ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խոսելով դիմակներ չկրելու տուգանքների նախագծի մասին՝ ասաց, որ շատ հնարավոր է՝ նորից շտկումներ արվեն կամ չարվեն ու նախագիծը նորից շրջանառվի. «Սա ոչ թե քմահաճույք է, սա ոչ թե տուգանելու ցանկությունից դրդված քայլ է, սա ոչ թե բյուջեի եկամուտներն ավելացնելու մտադրությամբ պայմանավորված քայլ է, այլ զուտ, որպեսզի այն քաղաքացիները, որոնք, այնուամենայնիվ, այդ գիտակցության բարձր աստիճանը չունեն՝ հասկանալու, որ դիմակով փրկում են իրենց, իրենց սիրելիների, իրենց դիմացինների կյանքը, կանխում են վարակի տարածումը, ահա այս մարդիկ գոնե պատժամիջոցների մեծությունից դրդված այդ դիմակը, այնուամենայնիվ, կրեն»:
Ինչ վերաբերում է տուգանքի չափին, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Եկեք այսպես մտածենք շատ ու քիչը՝ բավարա՞ր է քաղաքացիների կողմից դիմակներ կրելու աստիճանը: Հիմա ես համոզված եմ, որ չեք ասի այո, հետեւաբար պետք է ինչ-որ բան անել այս ուղղությամբ: Դուք նայում եք տուգանքի՝ դրամական մեծության տեսանկյունից՝ որպես պետբյուջեի եկամուտներ, այդպես որ լինի՝ 10 հազարն էլ, գուցե 1000-ն էլ է շատ դիմակ կրելու համար, 100-ն էլ է գուցե շատ: Բայց երբ նայում ենք վարակի տարածման կանխարգելման տեսանկյունից, գուցե 500 հազար է պետք: Մեկը, որ մտածում է՝ դա ինձ չի կպնի, սուտ բաներ են, ահա այսպիսի մարդիկ գոնե մտածեն, որ լավ, ջհանդամ, այլ հորդորները չեն ազդում, գոնե գումարային բանով սահմանափակեն»:
Արարատ Միրզոյանը մի առիթով ԱԺ նիստի ժամանակ հայտարարել էր, որ «գնացի հեռուստացույց ապառիկով վերցնեմ, չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին: Չվճարած տուգանք ունեի»: Երբ այսօր հետաքրքրվեցինք, թե իր բոլոր ապառիկներն արդեն մուծե՞լ է՝ նա հունից դուրս եկավ ու արձագանքեց. «Այսինքն, դա ի՞նչ տափակ հարց է, ես իմ ապառիկները եւ վարկերը շարունակում եմ մուծել»:
Երբ հիշեցրինք, որ ինքն անձամբ է ԱԺ-ում խոսել ապառիկների մասին, ինչո՞ւ է նեղանում ու վրդովվում՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Լավ չեք հիշում: Ես ասել եմ, բացեք՝ խնդրում եմ նայեք, ես ասել եմ, որ ես մոռացել էի մեքենայի տուգանքը մուծել, դրա համար է հաշվին կալանք եկել… Բազմաթիվ քաղաքացիներ մուծում են ապառիկ, այդ թվում եւ ՀՀ քաղաքացի Արարատ Միրզոյանը»: Նկատեցինք, որ նորմալ է ապառիկ մուծելը, նորմալ չի, երբ սկսել է որակումներ տալ լրագրողների հարցերին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երբ նոր էր նշանակվել այդ պաշտոնում, Արարատ Միրզոյանը սիրով պատասխանում էր իր ապառիկների մասին հարցերին՝ առանց որակումների՝ հարցը տափակ է, թե ինչ:
Իսկ այսօր արդեն Արարատ Միրզոյանը տրտնջում ու բողոքում էր, թե՝ «կարո՞ղ է ջրի վարձի մասին էլ հարցնեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ