Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանքավայրերն այլեւս չեն մասնատվի. քաղաքական տեսանկյունից բխած մանր-մանր լիցենզիաներ չեն տրվի». փոխնախարար

Հուլիս 08,2020 14:00

ԱԺ արտահերթ նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվում է կառավարության հեղինակած՝ «Ընդերքի մասին ՀՀ օրենքում» փոփոխությունների օրինագիծը, որը ենթադրում է բարեփոխումներ՝ ընդերքի արդյունավետ օգտագործման եւ կառավարման համար: Ինչպես նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանը, ըստ օրինագծի՝ ընդերքօգտագործման թույլտվություն կտրվի այն արդյունահանողին, որը կներկայացնի պաշարների ուսումնասիրության թարմ տվյալներ: Այսինքն, արդյունահանվող պաշարների մասին ուսումնասիրությունը, կախված պաշարների տեսակից՝ մետաղական, ոչ մետաղական, պետք է իրականացված լինի վերջին 5 կամ 10 տարում:

Լիլյա Շուշանյանի տեղեկացմամբ՝ օրինագիծը սահմանում է նաեւ, որ հանքավայրն օգտագործողին կտրամադրվի ամբողջ պաշարով, ոչ թե մաս-մաս, իսկ ընդերքօգտագործման իրավունքը կտրվի ոչ թե հիսուն տարով, ինչպես գործող օրենքով է, այլ 25 տարով:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը նկատեց՝ բավականին ծավալուն եւ կարեւոր օրինագիծ է, որը կարիք ունի մասնագիտական խորը քննարկման, ոլորտի ներկայացուցիչների կարծիքները եւս պետք է լսել, մինչդեռ կառավարությունն այն բերել է հրատապ ռեժիմով: Շուշանյանը պատասխանեց, որ մինչեւ երկրորդ ընթերցումը պատրաստ են նկատողությունները լսել:

«Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը համաձայնեց Արկադի Խաչատրյանի հետ. «Լավ կլիներ, որ մինչեւ առաջին ընթերցումն ավելի համապարփակ քննարկում անեինք, բայց մինչեւ երկրորդ ընթերցում կփորձենք բացը լրացնել: Եթե կան դրույթներ, որոնք բխում են տնտեսվարողների շահերից, կխնդրեմ ներկայացնել: Կդիտարկենք նաեւ խնդիրներ առաջացնող դրույթների հետաձգման հարցը»:

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հետաքրքրվեց. «Եթե տեսչական մարմինը որոշում է, որ հանքը պետք է փակվի, իսկ տնտեսվարողը դիմում է դատարան եւ դատը շահում, այդ ժամանակահատվածում տնտեսվարողի կրած վնասի հետ ի՞նչ է տեղի ունենում»: Շուշանյանը պարզաբանեց. «Տեսչական մարմնի որոշմամբ հանքի գործունեությունը չի կարող դադարեցվել: Տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կարող են խախտումներ արձանագրվել, հանձնարարական ակտ կարող է կայացվել: Սա կարգավորված է այս օրինագծով: Եթե դադարեցվում է, հնարավոր է, որ դատարանը հետագայում վերականգնի տնտեսվարողի իրավունքը: Ընդունում ենք ռիսկը եւ հասկանում, որ տեսչական մարմնի խնդիրն է՝ զգուշավոր մոտենալ նման որոշումներին: Մի գործիք է նախատեսված այս դեպքում, որ այդ ընթացքում այլ տնտեսվարողի չի կարող տրամադրվել միեւնույն հանքը շահագործելու հնարավորություն»:

Այլ հարցերին ի պատասխան փոխնախարարը շեշտեց՝ օրինագիծը ռազմավարական մոտեցում է ցուցաբերում. «Հանքավայրերը չպետք է մասնատվեն, քաղաքական տեսանկյունից բխած մանր-մանր լիցենզիաներ չպետք է տրամադրվեն: Սա ռազմավարական կառավարում է, որը ենթադրում է գրագետ ընդերքօգտագործում եւ ընդունված է աշխարհում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031