Ինչպե՞ս կբացատրեք պատգամավորների՝ 1 տարվա ընթացքում 580 մլն դրամ պարգեւավճարները: Այսօր Aravot.am-ն այս հարցն ուղղեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նա պատասխանեց. «580 մլն դրամ պարգեւավճարի տեսքով տրվել է 132 պատգամավորի՝ 14 ամսվա համար, մի հատ էլ նրբերանգ կա, մեծ հաշվով, շատ կոպիտ մաթեմատիկական հաշվարկով՝ ամիսը 240 հազարի կարգի գումար էր, ես մի անգամ հաշվարկ արեցի: Կարող ենք համարել պարգեւավճարը հարկի, կարող ենք համարել անհարկի, այստեղ քաղաքական դիրքորոշման հարց է: Մենք չենք թաքցրել մեր համոզմունքը եւ չենք վախեցել խոստովանել, որ սա արդարացված քայլ է: Ես ինչի՞ արեցի մաթեմատիկական հաշվարկը, որպեսզի ցրենք այն թյուր մտորումները, կամ կարծիքը, միտումնավոր կերպով շրջանառվող պատկերացումն այն մասին, որ ինչ-որ մեծ միլիոնների մասին է խոսքը»:
Հարցրեցինք՝ ձեր պարգեւավճարի չափը կարո՞ղ եք հրապարակել՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Համամասնորեն է՝ 30% աշխատավարձի չափի, ինչպես սահմանված է օրենքով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ