Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Հայրապետյան․ Ֆիշինգի դեպքում անգամ գաղտնաբառի բարդությունը չի ապահովում զոհ չդառնալուց

Հուլիս 09,2020 12:15

«Վերջին շրջանում բավական շատացել են անձնական տվյալների հետ կատարվող այնպիսի գործողությունները, որոնք անօրինականության կասկածներ են առաջացնում, խոսքը նաև արտահոսքերի մասին է»,- «Արմենպրես»-ում ասուլիսի ընթացքում ասաց արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։

Վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսից մահացած անձանց և կորոնավիրուս ունեցող, բայց այլ պատճառներով մահացած ցուցակների արտահոսք է եղել, նաև կոնտակտավոր անձանց ցուցակներն են հրապարակվել․ «Մեր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ խնդիրը նրանում է, որ որպես կանոն, որ անձնական տվյալների համակարգերի տեխնիկական անվտանգությունը չէ այնքան հարցը, որքան կազմակերպչական միջոցառումների թերի լինելը։ Բոլոր վերոնշյալ դեպքերում մեր էլեկտրոնային առողջապահական օպերատորից ստացված տեղեկատվությամբ պարզ է դարձել, որ այդ համակարգը կիբերհարձակման չի ենթարկվել։ Սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք ի պաշտոնե կամ որևէ այլ պայմաններով հնարավորություն ունեին այս դեպքում տվյալներին հասանելիություն ունենալ և շրջանառել կամ իրավաչափորեն օգտագործել որևէ նպատակով, ինչ-որ մի փուլում մի գուցե ինչ-որ սխալ են թույլ տվել, կազմակերպչական առումով ճիշտ չեն պաշտպանել իրենց էլեկտրոնային հարթակները, ինչը առաջացրել է նման հետևանք»։

Գևորգ Հայրապետյանի կարծիքով՝ այս դեպքերում ֆիշինգ եղանակն է կիրառվել․ «Ֆիշինգի դեպքում չարամիտները՝ հաքերները, կեղծ նամակներ կամ կայքեր օգտագործելու միջոցով ստանում են հասանելիություն մարդկանց իրական էլեկտրոնային փոստերին և պրոֆիլներին տարբեր սոցիալական ցանցերում։ Ըստ էության, նաև դրանով կարողանում են հասանելիություն ստանալ նաև այդ հարթակների բովանդակությանը՝ նամակներ, նամակային գրագրություն, անձնական գրագրություն և այլն։ Եվ ինչո՞ւ է սա կոչվում ֆիշինգ, որովհետև նման է ձկնորսությանը: 90-ականներին է դեռ այս տերմինը շրջանառվել, որովհետև ինչպես ձկնորսը, նրանք նույնպես գցում են կարթը, երբ ձուկը՝ այն մարդը, որն այդ խայծը կուլ կտա և կզոհի իր տվյալները»։

Նա նկատեց, որ ֆիշինգի դեպքում անգամ գաղտնաբառի բարդությունը չի ապահովում զոհ չդառնալուց․ «Մարդը կարող է ստանալ էլեկտրոնային նամակ, որում գրված լինի, որ ֆեյսբուքյան իր էջում որևէ խնդիր կա, և էջը կարող է ապաակտիվացվել, դրա համար անհրաժեշտ է մտնել և հավաքել գաղտնաբառը ու մուտքանունը, որ նման խնդրից խուսափեն։ Այս դեպքում՝ մարդը, եթե մտնում և հավաքում է իր գաղտնաբառը ու մուտքանունը, արտաքինից Ֆեյսբուքի նման էջ է, բայց իրականում, եթե նայեն վերևում հասցեն, կտեսնեն, որ բացարձակ այլ հասցե է։ Սա նշանակում է, որ մարդը ինքնակամ իր գաղտնաբառը, անկախ նրանից, թե ինչքան բարդ կլինի, տալիս է չարագործներին, և դրանով հասանելիություն են ստանում նրա էջին։ Նույնը վերաբերում է նաև էլեկտրոնային փոստերին։ Շատ հաճախ մարդիկ ստանում են նամակներ, որ իրենց որևէ բարեկամ կամ բարեգործ կամ ինչ-որ մի քեռի ինչ-որ մի պայմանական հեռավոր երկրում մահացել է և միլիոնների ժառանգություն է թողել։ Դրա համար անհրաժեշտ է անցնել այս ինչ հղմամբ կամ բացել այս ինչ կայք էջը, լրացնել տվյալներ, ուղարկել նամակ։ Սա նույնպես ուղղված է տվյալների գողությանը, գաղտնաբարի գողությանը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031