Այսօր գոյություն ունեցող տնտեսական հիմնական խնդիրները վերլուծելու և իրական վիճակը դիտարկելու համար տնտեսագետ Կարեն Ադոնցը Հայաստանի տնտեսությունը երեք մասի է բաժանում:
Առաջինում այն ճյուղերն են, որոնց գործունեության հիմքում տեղական հումքն է:
«Խոսքը, մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, նաև պղնձի մասին է: Մինչև ճգնաժամն այս ոլորտների վիճակը որոշ չափով կարելի էր բավարար համարել: Սկսել էր աշխատել նաև զբոսաշրջությունը: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ: Զբոսաշրջության շուկան այսօր չկա, իսկ գյուղատնտեսական հումքի վերամշակման ճյուղի, պարենային ապրանքների համար արտաքին շուկաներն ինչ-որ չափով են պահպանվել: Կարելի է ասել՝ գյուղատնտեսությունն ու վերամշակող ճյուղն է, որ ունեն շուկա, ինչը չենք կարող ասել մնացած ճյուղերի մասին: Կան ճյուղեր, որոնք մինչև ճգնաժամը սկսել էին աշխատել, արտադրում էին սպառողական ապրանքներ թե՛ ներքին շուկայի, թե՛ արտահանման համար: Եթե այդ ոլորտները մինչև ճգնաժամը թույլ վիճակում էին, հիմա ավելի վատ վիճակում են: Սպառողական տարբեր տեսակի ապրանքներ արտադրող ճյուղերը շատ ծանր վիճակում են: Համապատասխան աջակցությունն այս առումով, ըստ իս, բացակայում է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:
Տնտեսագետը համոզված է, որ հնարավոր է Հայաստանի տնտեսությունը զարգացնել, վերականգնել. «Դրա համար կա բավարար մասնագիտական ներուժ, ինչպես նաև բիզնեսի ճկունություն: Հասարակությունը պատրաստ է արագ ընդլայնել իր տնտեսությունը, բայց ունենք ամբիցիաների ու տնտեսության կառավարման քաղաքականացվածության խնդիր: Մենք քաղաքականացրել ենք տնտեսական կառավարումը: Ես վարակի տարածման օրինակը բերեմ, որը փաստեց նաև, որ որոշումները կայացնելուց երկու քայլ առաջ չենք նայում, չենք կանխատեսում, ինչի հետևանքով համավարակի հետ կապված սարսափելի ցուցանիշներ ունենք: Մենք պրոֆեսիոնալ կազմակերպման խնդիր ունենք, իսկ տնտեսությունը շատ ավելի բարդ է, քան ինքը համավարակը. տնտեսությունը բարդ է, ու չի կարելի լոզունգներով, քաղաքական տրամադրություններով տնտեսություն կառավարել:
Կարդացեք նաև
Մեր ժողովուրդն այս խառնիխուռն, տարատեսակ կարծիքների մեջ տարբեր հետևություններ կարող է անել, ես հասարակությանը չեմ մեղադրում, ինձ այլ երևույթ է անհանգստացնում. քաղաքական գործիչները խորությամբ չեն դիտարկում այն հարցերը, թե իրականում ի՞նչ վիճակ է, ի՞նչ հեռանկար, ի՞նչ դժվարություններ կան և ինչպե՞ս է պետք փոխել այս ամենը»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: