Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիոն ռիսկեր, 30-50 տոկոս ուռճացված գին, գնումներ՝ մի ընկերությունից

Հուլիս 09,2020 14:00

Փնտրվում է Փաշինյանի գրառման տակ 65 հազար դրամով թուջե նստարաններ առաջարկող օգտատերը

ԱԺ-ում 2019-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ շատ քննադատվեց Երեւանի քաղաքապետարանի կատարած ծախսերը, մասնավորապես, ընդդիմադիրները կենտրոնացան ծառայողական մեքենաների վրա, քանի որ, իբր եղածները քիչ են, ինչպես ասաց «Լուսավոր Հայաստանից» Արմեն Եղիազարյանը, կորոնավիրուսի այս նեղ պայմաններում քաղաքապետարանը 9.9 մլն դրամ է նախատեսել՝ նոր ծառայողական մեքենա գնելու համար:

Բայց ծառայողական մեքենաները քաղաքապետարանի միակ խնդրահարույց ծախսը չի: Հաշվի առնելով, որ բյուջեի քննարկման ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը չէր եկել, ինքնամեկուսացած էր, նրա փոխարեն զեկուցում էր փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, «Առավոտը» նրանից հետաքրքրվեց, թե ինչու չեն կարողանում քաղաքապետրանի համար «Երեւան» ձուլվածքով թուջե նստարանները ձեռք բերել այն ֆանտաստիկ ցածր գնով, որն ասում էր Նիկոլ Փաշինյանը, ընդ որում, ինչո՞ւ է մատակարար ընկերությունը մնում նույնը՝ ինչ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք էր:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, երբ պատգամավոր էր ու առաջադրվել էր Երեւանի քաղաքապետի թեկնածու, քարոզարշավի ժամանակ ներկայացնում էր Տարոն Մարգարյանի «ատկատները»: Նա հայտարարել էր, որ «Երեւան քաղաքի նստարանները, որ փողոցներում դրված են, մեկ հատը գնվում է 160 հազար դրամով: Մեր փորձագետները գտնում են, որ դա փոխված գին է, կոռուպցիոն ռիսկեր կան»: Փաշինյանը նաեւ հորդորել էր ուշադրություն դարձնել, որ այդ նստարանները ձեռք են բերվում մի ընկերությունից: Այդ ընկերությունը, Փաշինյանի տպավորությամբ, ստեղծված է հատուկ Երեւանի քաղաքապետարանին մատակարարումներ անելու համար: Արտադրվում է միայն այն, ինչ գնվում է Երեւանի քաղաքապետարանի կողմից՝ նստարաններ, կանգառասրահներ, ուղեցույցներ, հասցեի ցուցանակներ եւ այլն. «Ես չեմ ուզում ասել, որ այդ ընկերությունը կզրկվի որեւէ մրցակցային հնարավորությունից, բայց ակնհայտ է, որ այստեղ շատ լուրջ խնայողություններ պետք է արվեն»: Ավելին՝ երբ մենք այդ ժամանակ հետաքրքրվեցինք՝ ձեր փորձագետները որքա՞ն են գնահատել այդ նստարանների գինը եւ «ատկատն», այսպես ասած, որքա՞ն է կազմում՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ այդ նույն նստարանները ֆեյսբուքյան իր գրառման տակ օգտատերերը առաջարկ են արել կառուցել 65 հազար դրամով, 30-50 տոկոսով ուռճացված է գինը եւ հաստատ 160 հազար դրամ չի:

Մենք առիթ ունեցել ենք մեր հրապարակումներում անդրադառնալու, որ հեղափոխությունից հետո Հայկ Մարությանը եւս շարունակում է նույն մատակարարից՝ «Նիկոլ Դուման» ընկերությունից ձեռք բերել նույն նստարանները, դիտահորերի կափարիչները, աղբամաններն ու դրանց վերանորոգման ծառայությունները: Այժմ մեր ձեռքի տակ են այն գնման պայմանագրերը, որոնք կնքվել են այդ ընկերության հետ հեղափոխությունից հետո: Օրինակ, 2019-ի օգոստոսին «Նիկոլ Դուման ԱԿ»-ի հետ Երեւանի քաղաքապետարանի կնքած պայմանագրի համաձայն, բյուջեի հաշվին գնվել է միայն 82 մլն 200 հազար դրամի նստարան: Այդ գումարի շրջանակներում մատակարարել են ընդհանուր առմամբ 500 նստարան, յուրաքանչյուրը՝ 164 հազար 400 դրամ արժեքով:

Մեզ հետ զրույցում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն արդարացավ, որ գնումը մեկ աղբյուրից չէ. «Գնումը տեղի է ունենում գնման ընթացակարգով, բաց մրցույթ է հայտարարվում, այդ մրցույթին մասնակցում են»: Հարցին՝ բա ո՞նց է ստացվում, որ էլի նույն ընկերությունն է մատակարարում՝ փոխքաղաքապետը պատասխանեց. «Հավանաբար այսօր գները շուկայում այդպիսին են, որովհետեւ մրցույթին մարդը գալիս է, մասնակցում է, իր գինն է առաջարկում, դրա վրա մենք որեւէ ազդեցություն, կամ բովանդակություն մեկնաբանելու հնարավորություն չունենք»:

Հարցին՝ այսինքն, հնարավոր չէ այդ նստարաններն իրապես ավելի ցածր գնով ձեռք բերել, սին էին նախկին քննադատությունները, այդպե՞ս է ստացվում՝ փոխքաղաքապետը պատասխանեց. «Նախկին քննադատություններին չանդրադառնալով՝ ընդամենը պետք է փաստեմ, որ մեր բոլոր գնումներն իրականացվում են գնման ընթացակարգերով եւ շուկայի գինն արտացոլվում է այդ գնման ընթացակարգում: Հնարավոր է երեկ լինեին ցանկացողներ դա մատակարարելու x գումարով, այսօր լինեն՝ y գումարով: Այսօր կարող ենք փաստել այսօրվա իրականությունը, որ մրցութային կարգով ձեւավորվել են այդ նախահաշիվները»: Դիտարկմանը, որ փաստորեն հեղափոխությունից հետո չփոխվեց մատակարարը, նորից նույնն է՝ փոխքաղաքապետն արձագանքեց. «Դուք փաստն եք արձանագրում»: Այսինքն, Փաշինյանի իշխանությունը, ոչ միայն խնայողություն չարեց այս հարցում, ինչպես խոստացել էին, այլեւ իր իսկ խոսքերով՝ «հատուկ Երեւանի քաղաքապետարանին մատակարարումներ անելու համար ստեղծված այդ ընկերությունը» շարունակում է հանրային իշխանությունների համար անփոխարինելի մատակարար լինել: Որոշ դեպքերում ընկերությանը բարեգործական գործարքներով ազատել են ԱԱՀ-ից:

Օրինակ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի 2019-ի նոյեմբերի 8-ի 758-Ա որոշմամբ՝ «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է նստարանների եւ աղբարկղերի մատակարարում` 3 մլն 442 հազար դրամի չափով, բարեգործական ծրագրի մաս է համարվել, հետեւաբար, այդ մատակարարումը առանց ավելացված արժեքի հարկի է եղել: Նույն որոշմամբ, «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված՝ N 26/09/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լուսասյուների մատակարարում` 675,000 դրամի չափով, նույնպես առանց ԱԱՀ-ի եղել: Ավինյանի՝ 2019-ի օգոստոսի 5-ի N 482-Ա որոշմամբ «Նիկոլ Դումանի» հետ մեկ այլ գործարք, որով ձեռք է բերվել 1,687,500 դրամի չափով լուսասյուներ, նորից բարեգործական գործարքի հիմքով առանց ԱԱՀ-ի եղել:

Մենք ուսումնասիրեցինք այս ընկերության բարեգործական ծրագրի գործարքներից մեկը, այս անգամ՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ կնքված: Ըստ պայմանագրի, ընկերությունը Մայր աթոռի տարածքում գտնվող նախկին քաղաքային այգու համար տրամադրել է 19 հատ 2 LED լուսամփոփերով լուսասյուներ՝ 3 մլն 40 հազար դրամով ու դարձյալ՝ առանց ԱԱՀ-ի: «Նիկոլ Դուման» ընկերության կայքում 3 մետրանոց 2 լուսամփոփով նման լամպերի գինը նշված է 198 հազար դրամ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031