Լրահոս
Օրվա լրահոսը

«Արման Բաբաջանյանը մանդատ է ստացել ԼՀԿ-ի միջոցով, իսկ հիմա այդ մանդատը ծառայեցնում է բոլորովին այլ կուսակցություն ստեղծելու համար, ինչն անընդունելի է». Դավիթ Խաժակյան

Հուլիս 08,2020 17:32

«Արման Բաբաջանյանը մանդատ է ստացել ԼՀԿ-ի միջոցով, իսկ հիմա այդ մանդատը ծառայեցնում է բոլորովին այլ կուսակցություն ստեղծելու համար, ինչն անընդունելի է և հակասում է ժողովրդի կամարտահայտությանը, կուսակցությանը տրված ձայների հարաբերակցությանը, ինչն, այս կամ այն կերպով, պետք է վերականգնվի»,- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հուլիսի 8-ի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանը:

Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն քննարկեց և մերժեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ վերականգնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

Դավիթ Խաժակյանն ասաց՝ իրենք ողջունում են Արման Բաբաջանյանի՝ քաղաքական ուժ ստեղծելու նախաձեռնությունը, բայց նաև նշեց, որ դա չպետք է լինի ի հաշիվ ԼՀԿ-ին տրված մանդատի՝ հատկապես հաշվի առնելով այն, որ նա այս խորհրդարանի ամենաքիչ ընտրողների ձայն ստացած պատգամավորն է: Այս առիթով նա ասաց. «Եթե գոնե նա մեծամասնական ընտրակարգով քվեներ ստացած լիներ, նա որոշակի էլեկտորալ արժեք կունենար»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ԿԸՀ-ին պատգամավորի մանդատը վայր դնելու պահանջ չէին ներկայացրել, այլ պահանջել էին լրացուցիչ մանդատ, Դավիթ Խաժակյանն արձագանքեց. «Մեր խնդիրն ընդդիմադիր խմբակցության մեկ երրորդի համամասնությունը վերականգնելն է. դրա լուծումը կարող է լինել և′ հավելյալ մանդատ տրամադրելով, և′ Արման Բաբաջանյանին այս կամ այն կերպով պարտադրելով մանդատը վայր դնել»:

Ըստ Դավիթ Խաժակյանի՝ առաջին հերթին Արման Բաբաջանյանի համար պետք է սկզբունքային լիներ դա, և նա գնար այլ կուսակցություն ձևավորեր՝ ոչ այլ ուժին տրված մանդատի հաշվին:

Դավիթ Խաժակյանն ասաց, որ լրացուցիչ կտեղեկացնեն իրենց հետագա գործողությունների համար: Հարցին՝ ինչո՞ւ հենց հիմա հիշեցին Արման Բաբաջանյանի՝ մանդատը վայր դնելու անհրաժեշտության մասին, Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Առաջին օրը, երբ նա հայտարարեց խմբակցությունից դուրս գալու մասին, ԼՀԿ-ն հայտարարություն տարածեց առ այն, որ նա պետք է իր մանդատը վայր դնի, քանի որ դա կուսակցության և խմբակցության մանդատն է: Հետո ասաց, որ պետք է մտածի դրա շուրջ, ու ժամանակ անցավ: Ուստի պարզ դարձավ՝ ընտրողն իրեն ձայն է տվել՝ որպես ԼՀԿ մաս, և նա գնում ստեղծում է այլ նախաձեռնություն կամ կուսակցություն, ինչով նա մանդատն այլ բանի է ծառայեցնում: Դա բերելու է հետագայում խնդիրների, երբ ընդդիմության մեկ երրորդը գոյություն չի ունենա՝ դրանով առաջացնելով խնդիրներ: Իշխանական թևից քննադատություններ հնչեցին մեր դիմումի հետ կապված, ուստի, ենթադրում եմ, որ իշխանությանը հաճո է, որ լինի 88 պլյուս մեկ, և այս տրամաբանությունը հիմնավորում է, որ չի կարող մարդը, որը որպես ընդդիմություն ընտրվել է, գնա և իշխանությանը հաճո գործողություններ կատարի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031