Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի օպերային թատրոնների «համավարակային» գործունեությունից մինչեւ «Մետրոպոլիտեն» ու Երեւանի թատրոն

Հուլիս 09,2020 12:30

Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Մկրտիչ Բաբաջանյանի հետ

– Պարոն Բաբաջանյան, համավարակի շրջանում մեր երկրորդ հանդիպումն է։ Համոզված ենք, որ դուք շուրջ 20 տարի բնակվելով եւ ստեղծագործական գործունեություն ծավալելով Գերմանիայում, այսօր էլ կապի մեջ եք ձեր նախկին  գործընկերների հետ։ Իսկ ինչո՞ւ է մեզ հատկապես հետաքրքրում Գերմանիան, որովհետեւ դա այն երկիրն է, որը ցանկացած ճգնաժամի դեպքում նույնիսկ կարեւորում է մշակութային կյանքը եւ աջակցություն ցուցաբերում։ Վերջին շրջանի հայտնի դեպքերից է, երբ, կոնկրետ թատրոնների դեպքում՝ ֆինանսական աջակցության խնդիրը վերածվել էր լինել-չլինելու խնդրի, երկու տարբեր քաղաքների փակման եզրին կանգնած թատրոնները երկրի պառլամենտի նախաձեռնությամբ միավորվեցին եւ այդ առիթով հատկացվեց ոչ փոքր գումար՝ 21 մլն եվրո։ Ընդ որում՝ ոչ մի արվեստագետ գործազուրկ չդարձավ։ Համավարակի օրերին էլ Գերմանիան մշակույթին տրամադրեց շուրջ 50 մլրդ եվրո, յուրաքանչյուր արվեստագետի հատկացնելով  5-6 հազար եվրո։ Մինչ արտասահմանյան ԶԼՄ-ներում  հրապարակելը դուք «Առավոտին» հայտնեցիք, որ մայիսի 18-ից վերաբացվում է Վիսբադենի օպերային թատրոնը։ Վերջերս ձեր թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանը մեզ փոխանցեց մաեստրո Օրբելյանի խոսքը, որը մեկուսացած է իր ծննդավայրում՝ Սան Ֆրանցիսկոյում։ Նա ասել էր՝ երբ աշխարհում որեւէ օպերային թատրոն գտնի անվտանգ եւ ապահով աշխատելու եղանակը, մենք կհետեւենք այդ օրինակին։

– Ես մշտապես կապի մեջ եմ գերմանացի իմ գործընկերների հետ, նպատակս է տեղեկություններ հավաքել, քաղել լավագույն փորձը ու այն տեղայնացնել մեր թատրոնում։ Վերջին շրջանում Գերմանիայում թիվ մեկ խնդիրը երգչախմբի փորձերը վերսկսելն է։ Այդ առիթով թատրոնների ղեկավարները համագործակցում են գիտնականների հետ եւ այդ առիթով լույս են տեսել բազմաթիվ հոդվածներ։ Կրկնում եմ՝ թիվ մեկ խնդիրը եղել եւ մնում է երգչախմբերի աշխատանքը։ Օրերս հեռակապով զրուցում էի «Karls Rue» թատրոնի ղեկավարներից մեկի հետ։ Նա ասաց, որ կոնկրետ իրենց թատրոնի երգչախումբը վերսկսել է փորձերը ոչ թե բեմում, այլ հանդիսասրահում, որտեղ վեց աթոռը մեկ տեղ է զբաղեցրել երգչախմբի մեկ արտիստ։ Մի թատրոնում էլ տեղադրել են պոլիէթիլենային խորանարդներ երգչախմբի յուրաքանչյուր արտիստի համար։ Թվարկածս երկու տարբերակներն էլ իրենց չեն արդարացրել։ Հասկանալի է, որ նման փորձարկումները արդյունք չեն տա, քանի որ շուրջ 80 արտիստից բաղկացած երգչախմբի ձայները չեն կարող ձուլվել։ Այդուհանդերձ, Գերմանիայում եւ եվրոպական մի շարք երկրներում իրենց գործունեությունն են վերսկսել բացօթյա փառատոները, որոնց ժամանակ համերգային կատարմամբ մատուցվում են նաեւ ամբողջական օպերաներ։ Գերմանացի երաժիշտները կազմել են, այսպես կոչված, խմբավորումներ եւ կոչ են անում համախմբվել, «խելք-խելքի տալ, տեսնել՝ ինչ ենք անում»։ Ցավով պետք է նշեմ, բայց իրականությունը հետեւյալն է. թատրոնները մեծ հաշվով պարզապես անկում են ապրում։ Բայց, ասենք, Վիեննայի օպերան վերջերս սկսել է Պուչինիի «Տոսկայի» փորձերը. առայժմ միայն մեներգիչների հետ եւ դաշնամուրի նվագակցությամբ։ Արտիստներին պարտադրում են փորձերն անցկացնել միայն դիմակներով, որոնք ստեղծվել են պլաստիկ նյութից՝ հատուկ երգիչների համար։ Նման ճոխություն իրենց կարող են թույլ տալ ֆինանսապես ապահով թատրոնները։ Բերածս օրինակը բացառությունների շարքից է։ Համաճարակի այս շրջանում յուրաքանչյուր երգչի կամ երաժշտի համար, լինի դա, ինչպես լրագրողներդ եք սիրում հաճախ նշել՝ հայտնի, աշխահահռչակ, անվանի…, երջանկություն է ելույթ ունենալը՝ անկախ տեղից, ձեւաչափից։ Օրինակ, հռչակավոր Մետրոպոլիտեն թատրոնի նվագախմբի երաժիշտները, համաճարակով պայմանավորված, կամերային կազմերով հանդես են գալիս փողոցում։

– Հիմա վերադառնանք Երեւան։ Իհարկե, հետեւում ենք մեր թատրոնների առցանց գործունեությանը։ Մեր դիտարկմամբ՝ ձեր թատրոնն իր առցանց գործունեությունը սկսեց ապրիլի 24-ին՝ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգով։ Վերջինը Սահմանադրության օրվա առիթով էր։ Նշենք, որ հիանալի եւ գրագետ էր կազմված ծրագիրը. մեներգիչների կատարմամբ հնչեցին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Օրերս մեր հարգարժան ռեժիսոր Ռուբեն Բաբայանը առանց մանրամասնելու նշեց թատրոնները վերաբացելու անհրաժեշտության մասին, շեշտելով, թե հանրությունն առանց մշակույթի պարզունակ է դառնում, ավելի շատ զբաղվում է քաղաքականությամբ։ Մեր թատերասեր հանրությունն էլ դեռեւս հիշում է 1990-ականների կեսերին «Զվարթնոց» տաճարի ավերակներում կայացած օպերային թատրոնի երկու ներկայացումները՝ Դոնիցետիի «Պողիկտոսը» եւ Տիգրանյանի «Անուշը»։ Ընդ որում, նրանք տպավորված են անցյալ տարի թատրոնի տանիքում մեներգիչների մասնակցությամբ կայացած համերգից։ Գուցե այս ընթացքում դուք է՞լ անցնեք բացօթյա ձեւաչափով միջոցառումների։

– Դուք կանխեցիք իմ խոսքը։ Այո, մաեստրո Օրբելյանի հետ քննարկումների արդյունքում պատրաստ ենք սկսել, այսպես կոչված՝ մեր բացօթյա գործունեությունը թատրոնի տանիքում, իհարկե՝ սահմանափակ թվով հանդիսատեսի ներկայությամբ։ Բայց նախ պետք է ունենանք պարետի թույլտվությունը, հետո անհրաժեշտ է բեմ կառուցել։ Եթե ամեն ինչ նախատեսվածով ընթանա, երեկոները կանցնեն միայն դաշնամուրի նվագակցությամբ… Չի բացառվում, որ երգիչներին նվագակցեն եւ առանձին համարներով հանդես գան նաեւ մեր նվագախմբի երաժիշտներից կազմված կամերային անսամբլներ։ Փոքր շինարարական աշխատանքներից բացի, անհրաժեշտ է նաեւ երկու պրոֆեսիոնալ տեսախցիկ՝ կայացած երեկոները առցանց լայն հասարակությանը ներկայացնելու համար։ Այ, այս դեպքում արդեն անհրաժեշտ է նախարարության կողմից աջակցություն, ինչի առիթով չենք կասկածում։

– Վերադառնանք թատրոնի բալետային խմբին, որի առցանց գործունեությանը դեռեւս չենք հանդիպել։

– Մեր թատրոնի բալետային խումբը պահպանելով պարետի ցուցումները, անցկացնում է փորձեր եւ շատ շուտով՝ հուլիսի վերջերին, թատրոնի ֆեյսբուքյան էջում մեր հանդիսատեսը կվայելի ոչ միայն մեներգիչների, այլեւ բալետի արտիստների ելույթը։

– Հետաքրքիր է՝ բալետի արտիստները դիմակներո՞վ են հանդես գալու։

– Դա էլ թող մնա իբրեւ անակնկալ։ Մի բանում մեր հանդիսատեսը թող համոզված  լինի. թատրոնը սեպտեմբերից սկսելու է ակտիվ գործունեություն՝ մեկ «բայց»-ով. եթե թույլատրվի բացօթյա ձեւաչափը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031