Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի «Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում» ոլորտում ծախսել ենք ավելի քիչ. անսպասելի էր. Արա Գալոյան

Հուլիս 08,2020 11:37

Առևտրի և ծառայությունների ոլորտը կրճատվել է

Կորոնավիրուսը կամացկամաց թվերի տեսք է ստանում: Ոլորտ առ ոլորտ ընդգծվում են տնտեսական կորուստները: Հիմա համավարակը հասարակայնորեն «ըմբռնելի» պատրվակ է, որի վրա կարելի է դուրս գրել ցանկացած ոլորտի ռեցեսիա-կրճատում: Օրինակ, առևտրի ու մեր իշխանությունների սիրելի ծառայությունների մյուս ոլորտները:

Մարտ ամսին առևտրի կրճատման ծավալները ինչ-որ իմաստով բարձր չէին՝ 9.9 տոկոս: Բայց դա բավարար եղավ, որ առաջին եռամսյակում առևտրի ոլորտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 100.2 տոկոս կազմի: Ապրիլյան կրճատումը մեղմ ասած նկատելի էր՝ 33.1 տոկոս: Մայիս ամսվա կրճատման պաշտոնական տվյալը 18.4 տոկոս է: Իսկ այս տարվա հունվար-մայիսի առևտրի ծավալը նախորդ տարվա համեմատ 10.8 տոկոս է կազմել: Ընդորում առավել մեծ է մանրածախ առևտրի կրճատումը՝ 13.4 տոկոս: Մանրածախ առևտուրը ապրիլ ամսին կրճատվել էր 40.6 տոկոսով: Մայիսին կրճատումը նվազել է 24.7 տոկոսով: Իսկ մեծածախի կրճատումը մայիսին 9.9 տոկոս է (տնտեսական ճգնաժամերի ընթացքում կրճատումը սկսվում է մանրածախ առևտրից):

Պաշտոնական վիճակագրությունն առևտրի ոլորտը մեծածախ-մանրածախ բաժանումից զատ այլ ոլորտներով էլ է դիտարկում: Ամենամեծ չափով կրճատվել է սպառողական ապրանքների շուկաների (պարզ սպառողի բառապաշարով՝ «յառմըռկա») առևտուրը՝ կազմելով նախորդ տարվա 67.9 տոկոսը: Խանութներում հունվար-մայիսին առևտուրը ամենաքիչ չափով է կրճատվել՝ 11.8 տոկոս: Սակայն մայիսին 2019-ի մայիսի նկատմամբ կրճատումն ավելի մեծ է՝ 22.3: Կոպիտ հաշվարկով նկատելի է, որ առևտրի ոլորտի կրճատման միջին ծավալը մեկ/քառորդ է՝ 25 տոկոս:

Համավարակի պարագային առևտրի ծավալների կրճատումը համընդհանուր է: Բնակչության եկամուտների անկման հետ կապված խնդիր է, որ հայտնի է բոլորին (բայց այս հարցում՝ բնակչության եկամուտների նվազման փաստի ընդունման հարցում մեր կառավարությունը բացառություն է): Մինչդեռ դա նկատելի է ծառայությունների մյուս ոլորտների պարագային: Ծառայությունների ոլորտը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ կրճատվել է 4.2 տոկոսով: «Ինչո՞ւ է կրճատման ծավալն այդքան անհամահունչ համավարակին»,-հարցը մի քանի բաղադրիչով պատասխան ունի: Նախ ծառայություններ ասվածի ամենամեծ բաժինը՝ 26.4 տոկոս կազմում է ֆինանսական ու ապահովագրական գործունեությունը: Ապահովագրության գործընթացների մի մասը՝ ֆինանսական, ավտոմեքենաների, օրենսդրությամբ պարտադիր է: Հետևաբար այս ոլորտում կտրուկ կրճատումներ հնարավոր չեն (հատկապես ավտոմեքենաների՝ 2019-ի ներկրման տեմպերը հաշվի առած): Ծառայությունների մյուս խոշոր բաժինը զվարճությունների ոլորտն է՝ մոտ 26.1 տոկոս: Ոլորտին «զվարճություններ» վիճակագրությունն է անվանում: Իրավական փաստաթղթերում այն ավելի կոնկրետ ու բնութագրական անուններ ունի՝ վիճակախաղեր-մոլեխաղեր-խաղադրույքներ: Այդ գործին մենք համարյա 35.6 մլրդ դրամ ենք «նվիրել»՝ անսալով էլեկտրոնային համարյա բոլոր լրատվամիջոցներով հնչող գովազդին: Գովազդ, որ արտակարգ դրության օրերին մեզ հարցնում է՝ «Տանը ձանձրալի՞ է»: Հարցնում ու առաջարկում է խաղադրույքներ կատարել: 2019թ․ համեմատ այս ոլորտը, կարելի է ասել, համարյա չի կրճատվել մյուս ոլորտների համեմատ (ընդամենը 4.2 տոկոս): Ի տարբերություն ասենք «Կացության և հասարակական սննդի կազմակերպման» ոլորտի: Այստեղ մայիսին անցած տարվա մայիսի համեմատ անկումը երկու/երրորդից ավելի է՝ կազմել է 69.2 տոկոս: Միանգամից կարելի արձանագրել, որ ոլորտը փլուզման եզրին է:

Իսկ վերջում մի փաստ, որ դժվար է մեկնաբանել: 2019թ․ հունվար-մայիսին «Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում» ոլորտի վրա ծախսվել էր 33 մլրդ 261.6 մլն դրամ: Այս տարի «Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում» կոչված ոլորտում ահագին «խնայել ենք»: Այսինքն` ծախսել ենք ավելի քիչ՝ 30 մլրդ 882.5 մլն դրամ կամ 10.2 տոկոսով պակաս: Անսպասելի էր:

Արա ԳԱԼՈՅԱՆ

Տնտեսական մեկնաբան

politeconomy.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031