Լրահոս
«Պլան Բ» կա՞ր
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը հանել շրջանառությունից և ուղարկել միջազգային փորձաքննության. հայտարարություն

Հուլիս 08,2020 14:25

Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը խոր մտահոգության տեղիք է տալիս։ Այն ոչ միայն միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն, այլ նաև խիստ թերի է՝ կիրառված սկզբունքների և մոտեցումների, դրանց ձևակերպումների առումով։ Օրինագծում նախատեսվում է հանրային մուլտիպլեքսով վերգետնյա հեռարձակման համար լիցենզավորման անարդյունավետ մրցութային կարգ, չեն ապահովվում մասնավոր մուլտիպլեքսների ձևավորման իրատեսական մեխանիզմներ, չեն լուծվում մարզերում գործող, բայց թվայնացումից դուրս մնացած մոտ 10 տեղական հեռուստաընկերությունների խնդիրները, չի ստեղծվում հանրային հեռարձակողի բարեփոխումների հնարավորություն և այլն։

Թեև սույն հայտարարությունը ստորագրած որոշ լրագրողական կազմակերպություններ մի քանի տասնյակ առաջարկություններ են ներկայացրել փաստաթղթի հեղինակներին, և դրանց մեծ մասը ընդունվել է, այդուհանդերձ ակնհայտ է, որ նախագիծը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին և չի լուծում ոլորտի առանցքային խնդիրները։ Հիմնական պատճառն այն է, որ օրինագիծը կառուցված է խնդրահարույց հայեցակարգային հիմքերի վրա, և այդ առումով վերանայման կարիք ունի։

Մտահոգության պատճառ է նաև այն, որ փաստաթղթի հեղինակները չցանկացան անսալ մեր հորդորներին և ուղարկել նախագիծը միջազգային փորձաքննության՝ Եվրոպայի խորհուրդ և/կամ ԵԱՀԿ, ինչին պատրաստակամություն ենք հայտնել աջակցելու։ Մենք հասկանում ենք, որ օրինագծի ընդունման հետ կապված շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքի՝ այս տարի լրանում են հեռուստաընկերությունների լիցենզիաների ժամկետները, և հերթական մրցույթներ պետք է կազմակերպվեն։ Այդուհանդերձ, ելնելով որակյալ նոր օրենք ընդունելու անհրաժեշտությունից, դրանք կարող են հետաձգվել։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք կոչ ենք անում․

  • «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը հանել շրջանառությունից և ուղարկել միջազգային փորձաքննության,
  • լիցենզավորման հերթական մրցույթները հետաձգելու նպատակով համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքում,
  • հեռարձակման ոլորտի զարգացման հայեցակարգ և դաշտը կարգավորող նոր օրենք մշակելու նպատակով նախաձեռնել քննարկումներ և ձևավորել աշխատանքային խումբ՝ ԱԺ պատգամավորների, լրագրողական կազմակերպությունների, հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների, անկախ փորձագետների մասնակցությամբ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031