Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը մերժել է որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը

Հուլիս 08,2020 23:11

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշված է, որ Եվրոպական դատարանը որոշել է չկիրառել միջանկյալ միջոց, որը  պահանջել էին Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք անդամները՝ երկրի Սահմանադրությունում վերջին փոփոխությունների առնչությամբ: Ըստ տեղեկատվության՝ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորներն ակնկալում էին, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնց հիման վրա Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը՝ դատավորների պաշտոններից:

ՄԻԵԴ-ը հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, որը փոփոխվել է 2015թ., ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, իսկ ՍԴ նախագահինը՝ 6 տարի: Միևնույն ժամանակ, անցումային դրույթներով նախատեսված էր, որ ՍԴ դատավորները, որոնք նշանակվել էին մինչև սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը, պաշտոնավարելու են հին կարգով, իսկ ՍԴ նախագահը պետք է պահպաներ մանդատը մինչև կենսաթոշակի անցնելը: Վերջերս Սահմանադրական փոփոխություններից հետո որոշում է կայացվել ՍԴ դատավորների համար սահմանել պաշտոնավարման 12-ամյա ժամկետ՝ անկախ նրանից, թե երբ են նրանք նշանակվել, ինչպես նաև սահմանափակել ՍԴ նախագահի պաշտոնավարումը 6 տարով: ՄԻԵԴ-ը նաև մանրամասնում է, որ այս հարցով նախատեսված հանրաքվեն տեղի չի ունեցել համավարակի պատճառով, ուստի փոփոխությունները հաստատվել են ՀՀ խորհրդարանի կողմից, որոնք էլ ուժի մեջ են մտել հունիսին:

Հաղորդագրության համաձայն՝ Եվրադատարանը մերժել է հայցվորների պահանջը այն հիմքով, որ այն չի պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված ցանկացած առանցքային իրավունքին լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031