Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը պարտադիր է: Սակայն դեռեւս կան բնակավայրեր, որոնք սպանդանոցներին հասանելիության խնդիր ունեն: Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ասաց, որ եթե մեր երկրում գործի 36 սպանդանոց նաեւ այն վայրերում, որտեղ նախարարությունը նախանշել է, ամբողջ հանրապետությունում կլինի սպանդանոցային հասանելիություն: Այս պահին, պարոն Գաբրիելյանի տվյալներով, մեր երկրում գրանցված են 53 սպանդանոցներ, որոնցից ծառայություն են մատուցում 27-ը, մնացածը սեփական կարիքների համար են:
Նախանշված վայրերում մոդուլային կամ շարժական սպանդանոցներ հիմնելու համար կառավարությունը 4,8 միլիոն դրամ դրամաշնորհ կհատկացնի, որը կկազմի լիզինգով ձեռք բերվող գրավի 20 տոկոսի 15 տոկոսը:
Տիգրան Գաբրիելյանն ասաց, որ պարտադիր սպանդանոցային մորթին զուգահեռ՝ ներդրվում է խոշոր եղջերավորների համատարած համարակալման-հաշվառման գործընթացը, ինչը սակայն, փոխնախարարի խոսքով, գյուղատնտեսների կողմից դիմադրության է արժանանում: Այդ իսկ պատճառով, գործընթացին զուգահեռ կկատարվեն իրազեկման աշխատանքներ: Այս տարի նախատեսում են համարակալել 800 հազար խոշոր եղջերավոր, ինչի համար գնվելու են մեկ միլիոն 600 հազար ականջապիտակ: Այն կպարունակի տեղեկատվություն՝ անհատական համարի նաև, թե որ մարզում է կենդանին տեղակայված, ինչ պատվաստում է ստացել եւ այլն:
Համարակալումը, փոխնախարարի խոսքով, թույլ կտա ներդնել կենդանիների ապահովագրության ինստիտուտը, ինչն էլ իր հերթին կնպաստի, որպեսզի գույքից բացի՝ բանկերը որպես գրավ դիտարկեն նաեւ ապահովագրված կենդանուն:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ