Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և այն հետ ուղարկել նոր քննության:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման դեմ պաշտպանության կողմի և դատախազության բողոքների քննության հիման վրա կայացրած որոշումը։
Քանի որ կողմերը որոշման հրապարակմանը ներկա չեն եղել, ինչպես նաև դեռևս չենք ստացել դատարանի որոշման օրինակը, ուստի որոշման կոնկրետ բովանդակությանը և պատճառաբանություններին ծանոթ չենք և չենք կարող մեկնաբանություններ ներկայացնել դրա վերաբերյալ։
Սակայն բանավոր տեղեկատվություն ունենք, որ վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
Կարդացեք նաև
Պարզաբանման համար ցանկանում ենք տեղեկացնել, որ վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել։
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո կքննարկենք նաև այն ՀՀ վճռաբեկ դատարան բողոքարկելու հարցը»:
Ի՞նչ ասել է՝ բեկանել եւ ետ ուղարկել նոր քննության: Իրավաբաններն ասում են հետեւյալը: «Որքան հասկանալի էր փաստաբանների գրածից, որոշման պատճառաբանական մասը հրապարակված չէ եւ միայն եզրափակիչ մասն է հրապարակված: Դա նշանակում է՝ վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը եղել է բեկանման ենթակա առարկա: Այսինքն, խնդիր է տեսել առաջին ատյանի դատարանի որոշման մեջ: Միաժամանակ մյուս կողմից վերաքննիչ դատարանը չի գտել, որ պետք է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվի կալանքը` որպես խափանման միջոց: Դա էլ նշանակում է, որը գործն ուղարկվելու է առաջին ատյանի դատարան եւ առաջին ատյանի դատարանը վերստին այլ կազմով քննության առարկա է դարձնելու կալանավորման հարցը: Բեկանման եւ ստորադաս դատարան ուղարկելու դեպքում այլ կազմով է գործը քննվում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ