Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադառնալով բարեփոխումների ռազմավարություններին Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է՝ դրանք մշակվել և իրականացվում են ԵԽ-Հայաստան սերտ համագործակցության ներքո

Հուլիս 08,2020 13:45

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը հուլիսի 7-ին մասնակցել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպմանը:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը:

Նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ թավշյա հեղափոխության արժեքներին՝ օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին և դատական հավակնոտ բարեփոխումներին՝ Սահմանադրությանը և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ:

Անդրադառնալով 2019 թվականին Կառավարության մշակած բարեփոխումների օրակարգի ոլորտային փաստաթղթերին՝ դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայության բարեփոխման ռազմավարություններին՝ փոխնախարարն իր գոհունակությունն է հայտնել ու ընդգծել, որ դրանք մշակվել և իրականացվում են ԵԽ-Հայաստան սերտ համագործակցության հովանու ներքո, մասնավորապես՝ ԵԽ-Հայաստան 2019-2022 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում տրամադրված փորձագիտական և տեխնիկական աջակցությամբ:

Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է COVID-19 համավարակի ընթացքում Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցների կողմից մշակված մեծածավալ խորհրդատվական ուղեցույցներն ու օժանդակ նյութերը, որոնք անդամ պետությունների համար կարևոր ուղենիշեր են համավարակին արձագանքելիս։

Նախարարի տեղակալը նշել է նաև, որ անցյալ մեկ տարվա ընթացքում Արդարադատության նախարարությունն առավել ինտենսիվ է համագործակցել Եվրոպայի խորհրդի մարմինների հետ, ինչը մի կողմից վկայում է կազմակերպության նկատմամբ Հայաստանի իշխանությունների վստահության, իսկ մյուս կողմի՝ անդամ պետություններում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման տարբեր հարցերով լավագույն գործելակերպերը զարգացնելու Հայաստանի հանձնառության մասին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման ոլորտներում Եվրոպայի խորհրդի հետ իրականացված ծրագրերի արդյունքները: Հայկական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031