Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԴ դատավորներին պետք է ոչ թե առաջադրել, այլ նշանակել, կարծում է ՀՀ նախագահը. «Ժամանակ»

Հուլիս 09,2020 11:03

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին հանդիպել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ: Նախագահը, խոսելով Սահմանադրության կարևորության, հանձնաժողովի աշխատանքների կարևորության մասին, հանձնաժողովի անդամներին է ներկայացրել նաև վերջին երկու տարվա ընթացքում իր փորձով Սահմանադրության մեջ առկա թերությունները, կամ գուցե սխալ կարգավորումները, որոնց բախվել է նախագահական ինստիտուտը։ Որպես մեկ օրինակ, Արմեն Սարգսյանը նշել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության կարգը։ Ըստ Արմեն Սարգսյանի՝ ներկայիս օրենսդրությամբ Հանրապետության նախագահն առաջադրում է ՍԴ դատավորի թեկնածություն, իսկ ընտրում է Ազգային ժողովը: Երկու տարիների ընթացքում նախագահի կողմից առաջադրվել են թեկնածուներ, որոնք այս կամ այն պատճառով մերժվել են նախկին և ներկա Ազգային ժողովների կողմից: Հետևաբար՝ ստացվում է, որ նախագահի ձայնն ունի ոչ էական նշանակություն: Ըստ Հանրապետության նախագահի, որպես հնարավոր լուծման տարբերակ կարող է լինել, օրինակ, այն, որ ՍԴ անդամները ոչ թե ընտրվեն, այլ նշանակվեն։ ՍԴ անդամներից երեքին նշանակի Հանրապետության նախագահը, երեքին՝ Բարձրագույն դատական խորհուրդը, երեքին էլ՝ Ազգային ժողովը:

Նախագահի հետ հանդիպմանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչ անդամները չէին մասնակցում։

ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը, «Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահի առաջարկին, նկատեց, որ նախկինում, այո՛, ՍԴ դատավորների մի մասին նշանակում էր նախագահը, մի մասին՝ Ազգային ժողովը։ Սա, ըստ Սիմոնյանի, ընդունված պրակտիկա է։ Ընդունված պրակտիկա է նաև այն, ինչ որ հիմա կա՝ երբ նախագահն առաջարկում է, իսկ ԱԺ-ն ընտրում է։ Բայց Սիմոնյանը համակարծիք է նախագահի հետ, որ ներկայումս այդ կարգավորումը ձևական է, բայց այդ ձևական լինելը գալիս է այն տրամաբանությունից, որ Ազգային ժողովում կա կայուն մեծամասնության սկզբունքը, որը մտցվեց 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով, և որի տրամաբանությունն այն էր, որ մեկ քաղաքական ուժը բոլոր հարցերով միանձնյա որոշում կարողանար կայացնել։ «Հանրապետականի ժամանակ այդ տրամաբանությունը ներդրվեց, և «Իմ քայլը» խմբակցությունը ներկայումս օգտվում է դրանից։ Արդյունքում եղավ այնպես, որ անկախ նրանից՝ որ մարմինն է թեկնածու ներկայացնում, եթե քաղաքական ուժը չցանկանա, որևէ անձ չի ընտրվի, ինչը եղավ, երբ նախագահը երկու բավականին լավ ճանաչում ունեցող գիտնականների առաջադրեց, սակայն ԱԺ մեծամասնությունը մերժեց՝ առանց որևէ պատճառաբանության։ Այս տեսանկյունից, այո՛, կարգավորումը ձևական է»,- ասաց Սիմոնյանը։

Մեր դիտարկմանը՝ ներկայումս, երբ ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխություններով կայուն մեծամասնության դրույթը վերացվելու է, կարո՞ղ եք ասել, որ դրանով հարցը լուծվում է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մասնակիորեն, այո՛, լուծվում է, և ձևականության տարրը դուրս է մղվում»։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031