Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Մի քանի օր է հոսպիտալացման տանը սպասող քաղաքացի չունենք. համակարգի ծանրաբեռնվածությունը մնում է լարված»

Հուլիս 09,2020 14:10

«Այս ընթացքում հաճախ ենք քննարկում, որ կորոնավիրուսի համավարակի համատեքստում որեւէ դրական լուր հաղորդելն այնքան էլ ճիշտ մարտավարություն չէ, որովհետեւ ինչ-որ առումով թուլացնում է մարդկանց զգոնությունը, բայց, այնուամենայնիվ, պարտականություն ունենք մարդկանց իրազեկելու»,-այսօր կառավարության նիստին այսպես դիմեց վարչապետն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ մոտ մեկ ամիս ՀՀ-ում կորոնավիրուսի վարակով տանը սպասող քաղաքացիներ կային, որոնք սպասում էին հոսպիտալացման իրենց հերթին:

Արսեն Թորոսյանը տեղեկացրեց. «Տրիաժ կենտրոն հայտնած եւ տանը սպասող քաղաքացի արդեն մի քանի օր է՝ չունենք եւ ամենօրյա վիճակագրությունը բացասական միտում ցույց չի տալիս: Նաեւ շատ փոքր թիվ ունենք այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը եւ նրանք պետք է տեղափոխվեն հիվանդանոցներ, նրանց թիվը առավոտյան 13 է, օրվա ընթացքում տատանվում է այդ թվի շուրջ: Դա նշանակում է, որ բուժօգնության կարիք ունեցողներին պատշաճ բուժծառայություն է մատուցվում համապատասխան հաստատություններում»:

Նախարարն ասաց՝ համակարգի ծանրաբեռնվածությունը մնում է լարված այնքանով, որքանով այս մարտահրավերը շարունակվում է, վարակի ծավալումը շարունակվելու է մոտակա շաբաթներին եւ ամիսներին. «Վիճակը մնում է կայուն, բայց ծանր: Բացասական միտում չկա, բայց էական դրական միտում էլ չկա»:

Վարչապետն ավելացրեց՝ վիճակն անկանխատեսելի է, եւ չեն կարող ասել, որ վաղը կամ մյուսը նույնքան կայուն կմնա վիճակը:

Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար նոր բաժանմունքներ են բացվում: Այս առնչությամբ Արսեն Թորոսյանն ասաց՝ Սպիտակի բժշկական կենտրոնում կորոնավիրուսով հիվանդների համար ծավալված 120 մահճակալները գրեթե բոլորը զբաղված են, եւ սա նոր ծավալումներից ամենամեծն է, իսկ Մարտունու բժշկական կենտրոնի ծավալումը գրեթե վերջնական է, բայց մի քանի տեխնիկական հարց կա, այսինքն՝ մոտ օրերս վերջնական կլինի. «Վերակենդանացման բաժանմունքների մասով մենք ունենք երեք սպասվող՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Միքայելյան» վիրաբուժության, «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ես «Էրեբունի« ԲԿ վերակենդանացման բաժանմունք երեկ անձամբ եմ այցելել, այն գրեթե պատրաստ է եւ մեկ շաբաթից կծավալվի ամբողջությամբ։ Դա թույլ կտա ընդհանուր պրոֆիլի բոլոր պացիենտներին տեղափոխել այդ նոր բացվող, բայց հարաբերականորեն ավելի փոքր վերակենդանացման բաժանմունք՝ մոտ 25 մահճականալոց։ Եվ այս պահին գործող մոտ 50 մահճակալանոց վերակենդանացման բաժանմունքն ամբողջությամբ տրամադրել կորոնավիրուսային հիվանդությանը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի եւ« Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի նոր վերակենդանացման բաժանմունքների ծավալումը հավանաբար շատ արագ չի լինի, որովհետեւ լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում, դրանք զրոյից են ստեղծվում»:

Ըստ նախարարի, նախնական ժամկետն օգոստոսի կեսն է, մինչեւ սեպտեմբեր ամիս, երբ դրանք լիարժեք կգործեն. «Եվ եթե ենթադրենք, որ ամբողջ աշխարհում ակնկալվում է նաեւ դեպքերի աշնանային աճ, ապա դա շատ տեղին ծավալում է»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Մենք այս ընթացքում ծավալել ենք ռեկորդային թվով թթվածնային կետով կամ կոնցենտրատով 1488 մահճակալներ, ինչը շատ կարեւոր է: Նաեւ վերակենդանացման բաժանմունքների ստեղծումը շատ կարեւոր է, որովհետեւ աշխարհի միտումներն այնպիսին են, որ դեռեւս չկա որեւէ տվյալ, որ այս համաճարակը գնալու է անկման: Մենք ՀՀ-ում առավելագույնը պետք է անենք, որ հասնենք դրան, բայց պետք է հասկանանք, որ աշխարհից կտրված չենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031