Լրահոս
Օրվա լրահոսը

Նաթանզի միջուկային օբյեկտում կասկածելի պայթյունը և Իսրայելի գործոնը՝ Իրանի դեմ պայքարում

Հուլիս 08,2020 23:23

Հինգշաբթի, 2020 թ․-ի հուլիսի 2-ի առավոտյան, երկու պայթյուն ցնցեց Իրանի կենտրոնական՝ Նաթանզի ատոմական օբյեկտը: Պայթյուններ, որոնք ոչնչացրել են ցենտրիֆուգների հավաքման բլոկը «Շահիդ Ահմադի Ռոշանի» ուրանի հարստացման կենտրոնում։ Իսլամական հանրապետությունում պաշտոնատար անձինք սկզբում փորձեցին ձևացնել, որ պայթյուններն ու դրանց պատճառած վնասներն նվազ են, բայց պայթյունի վայրից հրապարակված արբանյակային պատկերները ցույց են տալիս դրա ծանրությունն ու ծավալը: Դեպքին անմիջապես արձագանքեցին Արևմտյան և հատկապես իսրայելական ԶԼՄ-ները և նույնիսկ իսրայելցի քաղաքական փորձագետ Իդի Քոհենը իր թվիթերում կատարած գրառման մեջ հայտարարեց, որ Նաթանզում պայթյունը պայմանավորված է իսրայելական F-16 կործանիչների ռմբակոծմամբ:

Իսրայելցի ռազմական փորձագետները նշում են, որ Նաթանզի միջուկային օբյեկտում պայթյունի պատճառը եղել է այն, որ շենքի ներսում տեղադրված ռումբի պայթյունը առաջացրել է այդպիսի լուրջ վնասներ և կրակ, այլ ոչ թե օդային հարվածը:

Հաշվի առնելով՝ Նաթանզի օբյեկտին օդային հարվածներ հասցնելու համար առանց հարձակողական ուղու վրա տեղակայված Իրանի օդային պաշտպանական համակարգերը ոչնչացնելու, իսրայելական ռազմաօդային ուժերի ոչ ռադարախույս (F-15I Ra’am) հարվածային ռմբակոծիչները, նաև F-35I ռադարախույս կործանիչները առանց օդում բենզինալիցքավորման չեն կարող Իրանի կենտրոնական Նաթանզի ուրանի հարստացման միջուկային օբյեկտի վրա հարձակում իրականացնել։ Հետևաբար` Իրանի ուրանի հարստացման միջուկային օբյեկտի դեմ իրականացված հարձակման պատճառը կարող է լինել համակարգչային վիրուսային հարձակում (կիբերհարձակում), պայթուցիկ սարքի տեղադրում ցենտրիֆուգների օբյեկտի ներսում և համատեղ դիվերսիոն գործողություններ, որոնցում էական դեր կարող են խաղալ իսրայելական հատուկ ծառայությունները, ինչպիսիք են Իրանում Մոսադը կամ նրանց գործակալները:

Դեպքից անմիջապես հետո, չնայած Իրանում լրահոսի խիստ սահմանափակումներին, իրանիցի երկու պաշտոնյաներ «Ռոյթերս»-ին հայտնել են, որ «Իսրայելը կանգնած է այս հարձակումների հետևում»: Իհարկե, նրանք որևէ ապացույց չեն ներկայացրել իրենց հայտարարությունը հիմնավորելու համար:

Ակնհայտ է, որ վերջին տարիներին Իրանի և Իսրայելի միջև կիբեր պատերազմը շարունակվել է ամենատարբեր ուղղություններով, բայց ոչ մի դեպքում կողմերը պատասխանատվություն չեն կրում միմյանց վրա կիբերհարձակում իրականացնելու համար: Սակայն, հիմնավոր կասկածներ կան Իրան-Իսրայել կիբեր հարձակումների և դիվերսիոն գործողությունների վերաբերյալ։

Վերջին շաբաթների ընթացքում Իրանում տեղի են ունեցել բազմաթիվ հրդեհներ և պայթյուններ, որոնց պատճառները համոզիչ չեն եղել: Այդ թվում Թեհրանի արևելքում գտնվող Խոջիրի շրջանում հրթիռներ արտադրող գործարանի հարևանությամբ տեղի ունեցան կասկածելի պայթյունները, որը Իսլամական հանրապետության պաշտոնյաները բնութագրեցին, որպես «արդյունաբերական գազի պայթյուն Փարչինի ընդհանուր տարածքում»:

Որոշ միջազգային դիտորդներ ենթադրում են, որ Նաթանզում տեղի ունեցածը կարող է կապված լինել Իսրայելի դեմ Իրանի կիբերհարձակումների հետ, վկայակոչելով Իրանի կողմից Իսրայելի քաղաքային ջրային օբյեկտների վրա կիբերհարձակում նախաձեռնելու վերջին ջանքերը՝ ջրի մեջ քլորի մակարդակի բարձրացնելու համար:

Իհարկե, իսրայելական լրատվամիջոցները փորձել են Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած պայթյունը կապել Իսրայելի գործակալների դիվերսիոն գործողության հետ, սակայն Իսրայելի պաշտոնատարները նախընտրել են լռել այդ մասին: Իսրայելի որոշ քաղաքական շրջանակներ և ԶԼՄ-ներ փորձում են այդ դեպքը ներկայացնել այնպես, որ Իրանում տեղի ունեցող բոլոր, ներառյալ՝ Փարչինի, Զարգանի, Խոջիրի իրադարձությունները կատարվել են դիվերսիոն գործողությունների արդյունքում, սակայն նրանք նաև զգուշանում են Իրանի պատասխան գործողություններից, միևնույն ժամանակ զգուշացնելով Իրանին, ուրանի հարստացման գործում շատ առաջ չգնալ:

Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ Նաթանզի պայթյունը չի խանգարի Իրանին ուրան հարստացնել: Նա ասել է. «Նաթանզի համալիրում վնասված բլոկը վերականգնելու կապակցությամբ անհրաժեշտ որոշումները կայացվել են»:

Քամալվանդին հայտարարել է, որ նախատեսվում է համալիրում կառուցել ավելի մեծ բլոկ: Այդ կապակցությամբ մանրամասներն առաջիկայում կներկայացվեն հանրությանը: Իրանի նման դիրքորոշումը վերջին դեպքի կապակցությամբ ցույց է տալիս, որ Իրանն որոշել է ամեն գնով շարունակել ուրանի հարստացման գործընթացը և այդ ուղղությամբ անհրաժեշտ նախատեսումներն ու ենթակառուցվածքները պատրաստվել են, որոնք հնարավոր է ցանկացած հարվածից կամ վնասից հետո փոխարինել նոր սարքավորումներով։

Իսկ Իրանի միջուկային գործունեության և հրթիռային ծրագրի, ինչու չե նաև տարածաշրջանային պրոքսի պատերազմները կանխելու ուղղությամբ տարվող ջանքերի ֆոնին, վերջերս ԱՄՆ կառավարությունը ձգտում է Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն օգտագործել ձգանի մեխանիզմը Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու և տնտեսական ճնշումները մեծացնելու համար: Եվրոպացիները և ընդհանուր առմամբ, միջազգային հանրությունը սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքին, որպեսզի այնուհետև կարողանան լուծել իրենց տնտեսական և անվտանգության հարցերը Իրանի և ԱՄՆ-ի հետ: Իսլամական հանրապետությունը նույնպես առանձին հաշիվ է բացել ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի պարտության վրա, որը փաստորեն չի համապատասխանում իրականությանը: Եվրոպացիները հնարավոր է կարողանան ստանալ Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների համաձայնությունը, որպեսզի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո, մի առ ժամանակ կարողանան հետաձգել Իրանի զենքի էմբարգոն դադարեցնելու որոշումը: Սակայն, այս բոլորը չի նպաստում Իսրայելի շահերին և անվտանգության ապահովմանը տարածաշրջանում։ Իսրայելը համոզված է, որ Իրանի կողմից ուրանի հարստացման գործողությունը, ի վերջո կհանգի Թեհրանի միջուկային զենքի ձեռքբերմանը և Իսլամական Հանրապետությունը չի վարանի այն օգտագործել Իսրայելին հարվածելու համար։ Իսրայելի կողմից Սիրիայում Իրանի ԻՀՊԿ-ի և Իրանի կողմից հովանավորվող շիական խմբերին հասցրած ռազմական հարվածները չեն կարողացել դադարեցնել՝ Սիրիայի, Լիբանանի և Պաղեստինի հետ իր բոլոր ցամաքային սահմաններում շիական զինված խմբերի ներկայությունն ու հակաիսրայելական գործողությունները։

«Ջերոզալիմ փոստ» -ը նշել է, որ Իրանի միջուկային երկու գաղտնի օբյեկտներում և մեկ հրթիռային գործարանում տեղի ունեցած վերջին խորհրդավոր պայթյունները կարող են կապ ունենալ Իսրայելի գաղտնի գործողությունների հետ:

Արձագանքելով Նաթանզում տեղի ունեցած դեպքին, CBS News- ին տված հարցազրույցում, Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն գոհունակություն հայտնելով Իրանի Նաթանզի միջուկային համալիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ասել է. «Եթե ​​ինչ-որ մեկը սկսի Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերը խափանելու գործընթացը, ես նրանց կասեմ՝ շարունակեք նույն տեմպով»։ Հաշվի առնելով Ջոն Բոլթոնի հստակ դիրքորոշումը Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի դեմ և նրա սերտ կապերն Իսրայելի իշխանությունների հետ կարելի է ենթադրել, որ չնայած Իրանի և ԱՄՆ-ի վարչակազմերի միջև ներկայումս իրավիճակը մի փոքր մեղմացնելու նպատակով ընթացող գաղտնի շփումներին, իսրայելական և ամերիկյան որոշ դժգոհ շրջանակներ շարունակում են իրենց սադրիչ գործողություններն Իրանի դեմ։

Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, բայց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մտահոգությունները շարունակվում են Արևմուտքում:

Այս կապակցությամբ հունիսի 7-ին, իրանական «Նուր Նյուզ» լրատվական կայքը, որը մոտ է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդին, գրառում է հրապարակել Նաթանեզի դեպքի մասին, որտեղ այն որակում է, որպես « դիտավորյալ ակտ» ավելացնելով, որ «օդային հարվածը այս կենտրոնի վրա գրեթե անհնար է»: Անկասկած իրանցի պետական պաշտոնատար անձինք և ոչ ԻՀՊԿ-ի հրամանատարները, դեպքի կապակցությամբ հանդես են եկել չափավոր և զգուշավոր հայտարարություններով և փորձում են ուղղակիորեն չմեղադրել Իսրայելին վերջին դեպքերում դերակատարություն ունենալու մեջ։ Իրանցի պետական պաշտոնատարները քաջ գիտակցում են, որ Իսրայելին մեղադրելով հարձակումների մեջ, պետք է պատրաստվել փոխադարձ հարված հասցնել Իրանի թշնամիներին, մինչդեռ երկրի ներկայիս ոչ նպաստավոր պայմաններում նման ռազմական գործողությունն այն էլ Իսրայելի դեմ՝ կարող է հանգել տարածաշրջանում ահավոր և անկառավարելի պատերազմի, որին ձգտում է հենց Իսրայելը։

Հուլիսի 8-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժինը հերքել է Իրանի կենտրոնում գտնվող Նահատակ Ռեզայի Նեժադի անվան միջուկային օբյեկտում տեղի ունեցած պայթյունի մասին լուրը: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը նույնպես շեշտել է. «Տարածված արբանյակային լուսանկարներն էլ Նահատակ Ռեզայի Նեժադի անվան օբյեկտի նկարները չեն»: Այս կապակցությամբ մինչ այժմ ԻՀՊԿ-ի հրամանատարները զսպվածություն են ցուցաբերել և խուսափել են սպառնալից ր վրեժխնդրական գործողություններ իրականացնելու կոպիտ հայտարարություններ անել։

Սակայն, իրանի թույլ դիրքից օգտվելով, Իրանի դեմ ուղղված հիբրիդ պատերազմի ակտիվացման շրջանակում, հուլիսի 7-ին վկայակոչելով Իսրայելի 12-րդ հեռուստակայանին, իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել են, որ վերջերս «Մոսադ» լրտեսական գործակալությունը կարողացել է խափանել Իրանի Իսլամական հանրապետության կողմից Իսրայելի որոշ դեսպանատների վրա Եվրոպայում և այլ երկրներում պլանավորված հարձակումները: Իսրայելի ներգրավվածությունը Իրանի դեմ պայքարում, չի սահմանափակվում միայն քարոզչական և դիվերսիոն գործողություններով և թվում է Իսրայելը փորձում է Իրանի հետ հակամարտության տիրույթը տարածել Իրանի սահմաններից ներս և նույնիսկ, ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների և ճնշումներին համահունչ ավելացնել ռազմական և լրտեսական ավերիչ գործողությունները Իրանի ներսում։ Դա իհարկե լավ նշան չե Թեհրանի համար, ինչպես Նաթանզի և Խոջիրի դեպքերը ցույց տվեցին Իրանի ներքին անվտանգությունը այնքան էլ պաշտպանված չե արտաքին ուժերի դիվերսիոն հարձակումներից և եթե շատ արագ այդ անցքերը չփակվեն, Իրանի թշնամիներն այսուհետ կփորձեն հաճախակի ներթափանցել ռազմական և միջուկային ու տնտեսա-արդյունաբերական կենտրոնները և ցավոտ ու մահացու հարվածներ հասցնել Իրանի անվտանգությանը։

Նաթանզի դեպքում Իսրայելի ներգրավված լինելու վարկածը լրջորեն դիտարկվում է փորձագետների կողմից հատկապես, որ Իրանի դեմ սահմանված խիստ պատժամիջոցների պայմաններում, ազգային արժույթի անկումը ներքին քաղաքական քաոսն ու իշխանության վերնախավում ահավոր կոռուպցիան, հասարակական պառակտումն ու անարդարությունը, տնտեսական համակարգի մոտալուտ փլուզումը, կորոնավիրուսի գլոբալ պանդեմիայի տարածումը և վերջապես ՀԳՀԾ-ի անդամ երկրների երկակի դիրքորոշումը կարող է ուժեղացնել այն վարկածը, որ Իսրայելը ներգրավված է Նաթանզի դեպքում և Թել-Ավիվը նախաձեռնել է ակտիվացրել իր գործողությունները Իրանի ներսում և դրսում, ամեն գնով՝ խափանելու Թեհրանի միջուկային և հրթիռային ծրագրերը և կանխել Իրանի քաղաքական և ռազմավարական ազդեցությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում:

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031