«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ուշագրավ մտքեր արտահայտեց «Գույքահարկի բարձրացման» օրենքի մասին խոսելիս:
Նա ասել էր, որ երբ մարդիկ թոռներ չունեն, կարող են Կենտրոնի իրենց բնակարանը վաճառել ու այլ բնակարան գնել, ինչը մեծ քննադատությունների ու քննարկումների տեղիք էր տվել: Հարցին՝ շարունակո՞ւմ եք պնդել ձեր այդ տեսակետը, այն դեպքում, երբ Կենտրոնում վաստակաշատ մտավորականներ կան, որոնք չեն պատրաստվում իրենց ժառանգած տունը վաճառել՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է վաստակաշատ մտավորականներին, օրենքը թույլ է տալիս, որ 10 տոկոսի չափով տվյալ համայնքը հնարավորություն ունենա մանեւրելու: Կարծում եմ, ավագանին այնքան խոհեմ կլինի, որ նման մեր հայրենակիցներին կազատի գույքահարկ վճարելու պատասխանատվությունից»:
Աղազարյանը հորդորեց գույքահարկի մեջ ապագային միտված նպատակները նայել, չնայել՝ որպես թվաբանություն. «Այսօր ՀՀ-ում կա 90մլն քմ բնակֆոնդ, որը լիովին բավարար է 4,5 մլն ազգաբնակչության համար: Մենք ունենք ընդամենը 3 մլն ազգաբնակչություն Հայաստանում, ունենք հազարավոր ընտանիքներ, որոնք բնակարան չունեն ու հազարավոր անհատներ ունենք, որոնք ունեն տասնյակ բնակարաններ: Գույքահարկի կարեւոր նպատակներից մեկն այն է, որ կարգավորի շուկան ու ավելորդ բնակարան ունենալը դառնա ոչ նպատակահարմար: Միջոցները պետք է ներդնել տնտեսության մեջ»:
Հարցին՝ դուք, օրինակ, քանի՞ բնակարան ունեք՝ Աղազարյանը պատասխանեց. «Ինձ ասել են՝ այդ մասին մի ասա, բայց պետք է ասեմ՝ ես բնակարան չունեմ»: Իսկ թե որտե՞ղ է բնակվում՝ ասաց՝ Երեւանում ու վարձով:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ