Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Կոստանյան. Եվրոպական դատարանի որոշմանը չենթարկվելը կարող է լուրջ քաղաքական հետեւանքներ առաջացնել. «Հրապարակ»

Հուլիս 08,2020 10:49

Մինչ իշխանությունները փորձում են ձերբազատվել Հրայր Թովմասյանից ու ՍԴ երեք դատավորներից, վերջիններս իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն արդեն վարույթ է ընդունել Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի հայցադիմումը՝ ՀՀ Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին օրենքի եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունների հետ կապված։ Նրանք ակնկալում են իրենց խախտված իրավունքների ու ՍԴ անդամի լիազորությունների վերականգնում։

Սակայն բուն հայցադիմումից բացի, նրանք ՄԻԵԴ-ին խնդրել են նաեւ մինչեւ հայցը քննելը, որը կարող է 1-2 տարի տեւել, կիրառել հայցի ապահովման միջոց՝ միջանկյալ որոշում, որով վերականգնվի մինչեւ իրավունքի խախտումը իրենց կարգավիճակը։

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Կոստանյանը, երեկ մեզ հետ զրույցում խոսելով վերը նշված միջանկյալ որոշման մասին, ասաց՝ հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքը դեռեւս ուժի մեջ չի մտել, այս պահին Հրայր Թովմասյանը դեռ ՍԴ նախագահն է, իսկ վերը նշված 3 դատավորներն էլ շարունակում են մնալ ՍԴ դատավորներ։ Սա, ըստ Կոստանյանի, անհերքելի փաստ է։ Նա նաեւ նշեց, որ Եվրոպական կոնվենցիայի 39 հոդվածով սահմանվող «միջանկյալ որոշումը», որով կառավարությունից պահանջվելու է պահպանել ստատուս քվոն, մինչեւ ինքն ամբողջական որոշում կայացնի, պետք է լինի ամենաուշը մինչեւ այս շաբաթվա վերջը։

– Իսկ կապ ունի՞, թե միջանկյալ որոշման բովանդակությունն ինչպիսին կլինի։

– Կապ ունի, բնականաբար, բայց խնդիրը հետեւյալն է․ այն, որ Եվրոպական դատարանն արդեն իսկ քննարկման առարկա է դարձրել միջանկյալ որոշում կայացնելու հարցը, որովհետեւ Եվրոպայի խորհրդի պատմության Եվրոպական դատարանի գոյության ամբողջ ընթացքում՝ այս 70 տարիներին, նման դեպք չի եղել, սա աննախադեպ է։ Եվ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանը սա վարույթ է ընդունել, արդեն, ըստ էության, նախանշում է հնարավոր զարգացումներն այս գործում։ Այսինքն՝ Եվրոպական դատարանի հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը, ըստ էության, պետք է վերաբերի այն «սահմանադրական բարեփոխումներին» եւ դրա հիման վրա ՍԴ-ի մասին օրենքի ուժի մեջ մտնելու կասեցման հանգամանքին։

– Իսկ եթե չկատարենք ԵԴ որոշումները, ի՞նչ է սպասվում, ի՞նչ սանկցիաներ կարող են կիրառվել։

– Այդ ժամանակ մեր իշխանությունների նկատմամբ կսկսվի քաղաքական գործընթաց, դա մեխանիկորեն քննարկման առարկա կդառնա ԵԽ նախարարների կոմիտեում, այնուհետեւ՝ Խորհրդարանական վեհաժողովում, իսկ արդյունքում, ինքներդ լավ գիտեք, որ այսպիսի բաները հանգեցնում են նաեւ Եվրոպայի խորհրդում կոնկրետ պետության ձայնի կասեցմանը։ Այսինքն՝ Եվրոպական դատարանի որոշմանը չենթարկվելը կարող է լուրջ քաղաքական հետեւանքներ առաջացնել։ Հետեւաբար, Եվրոպական դատարանի վճիռը չկատարելը խելագարություն կլինի, իսկ ես խելագարության կանխավարկածով չեմ կարող առաջնորդվել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031