Երեկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստին Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը միջամտել է եւ ցուցում է տվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որ դատական նիստերի ձգձգումների դեմ քայլեր ձեռնարկեն, ինչին հաջորդել է դատախազների միջնորդությունը՝ միանգամից անցնելու դատաքննության փուլ:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ նիստի ժամանակ հարց էր ուղղել գլխավոր դատախազին՝ ասելով, որ տեւական ժամանակ է, ինչ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պարբերաբար նրան կալանքից ազատելու միջնորդություններ են ներկայացնում, ինչի պատճառով գործընթացը ձգձգվում է. «Գործի քննության ողջամիտ ժամկետներն ապահովելու համար դատախազությունն ի՞նչ է անում»:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ինչ եք կարծում, իմ հարցադրումը ճիշտ չէ՞ր, ինչո՞ւ է ձգձգվում դատը, արդեն մեկ տարուց ավելի է»: Մեր դիտարկմանը, որ իրենք դա ընկալում են՝ որպես ցուցում դատախազությանը, որովհետեւ դրան հաջորդեց դատախազների միջնորդությունը՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Իրենք սխալ են ընկալել, որովհետեւ ես ընդամենը իմ մտահոգությունն եմ հայտնել, որ արհեստականորեն Ռոբերտ Քոչարյանը եւ իր փաստաբանական խումբը ձգձգում են դատը՝ ակնկալելով ինչ-որ երկնքից ընկնող խնձորի: Խնձորն այդպես էլ չի ընկել ու չի ընկնելու: Եվ պետք է մենք գնանք իրավական լուծումների՝ դատաքննությունը պետք է սկսվի: Անընդհատ ձգձգելով՝ ինչի՞ են սպասում: Չնայած արդեն պարզ է ինչի են սպասում»:
Երեկ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազների այդ միջնորդությունը՝ որոշելով չսահմանափակել պաշտպանական կողմի իրավունքը: Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ՝ «Դատավորն իրավունք ունի մերժի, բայց տրամաբանությունից, տրամաբանական շղթայից արդեն դուրս են եկել: Այսինքն, այս ձգձգումներն արդեն որեւէ տրամաբանության չեն ենթարկվում, եւ ես, բնականաբար, իմ մտահոգություններն եմ հայտնել: Դա միայն իմ մտահոգությունը չի: Ընդհանրապես բոլորը մեր երկրում մտահոգված են՝ դատն ինչո՞ւ չի սկսում»: Այն, որ պատգամավորը իր հարցով ուղիղ ցուցում է տվել Արթուր Դավթյանին՝ Անդրանիկ Քոչարյանը չի ընդունում. «Արթուր Դավթյանն էլ իր հերթին մտահոգված է, եւ մտահոգված են բոլորը: Ես համոզված եմ՝ նաեւ դատավորը: Դատաքննությունը պետք է օր առաջ սկսվի: Ռոբերտ Քոչարյանը նիստերը ձգձգում է եւ գնում է բասեինում լողանալու: Լավ կլինի բասեինում լողանալու փոխարեն ինքն աջակցի, որպեսզի դատը սկսվի՝ այդքան բան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ