Լրահոս
Օրվա լրահոսը

«Միեւնույն է, սահմանադրական արդարադատության գործառույթը պետությանը պետք է». Ռուբեն Վարդազարյան. «Հրապարակ»

Հուլիս 08,2020 11:13

Իշխանական կուլիսներում արդեն սկսել են քննարկել եռաստիճան դատական համակարգից հրաժարվելու եւ երկաստիճան դատական համակարգ ձեւավորելու գաղափարը։

Հնարավոր է՝ սրա արդյունքում իշխանությունը վերջնականապես հրաժարվի Սահմանադրական դատարանից՝ դրա գործառույթները փոխանցելով գերագույն դատարանի պալատներից մեկին։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցը միանշանակ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է քննարկելու, բայց ինքը կարող է իր անձնական կարծիքը հայտնել՝ որպես իրավաբան Ռուբեն Վարդազարյան, ոչ որպես ԲԴԽ նախագահ։

«Հայաստանը փոքր երկիր է, եւ, իմ խորին համոզմամբ, շատ նպատակահարմար է, որ մենք ունենանք երկաստիճան դատական համակարգ եւ չծանրաբեռնենք, այսինքն՝ վերաքննիչ ատյանը վերանա, լինի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան եւ վճռաբեկ դատարան կամ Գերագույն դատարան, եւ Գերագույն դատարանում լինեն պալատներ, որոնք կլինեն ոչ թե էսօրվա պես երկուսը, այլ չորս-հինգ պալատ կարող է լինել՝ քրեական պալատ, քաղաքացիական, վարչական, սնանկության պալատ, միգուցե՝ կարգապահական պալատ, որը կփոխարինի ԲԴԽ-ին, այսինքն՝ կարող ենք չունենալ ԲԴԽ։ Կարող ենք նաեւ Սահմանադրական դատարան էլ չունենալ, որի փոխարեն կլինի սահմանադրական պալատ։ Այսինքն՝ կլինի փոքր, կոմպակտ, արդյունավետ աշխատող»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը։

Սրանից չի՞ ենթադրվում, որ նպատակը նաեւ այս տարբերակով Սահմանադրական դատարանից վերջնականապես ազատվելն է։

– Ձեր հարցի մեջ քաղաքական կոմպոնենտ կա, չեմ ուզում պատասխանել։ Ես իրավական մասով կարող եմ ասել՝ ես կարծում եմ, որ կոմպակտ դատական համակարգ ունենալու համար պետք է ունենալ երկաստիճան դատական համակարգ։ Թե դրա արդյունքում Սահմանադրական դատարանից ձերբազատվել կդնենք անունը, թե միգուցե նույն դատավորները կշարունակեն պաշտոնավարել այդ պալատում, էական չէ։ Ես Ձեզ երկու մոդել ասացի՝ կա՛մ նորն ենք ստեղծում, այդ դեպքում ստացվում է, որ այս Սահմանադրական դատարանը լուծարեցինք, նոր պալատ ստեղծեցինք, կա՛մ կարող է Սահմանադրության մեջ գրվի, որ շարունակում են պաշտոնավարել որպես Գերագույն դատարանի սահմանադրական արդարադատության պալատի դատավորներ։ Դա էլ եղավ, որ նույն մարդիկ մնացին։ Միեւնույն է, սահմանադրական արդարադատության գործառույթը պետությանը պետք է։ Մնացածը տեխնիկական հարց է։

Միջազգային ի՞նչ պրակտիկա ունենք այս առումով, եւ որքանո՞վ է արդյունավետ աշխատում այս մոդելն այլ երկրներում։

– Միանշանակ, կան այդպիսի երկրներ, օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ճիշտ է, էնտեղ մի քիչ դատարանակազմությունն այլ կերպ է, էնտեղ ֆեդերալ դատարաններ կան, տարածքային դատարաններ կան, բայց, միեւնույն է, կա մի գերագույն դատարան, որը նաեւ սահմանադրական արդարադատությունն է իրականացնում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031