Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւիկ Հայրապետյան. «Այլ բանակցային ձեւաչափ մեզ համար ընդունելի չէ եւ թույլ չենք տա հարցը տեղափոխել այլ հարթակներ». «Հայկական ժամանակ»

Հուլիս 08,2020 10:13

Ադրբեջանի նախագահի վախերը մեր զրույցում բացահայտել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը:

Տիկին Հայրապետյան, Ադրբեջանի նախագահի քննադատություններն՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբին, ընդունելի՞ են ձեզ համար: Այսպիսի քննադատություններ Հայաստանում եւս հնչում են  հանրության որոշ շերտերի կողմից, որոնք մտածում են, թե Ադրբեջանի սադրանքներին համանախագահները ավելի կոշտ պետք է արձագանքեն, քան արձագանքում են: Ըստ էության Ալիեւը եւս դժգոհում է կոշտության բացակայությունից, իհարկե արդեն իր իսկ շահերի կոնտեքստում:

– Անկեղծ ասած համաձայն չեմ այդ քննադատություններին՝ հատկապես Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ տեսակոնֆերանսից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին համատեղ հայտարարության հետ կապված: Ես կարծում եմ՝ Ալիեւի դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ տարիներ շարունակ ինքն այդպես էլ չկարողացավ իր համար գերադասելի դրույթները միանշանակորեն առաջ մղել: Ալիեւը հարցնում է՝ իսկ ո՞վ է ասել, որ չենք կարող դիմել ռազմական գործողությունների: Այսինքն` ինքը ի՞նչ՝ միջազգային կառույցներից կանաչ քա՞րտ է ակնկալում տարածաշրջանային պատերազմ հրահրելու համար, եւ դա չստանալով սկսում է բողոքե՞լ:

Հետո խոսում է երդմնակալության արարողության մասին եւ հարցնում, թե ինչու դա չի դատապարտվում. որովհետեւ հարգվում է ազգերի ինքնորոշման, ազատ ընտրության իրավունքը: Ինչո՞ւ պետք է Արցախում ընտրված իշխանության երդմնակալությունը դատապարտվի համանախագահների կողմից: Դժգոհության առիթ է տվել նաեւ այն, որ համանախագահները ընդգծել են՝ խնդիրը ռազմական լուծում չունի. ես կարծում եմ հենց սա է, որ նյարդայնացնում է պաշտոնական Բաքվին:

Ի՞նչ կարող է հետեւել նրա այս քննադատություններին՝ մանավանդ որ հարց է բարձրացնում, թե ո՞վ ասաց, որ խնդիրը ռազմական լուծում չունի:

-Ես չեմ կարծում, որ Ալիեւը կգնա սադրիչ գործողությունների, որովհետեւ այդ ամբողջ ելույթի սկիզբը նվիրված էր կորոնավիրուսի համավարակին, եւ այն բարդ իրավիճակին, որ ստեղծվել է Ադրբեջանում: Այդ պայմաններում քիչ հավանական եմ համարում սադրիչ գործողությունները: Բայց ես կարող եմ մի բան նշել. Ալիեւը մշտապես փորձել է փոխել բանակցային ֆորմատը, բայց մենք նշել ենք եւ նշում ենք, որ բացի Մինսկի խմբի 3 համանախագահության ֆորմատից, այլ բանակցային ձեւաչափ մեզ համար ընդունելի չէ եւ մենք թույլ չենք տա հարցը տեղափոխել այլ հարթակներ: Դա Ադրբեջանի երազանքն է, բայց դա չի իրականանա:

Այլ հարթակ ասելով ի՞նչ նկատի ունեք:

– Մասնավորապես, օրինակ, փորձեր են եղել տեղափոխել ՄԱԿ-ի հարթակ, փորձել լղոզել… Նույն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում երբ որ անդրադառնում էին արցախյան հարցին, մենք հստակ նշել ենք, որ սա այն տեղը չէ, որտեղ պետք է խոսվի բանակցային պրոցեսի մասին: Կա հստակ ֆորմատ, դա Մինսկի խումբն է եւ դա փոփոխության ենթակա չէ:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031