլարյան, վարչության անդամ (Մոսկվա, Ռուսաստան)։

HyeID ղեկավարությունը «կոչ է անում աշխարհի բոլոր հայերին միանալ այս հիմնարար նախաձեռնությանը եւ իրագործել Սփյուռքի հայերի նվիրական երազանքը՝ ստեղծել ժողովրդավարության սկզբունքներով ընտրված միասնական եւ ինքնաբավ կառույց»։

HyeID

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Պ-ն Աբրահամյան , Ուշի ուշով կարդացի , ինքս ինձ վերլուծեցի HyeID վարչության ստեղծման օգտակարության՝ կարելի է ասել նույնիսկ ուշացած ձեռնարկը։ Ողջունելով այն, հարց ունեմ տալու Հարութ Սասունյանին , նախագահին (Գլենդեյլ, Կալիֆորնիա)։
    Հարգելի Պ-ն Սասունյան, տեսնում եմ , որ ԱՄՆ-ի Արևելյան շրջանից ո՛չ մեկն է ընդգրկված այս ձեռնարկի վարչության անդամության ցուցակում։ Չե՞ք կարծում, որ արդյունավերության համար այն կարող է օգտակար լինել։ Թե՞ Արևելյան կողմը , Կենտրոնական Ամերիկան առանձին առանձին պետք է ստեղծեն այդ նույն HyeID և հետո միավորվեն մի մարմնի մեջ։ Շնորհակալություն։

    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031