Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ կորոնավիրուսը փրկեց ավելի շատ մարդկանց, քան՝ սպանեց

Հուլիս 09,2020 13:30

Փոքր եւ մեծ տնտեսությունների փլուզում, ֆինանսական մարկետի կործանում, կրթական համակարգի դադարեցում, քաղաքական ճնշում, գործազրկություն, հանցագործության աճ, սով եւ 400 հազարից ավելի մահ։ Կարիք չկա նորից խոսել համավարակի հետեւանքների մասին, այդ ամենից տեղյակ ենք յուրաքանչյուրս՝ ամեն ժամ թարմացվող նորություններից։ Եվ եթե համոզված եք, որ սրանից ավելի վատ բան առնետի տարին՝ 2020-ը, ուղղակի չէր կարող պատրաստել ձեզ համար, կարծում եք, թե սա ձեր պատկերացրած ամենասարսափելի մղձավանջն է ու ձեր նորմալ կյանքի վերջը, ապա ես ուզում եմ ցույց տալ մետաղադրամի հակառակ կողմը։ Եկեք մի պահ վերհիշենք՝ ինչպիսին էր կյանքը կորոնավիրուսից առաջ. առավոտյան աշխատանքի շտապող գործարարներ, դպրոց վազող աշակերտներ, ապագային շտապ հասնել ցանկացող գիտնականներ, իրար հետ մրցող քաղաքական գործիչներ, բնության մեջ էներգիայի եւ այլ պաշարներ հայթայթող մասնագետներ:

Նրանք բոլորը մի ընդհանրություն ունեին, շտապում էին: Շտապում էին աշխատանքի, դասի, հանդիպումների, ամենահզորը դառնալուն եւ մեր երազած թվային ապագային հասնելուն։ Եվ այդ ամենը մի կերպ հասցնելու համար կարծես թե ժամանակ չէր մնում իսկապես ազատ շնչելուն։ Ահա այսպես, 21-րդ դարը ստիպեց մեզ մոռանալ մի քանի կարեւոր արժեքներ՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը, երազելը,  ինքներս մեզ արժեւորելը եւ մայր բնությանը  երախտագետ լինելը։ Համավարակը «բռնությամբ» դադարեցրեց այս գլխակորույս վազքը եւ հնարավորություն տվեց վերածնել ամենաթանկ արժեքները։

Այսօրվա ամենամեծ խնդիրներից մեկը՝ ժամանակի սղության պատճառով ընտանիքի, հարազատների հետ հաճախ շփվելու հնարավորությունից զրկված լինելն էր, ինչը շատերիս մոտ առաջացնում էր տխրություն, սթրես եւ այլ տհաճ զգացողություններ: Շնորհիվ համավարակի, որը տանը մնալուց բացի, ուրիշ տարբերակ մեզ չթողեց, հնարավորություն ստացանք մեր ընտանիքները վերամիավորելու, միմյանց սերը վայելելու եւ իրար նկատմամբ հոգատարություն ցուցաբերելու:

Աշակերտները ավելի մեծ «ազատություն» ստանալով, հնարավորություն ունեն իրենց իսկ ուզածով զբաղվել. շատերը ազատ ժամանակ ունենալով՝ նոր հետաքրքրություններ ու հմտություններ են բացահայտում՝ դպրոցական պլանից դուրս գրքեր կարդալով, ֆիլմեր նայելով, սեփական նախաձեռնությամբ փորձեր անելով։ Եվ այսպես, այն համակարգի դադարեցումը, որը բոլորիս դաստիարակում էր նույն սկզբունքով, կխթանի ավելի տարբերակված տաղանդներով ու ձգտումներով անձանց ձեւավորմանը։ Այս պնդումը վերաբերում է ոչ միայն աշակերտներին, այլեւ յուրաքանչյուր աշխատողի, ով աշխատանքի դադարեցման պատճառով փորձում է տիրապետել նոր հմտության։

Վերջապես, համավարակը ստիպեց «բացել մեր աչքերը» բազմամյա կարծրատիպեր քննարկելու եւ մեր իսկ մտածելակերպը փոխելու համար։ Այժմ  տեսնում ենք, որ ամենահզոր երկրներից մեկը՝ օրինակ՝ Միացյալ Նահանգները բավարար հզոր չեղավ իր ժողովրդին կազմակերպված առողջական աջակցություն ցուցաբերելու համար։ Հասկացանք, որ բնությունը եւ մթնոլորտը աղտոտելու, կենդանատեսակներին ոչնչացնելու, մեր հիմնական կարիքների՝ սննդի, ջրի, օդի որակազրկման բոլոր արդարացումները սուտ էին եւ հիմնված միմիայն անհատական շահույթի վրա, քանի որ բոլորս էլ տեսնում ենք, թե ինչպես է վերածնվում մայր բնությունը՝ Վենետիկի ջրանցքներն են  ինքնամաքրվում, գլոբալ անտառավերականգնում է տեղի ունենում, օզոնային շերտն է հավասարակշռվում եւ այլն։ Հասկացանք նաեւ, որ թեեւ ամենահզոր եւ ամենահարուստ երկրները կամ անձինք բացարձակապես հավասար են ամենաթույլերին ու աղքատներին, երբ կանգնած են բնական աղետի եւ փլուզման շեմին։

Ճիշտ է, այսօր շատ մարդիկ տառապում են համավարակի ծանր հետեւանքներից եւ շատերն իրենց կյանքն են կորցնում եւ աս ամենը անբացատրելիորեն ցավալի է, բայց եկեք մի պահ նորից շրջենք մետաղադրամն ու մտածենք՝ արդյոք աշխարհը այս ընդմիջման կարիքը իսկապես չուներ։

Սյուզանա ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031