Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանը իր մեքենան սխալ տեղ է կայանել, թող սա լինի նոր Հայաստանի ամենամեծ խնդիրը». Ալեն Սիմոնյանը՝ ծառայողական մեքենաների մասին

Հուլիս 09,2020 13:50

«Ծառայողական մեքենաների 60% -ը կրճատվել է, տարբեր գերատեսչությունների՝ փոխնախարարների, հանձնաժողովների նախագահների տեղակալների, ԱԺ ծախսերը կրկին ահռելի մեծ քանակով կրճատվել են: Կրճատվել է բյուջեի վրա ծանրաբեռնվածությունը՝ մոտավորապես 40-60%: Խնայողությունների հաշվին է կրճատվել: Այդ որ ամեն շաբաթ, ամեն ամիս տարբեր ԶԼՄ-ներ իրենց պարտքն են համարում քննարկել պատգամավորներից ով է 100-200 հազար դրամ գումար ստացել, հետո գումարում են իրար եւ վերնագիր ստանում՝ դոլարի վերածելով, այդտեղ, չգիտես ինչու, մոռանում են այն ահռելի ծախսերի՝ բենզինի, թղթի, հոսանքի, գործուղումների, նույն ավտոմեքենաների մասին, որը ԱԺ-ն վերադարձնում է պետական բյուջե, որովհետեւ չի ծախսում»,- այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս է, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում ծառայողական մեքենաների մասին ասում էր. «Ես կուզենամ մեր պաշտոնյաներն ամեն առավոտ կռացած ու կարտոշկի գրուզավիկի նման տեղափոխող գազելներ նստեն ու գնան, ինչպես ստիպում են տարեցներին, կանանց ու դեռատի աղջիկներին», իսկ հիմա իրենք չեն հրաժարվում իրենց ծառայողական մեքենաներից:

Մեր դիտարկմանը՝ ԱԺ-ն 22 ավտոմեքենա է այս ընթացքում կրճատել ու դեռ չգիտենք՝ դրանք նորմալ օգտագործման ենթակա՞ ավտոներ էին, թե՞, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում մեքենաների կրճատման մասին՝«մետալալոմն» են դուրս գրել՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Գնացեք իմացեք: Եթե պահեինք, պիտի ասեիք՝ պահել ենք, հիմա կրճատել են 22 ավտոմեքենա միայն ԱԺ-ն, ասում եք՝ չգիտենք՝ դրանք լա՞վ ավտոներ էին, թե՞ չէ»:

Հարցրեցինք՝ ձեզ ի պաշտոնե ծառայողական մեքենան հույժ անհրաժեշտությո՞ւն է՝ նա պատասխանեց. «Այո, իհարկե: Շատ հաճախ կարիք է լինում մի տեղից մյուս տեղը գնալ՝ սկսած պաշտոնական միջոցառումներից, վերջացրած կոնկրետ գործի հետ կապված, իհարկե: Ես մեքենա ունեցել եմ ամբողջ կյանքում եւ շաբաթ-կիրակի օրերին նույնիսկ աշխատել եմ ծառայողականը նույնիսկ չկանչել: Բայց ես դրա իրավունքն ունեմ, դա կարգավիճակից բխող ամբողջ պետական այրերի համար նախատեսված բան է, որը հեշտացնում է, ավելի մոբիլ է դարձնում աշխատանքը: Եվ դրանից թեմա սարքե՞լ: Ես ուրախ եմ, որ իրականում մենք սա ենք թեմա սարքում ու չենք քննարկում, որ, օրինակ, Ալեն Սիմոնյանն ինչ-որ շենքում 50% փայ ունի, չենք քննարկում, որ Ալեն Սիմոնյանի տղեն մեքենայով ինչ-որ մեկին գցել է ավտոյի տակ ու չի պատժվել: Մեր առօրյայում այլեւս նման խոսակցություն չկա: Ալեն Սիմոնյանը իր մեքենան սխալ տեղ է կայանել, թող սա լինի նոր Հայաստանի ամենամեծ խնդիրը, ես պատրաստ եմ այդ Հայաստանում ապրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031