Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է քաղաքացին դատավորի դեմ հաղորդմամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազին, իսկ փաստաբանը`ԲԴԽ

Հուլիս 09,2020 13:00

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մուրադ Ասրյանը տեղեկացրեց, որ իր վստահորդ Անահիտ Վարդանյանը  հանցագործության մասին հաղորդմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, իսկ Բարձրագույն դատական խորհուրդ էլ ինքն է դիմել՝ դատավոր Սիմիզար Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Քաղաքացին իր հաղորդմամբ տեղեկացրել է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ս. Հովսեփյանի նախագահությամբ 2018թ. հունվարի 23-ից մինչեւ 2019թ. հոկտեմբերի 8-ը քննվել էր ԵԱՔԴ/3914/02/17 քաղաքացիական գործը բանկերից մեկի, Ռուբեն Աբրամյանի, «Ֆլորես Աճուրդի տուն» ՍՊԸ-ի դեմ` Արաբկիր համայնքի Կոմիտասի պողոտայի թիվ 38-րդ շենքում գտնվող, համասեփականության իրավունքով պատկանող իր բնակարանի աճուրդն անվավեր ճանաչելու, որպես հետեւանք բնակարանի առուվաճառքի պայմանագիրը եւ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, եւ գույքը ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջների մասին:

Դատավորը բավարարել է քաղաքացու կողմից ներկայացված հայցի ապահովման միջնորդությունը եւ որոշել է արգելանք դնել բնակարանի  վրա, մինչեւ հարցի վերջնական լուծումը:

Սակայն 2019թ. հոկտեմբերի 21-ին` իրենց հայցը մերժելու վճռի մասին տեղեկանում են 2019թ. նոյեմբերի 19-ին` «datalex.am» տեղեկատվական համակարգից եւ 2019թ. դեկտեմբերի 16-ին վճիռը փաստաբան Մուրադ Ասրյանը բողոքարկում է վերաքննիչ քաղաքացիական դատարան, այսինքն` օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում: Դա նշանակում էր, որ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասը` հայցի ապահովման միջոցը` արգելանքը դրված Երեւան քաղաքի Արաբկիր համայնքի Կոմիտասի պողոտայի թիվ 38-րդ շենքում գտնվող բնակարանի վրա, պետք է պահպանված լիներ մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Գլխավոր դատախազին տեղեկացվում է, որ դատավորը 2019թ. դեկտեմբերի 16-ի վճիռը վավերացրել է երկրորդ կնիքով` հավաստելով, որ այն մտել է օրինական ուժի մեջ  եւ այն տրամադրել է պատասխանող Ռ. Աբրամյանին, վերջինս էլ այն ներկայացրել է ԴԱՀԿ:

Հարկադիր կատարողը դեկտեմբերի 24-ին որոշել է վերացնել բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքը: Պատասխանողը բնակարանը վաճառում է Վահան Հակոբյանին, նա էլ իր հերթին` այս տարվա ապրիլի 2-ին վաճառում է Վիոլետա Հակոբյանին:

Մինչ բողոքաբերը` Անահիտ Վարդանյանն իր դատական իրավունքներն էր պաշտպանում, հայցվոր կողմի բնակարան է գալիս մեկը, որը հայտնում է բնակարանի վաճառքի մասին:

Փաստաբան Մուրադ Ասրյանը վերջերս` հունիսի 2-ին դիմել էր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, պարզել, որ բնակարանն իրականում վաճառվել էր:

Ըստ նրա, բնակարանը օտարվել է երկու անգամ: Մեկը դատավորի որոշմամբ, մեկը` հարկադիր կատարողի: Փաստաբանն «Առավոտին» երեկ ասաց, թե պատասխանող Ռուբեն Աբրամյանի վերաբերյալ առկա է քրեական գործ: Փաստաբանն ակնկալում է, որ գլխավոր դատախազն իրավական գնահատական կտա, ինչպես դատավորի, այնպես էլ հարկադիր կատարող Էդգար Ղազարյանի գործողություններին:

«Գտնում ենք, որ դատավորի կողմից թույլ տրված խախտումն ակնհայտ է եւ կոպիտ, եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված էական խախտում է:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ 1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտումը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որեւէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը (…)»:

Փաստաբանը վկայակոչել էր նաեւ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասը, համաձայն որի  դատավորի լիազորությունները` Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, կարող են դադարեցվել էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում:

Մուրադ Ասրյանն «Առավոտին» ասաց. «Օրինական ուժի մեջ չմտած վճռին օրինական ուժ տալու վավերացման կնիքը, գտնում ենք՝ որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոնշյալ իրավական նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտում, քանզի դրա առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որեւէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումից ուղղակիորեն բխում է, որ վերաքննիչ բողոքարկման իրավունքով օժտված սուբյեկտներն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում վերաքննիչ բողոք են բերում առաջին ատյանի դատարանի` անմիջական կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի դեմ, որպիսին հանդիսանում է վճիռը։ Հետեւաբար, վերաքննիչ բողոքարկման օբյեկտը կամ օբյեկտային նախադրյալը դատական ակտն է, որի դեմ բողոքարկման սուբյեկտիվ իրավունքը կրողը բերում է բողոք՝ վիճարկելով դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը եւ նպատակ հետապնդելով չեղարկելու դրա բացասական եւ ոչ իրավաչափ իրավական հետեւանքները։ Այսինքն, դատական ակտի բողոքարկումը, հանդիսանալով արդար դատաքննության իրավունքի դատական պաշտպանության միջոց, միաժամանակ ուղղված է եւ սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությանը, եւ վիճարկվող դատական ակտի իրավական գործողությունը բացառելուն։ Ընդսմին, բողոքարկումն ու բողոքը վարույթ ընդունելու հանգամանքներն ինքնին բացառում են դատական ակտի իրավական գործողությունը զուտ այն պատճառով, որ այն օրինական ուժի մեջ չի մտնում։ Հարկ է նշել, որ դատական ակտի դեմ բողոք բերելը ոչ միայն բացառում է օրենքով սահմանված ժամկետում այդ ակտի ուժի մեջ մտնելու հնարավորությունը, այլեւ հանդիսանում է իրավական որոշակիության ապահովման կառուցակարգ այն իմաստով, որ տվյալ պարագայում նաեւ բացառում է նույն նյութական իրավահարաբերությունների կարգավորմանն ուղղված տրամաբանորեն հակասող հրամայական եզրահանգումների գոյությունը։ Դատավորի կողմից վճռի վավերացումը երկրորդ կնիքով միանշանակ պետք է դիտարկել ոչ իրավաչափ գործողություն, քանզի դատական ակտի դեմ բողոք բերելը բացառում է այդ ակտի կիրարկումը, ինչը նշանակում է, որ այդ ակտը չի օժտվում նաեւ բացառիկության, անհերքելիության, նախադատելիության, պարտադիրության եւ կատարելիության հատկանիշներով։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել նաեւ, որ դատակցության պայմաններում, եթե դատակիցներից թեկուզեւ մեկը բողոք է բերում դատական ակտի դեմ, ապա դատական ակտի օրինական ուժի հատկանիշները վրա չեն հասնում` անկախ վերաքննիչ բողոքարկման իրավունքի մյուս սուբյեկտների կողմից բողոք բերած չլինելու հանգամանքից»։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է, դատավորն իրազեկ չէր մակագրությանը, առկա է տեխնիկական խախտում, փաստաբանն ասաց` դատավորը պարտավոր էր տեղյակ լինել վճռի օրինական ուժի մեջ մտնելու մակագրության առկա իրավական կանոնակարգումներին եւ դրանք խախտելու հնարավոր հետեւանքներին: Նրա դիտարկմամբ, դատավորը փաստացի կասկածի տակ է դրել դատական համակարգի աստիճանակարգությունն ու ատյանային գործառութային գործունեության արդյունավետությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031