Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրում հուլիսի 8-ին դատավոր Գրիգոր Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով նիստը։
Նիստի ավարտից հետո Արմեն Մուրադյանի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ որպես երրորդ անձ ներգրավվել է Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչը․ «Հայցով մենք պահանջել էինք, որ Արսեն Թորոսյանը այն զրպարտչական և վիրավորական արտահայտությունները, որոնք կատարել է Հ1-ի հաղորդման ժամանակ, նույն հաղորդման ժամանակ էլ հերքի։ Այդ պատճառով՝ Հ1-ի ներկայացուցիչը պետք է մասնակցեր, որ իրենք ներգրավված լինեն գործընթացին։ Ի վերջո իրենց ընկերության հետ է կապված նաև որոշման կայացումը»։
Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել հետաձգել նիստը՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին։
Հիշեցնենք՝ Արմեն Մուրադյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արսեն Թորոսյանի՝ զրպարտչական արտահայտությունների հերքման և պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին։
Կարդացեք նաև
Արմեն Մուրադյանի ներկայացուցիչը դատարանում ասել էր, որ իրենք զրպարտություն են համարում Հանրային հեռուստաընկերությունով Պետրոս Ղազարյանի հաղորդման շրջանակում Թորոսյանի հայտարարությունները, ըստ որի՝ Արսեն Թորոսյանը սուտ է որակել Արմեն Մուրադյանի որոշ արտահայտություններ: Հայցվորները պահանջում են Facebook-ի ուղիղ եթերում հերքել հնչեցրած արտահայտությունները, ինչպես նաև Պետրոս Ղազարյանի նույն հաղորդման միջոցով հերքել մյուս արտահայտությունները։ Բացի այս, հայցվոր կողմը Արսեն Թորոսյանից պահանջում է երկու միլիոն դրամ։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ