Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Եղիազարյանը պնդեց, որ իրենք ՊՊԾ գնդի գործողությունների ժամանակ նախազգուշացման համար են կրակել

Հուլիս 08,2020 14:38

«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով հուլիսի 8-ի նիստին (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) շարունակվեց «Սասնա ծռեր»-ի անդամ, «Սասնա ծռեր»-ի գործից անջատված գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի հարցաքննությունը:

Գագիկ Եղիազարյանը նշեց, որ իրենք ՊՊԾ գնդի գործողությունների ժամանակ նախազգուշացման համար են կրակել: Հարցին՝ այդ կրակոցները եղել են ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի վիրավորվելուց հետո՞, նա պատասխանեց. «Նախազգուշական ցույց էինք տալիս, որ մենք էլ կարող ենք կրակել: Ենթադրել կարող եմ, որ նախազգուշական Սմբատ Բարսեղյանը կրակել է, բայց վստահ չեմ կարող ասել, որ Սմբատ Բարսեղյանը կրակել է: Մենք կրակել ենք, որ ցույց տանք՝ մենք էլ կարող ենք կրակել, բայց մենք վնասելու նպատակ չունենք, հետևաբար մեր ուղղությամբ պետք չէր կրակել, մենք վնասելու նպատակ չենք ունեցել»:

Հարց հնչեց նաև Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի այն ցուցմունքի հետ կապված, որ իրենք զրուցել են: Նա ասաց. «Չկա տրամաբանություն: Մինչ այդ ես՝ բողոքի ակցիաների ժամանակ հենց նույն Օսիպյանի հրահանգով բռնության ենթարկված մարդս, ում նկատմամբ բազմաթիվ անգամներ ընդգծված երևացել է Օսիպյանի բացասական վերաբերմունքը, այս ամենը գիտենալով՝ ինչպե՞ս կարող էի ընկերաբար նրա հետ զրույց ունենալ: Տրամաբանություն չկա. դա բացահայտ սուտ է, առավել ևս ի՞նչ նպատակ կար Օսիպյանի հետ քննարկելու, եթե դա գործին որևէ օգուտ բերել չէր կարող»:

Գագիկ Եղիազարյանը՝ ՊՊԾ գնդում

Գագիկ Եղիազարյանը նաև որոշ դրվագներ ներկայացրեց իր՝ ՔԿՀ խցում գտնելու ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից: Նա պատմեց. «Նոյեմբեր ամսին մեր խուց եկավ մի անթև վերնաշապիկով անձնավորություն՝ մկանները ի ցույց դնելով, բեղերը սափրած, գլուխը սափրած: Նա խցում ամեն մեկին հերթով թելադրում էր՝ ով, ինչ անի: Ինձ հարցրեց՝ բա ի՞նչ գործով ես, պատասխանեցի: Հետո ասաց, որ չի ընդունում մեր արածը, որովհետև իր խոսքերով՝ մենք մարդ ենք սպանել: Ես հարցրի՝ դու այնտե՞ղ ես եղել, պատասխանեց՝ ի գիտություն քեզ, ես հինգ տարի ԱԱԾ աշխատակից եմ եղել և կոպիտ ասած՝ կարող եմ թացը չորից տարբերել: Ասացի՝ լավ, մնա քո կարծիքին: Երկար ժամանակ նա իր անբարյացակամ վերաբերմունքով փորձում էր ճնշում գործադրել ինձ վրա՝ թունավորելով մթնոլորտը: Հետո փորձեց ընկերանալ, ու այդ ժամանակ ծավալեց խոսակցություն, թե քո ինչի՞ն է պետք այս ամենը, գնա, ցուցմունք տուր. ինչ ուզում են, ասա, գնա տուն, քո ինչի՞ն է պետք: Սամվել Բաբայանի գործով անցնող մարդկանցից մեկի նկատմամբ ևս նա նման ճնշում էր գործադրում, կամ Արթուր Վարդանյանի գործով անցնող մեկ ուրիշի նկատմամբ»:

Գագիկ Եղիազարյանը պատմեց, որ մի օր էլ այդ անձը, որի անունը Միհրան էր, եկավ ու հայտարարեց, թե վաղը մեր խուց մի անձի են բերելու ու զգուշացրեց՝ իրեն չխանգարեն, երբ նրա հետ զրուցի, քանի որ սա իր տունն է: Այնուհետև շարունակեց. «Ես հարցրի՝ քեզ ի՞նչ իրավունք ես վերապահում նման կերպ արտահայտվել, փորձեց ինձ համոզել, արի՝ դու մի խանգարի: Այդ անձը, որ եկավ մեր խուց, Սամվել Բաբայանի գործով անցնող Սանասար Գաբրիելյանն էր: Չգիտես ինչու՝ այդ անձը գիտեր, որ Սանասար Գաբրիելյանը գալու է մեր խուց»:

Այս դրվագը պատմելուց հետո Գագիկ Եղիազարյանը հայտարարեց, որ այս անձը կարող էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դեմ ցուցմունք տված խմբավորման անդամ Էդգար Սողոմոնյանի վրա ևա ուղղորդող ազդեցություն ունենալ. «Նա հենց այս մեխանիզմի մի օղակն էր, որով Էդգարին տարբեր մեթոդներով դրդել են, որ նա տար իրենց համար ցանկալի բովանդակության, իրականությունից տարբերվող ցուցմունք: Հենց այդ մարդն այն օղակն է, որը բարոյական ճնշումների միջոցով, հետո էլ փորձելով բարի քեռի ներկայանալ՝ ուղղորդել է Էդգարին և ունեցել է ազդեցություն Էդգարի տրված ցուցմունքների բովանդակության վրա: Նույնը փորձել է նաև անել ինձ հետ, բայց շատ առաջ չի գնացել, քանի որ հասկացել է՝ ոչինչ չի ստացվի»:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հիշեցրեց՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո ներկայացված նկարներում երևում էր, թե Գագիկ Մկրտչյանի մարմինն ինչ վիճակում է եղել, մինչդեռ ինքն ու «Սասնա ծռեր» խմբավորման մյուս անդամները հայտարարում են, որ նա միայն ձեռքից էր վիրավորվել: Հետևաբար դատավորը հարցրեց՝ ո՞րն է իր վարկածը ինչպե՞ս կարող էր նա վիրավորված և սպանված լինել: Գագիկ Եղիազարյանը պատասխանեց. «Իմ վարկածն այն է, որ նախկին ռեժիմը միտումնավոր սպանեց այդ մարդուն մեղադրանքը մեզ վրա բարդելու, մեզ հրեշացնելու և գրոհի համար հիմքեր ստեղծելու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031