Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ պաշտպանի՝ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Վանիկ Ասատրյանը երբեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չի հանդիսացել. «Հայկական ժամանակ»

Հուլիս 09,2020 09:30

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին Ազգային անվտանգության ծառայությունում քննվող ընտրակաշառքի գործով մեղադրանք է առաջադրվել ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալու համար՝ ՀՀ ՔՕ-ի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպաններից Էմին Բեգլարյանն ասաց, որ Ասատրյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել եւ իրեն հայտնի հանգամանքների վերաբերյալ տվել է ցուցմունքներ:

Հարցին՝ Վանիկ Ասատրյանն առերեսվե՞լ է այս գործով մեղադրյալներ Գագիկ Ծառուկյանի կամ Աբրահամ Մանուկյանի հետ, պաշտպանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ առերես հարցաքննություն առհասարակ տեղի չի ունեցել, թեպետ եղել է նրա դեմ ցուցմունք տված անձ. «Մենք միջնորդել էինք, որ գործով անցնող անձանցից մեկի հետ առերեսում կատարվեր, ինչը չի իրականացվել, չնայած, որ մեզ շաբաթ օրը՝ առավոտյան, հրավիրեցին ԱԱԾ, մենք գնացինք, 6 ժամ սպասեցինք, հետո քննիչը հեռախոսազանգով տեղեկացրեց, որ հարցաքննությունը տեղի չի ունենալու»: Ըստ Էմին Բեգլարյանի՝ պատճառն իրենց համար անհասկանալի է, քննիչը չի պարզաբանել, եւ իրենք կարող են ենթադրել, որ եթե առերեսումը տեղի չունեցավ, ապա երկու անձանց ցուցմունքների հակասությունը վերացել է:

Հարցին՝ ո՞վ է անձը, որ ցուցմունք է տվել Ասատրյանի դեմ, պաշտպանը պատասխանեց, որ նա հանրությանը հայտնի մարդ չէ եւ գործով վկայի կարգավիճակ է ունեցել. այս պահին դա փոխվել է թե ոչ՝ իրեն հայտնի չէ. «Նույնիսկ կալանավորման հարցի քննության ժամանակ ես դատարանին միջնորդեցի, որ քննիչից պահանջի եւ գործի նյութերին կցի այդ անձի կողմից ենթադրաբար տրված նոր ցուցմունքի արձանագրության պատճենը, դատարանը պահանջեց, սակայն քննիչը հրաժարվեց՝ ասելով, որ դա նախաքննական գաղտնիք է, ըստ իս՝ եթե այդ երկրորդ ցուցմունքով եւս մեր դեմ որեւէ հանգամանք հաստատվեր, քննիչը դա եւս կներկայացներ, քանի որ կամրապնդեր իր միջնորդությունը, բայց քանի որ չներկայացրեց, կարող ենք ողջամտորեն ենթադրել, որ այլ բովանդակությամբ է եղել, որը ձեռնտու չի եղել իրենց»,- ասաց պաշտպանը:

Ըստ պաշտպանի՝ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Վանիկ Ասատրյանը երբեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չի հանդիսացել, եւ այդ մասով եւս մեղադրանքի որոշման մեջ անհստակություններ կան. «Փորձում են մարդուն վերագրել մի արարք, որը նա չի կատարել. 2017 թ ԱԺ ընտրությունների ժամանակ Սպիտակ քաղաքում գործել են 2 շտաբներ, մեկը՝ «Բարգավաճ Հայաստան»-ինն էր, մյուսը՝ Վանիկ Ասատրյանի՝ որպես ռեյտինգային ընտրակարգով թեկնածուի անձնական շտաբը, դրանք նույնացվել չեն կարող»: Նշենք, սակայն, որ ԱԺ պաշտոնական կայքի համաձայն՝ Ասատրյանը ոչ միայն «Ծառուկյան» խմբակցության անդամ է եղել, այլ նաեւ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության:

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031