ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից այսօր Aravot.am-ը հարցրեց՝ երբ դուք իշխանություն չէիք, ՀՀԿ-ին օր ու արեւ չէիք տալիս ծառայողական մեքենաների հետ կապված, Նիկոլ Փաշինյանը հիացած էր Դանիայի խորհրդարանի պաշտոնյա Ռիկե Տուբորկով, որն ասել էր, որ իրենց խորհրդարանում միայն խոսնակն ունի ծառայողական մեքենա, բա ինչո՞ւ հիմա դարձաք իշխանություն եւ չեք հետեւում Դանիայի օրինակին, չէ՞ որ այնտեղ ողջ պետական ապարատում ընդամենը 23 ծառայողական մեքենա կա:
Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, դուք ամբողջապես չեք հետեւել հեղափոխությունից հետո եւ ԱԺ ընտրություններից հետո այդ համատեքստում տեղի ունեցած իրադարձություններին: Վստահ եմ, մի փոքր ցանկության դեպքում կարող եք ձեր համար պարզել,որ ԱԺ հանձնաժողովների նախագահների տեղակալներն, օրինակ, այլեւս չեն օգտվում ծառայողական մեքենաներից, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալներն այլեւս չեն օգտվում ծառայողական մեքենաներից եւ այլն: Ինչո՞ւ ամբողջապես չի արված եւ օրինակի համար միայն խոսնակին չի թողնված ծառայողական մեքենա. պետք է դիտարկել, որ հարցը տարբեր նրբերանգներ ունի, մեծ հաշվով, պիտի ապագայում այդպիսի մի իրավիճակի հասնենք: Բայց պետք է նաեւ դիտարկել իշխանության ճյուղերի հավասար այսպես ասած հակակշռող մեխանիզմների համատեքստում, պետք է այստեղ խոսենք կառավարության անդամների եւ այլն, որովհետեւ, գուցե համարեք լուրջ, գուցե համարեք անլուրջ, եւ ընդհանրապես, պատգամավորների, տարբեր մեկնաբանների շրջանում կա կարծիք, որ այդպիսի բաները պետք է համամասնորեն արվեն օրենսդիրում, գործադիրում, դատական իշխանությունում, որ թեկուզ նշանային հարթության վրա որեւէ իշխանության ճյուղի հեղինակությունը մեկի հաշվին չընկնի կամ չգերազանցի: Կրկին կարող եք համարել լուրջ, կարող եք համարել անլուրջ»:
Մեր դիտարկմանը, որ իշխանությունը դուք եք նաեւ կառավարությունում, ի՞նչն է խանգարում նման մոտեցում ցուցաբերել ու կրճատել մեքենաները՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Կրճատել ենք, 11 հանձնաժողովների նախագահների տեղակալների եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի 3 տեղակալների ծառայողական մեքենաները, ինչն իսկապես քիչ չի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ