Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկրորդ կարգի զինվորական հաշմանդամի` Սարի թաղում գտնվող տունը ճաքեր է տալիս

Հուլիս 08,2020 13:00

Նրա ընտանիքն էլ վարձով է ապրում

Երեւանի ամենահին թաղամասերից մեկի` Սարի թաղի մասին խոսեցին այն ժամանակ, երբ 18 փողոցի տները սկսեցին «հոսել», փլուզվել, անգամ բնակիչներ մահացան: Կառավարությունը յոթ տարի առաջ մոտ տասը ընտանիքների ապահովեց բնակարաններով:

Պատճառը փլուզումների՝ սողանքն է, տարածքում իրականացրած ճանապարհաշինությունը, լանջահատումները, պայթեցումները, որի պատճառով վթարային տների պատերն անջատվում են իրարից, տանիքները դառնում հատակ, իսկ պատերի անցքերից այս ամռան տապին տարատեսակ սողուններն ու միջատները ակտիվորեն սողոսկում են ներս:

Երեխաները սարսափահար են:

«Առավոտ»-ին է դիմել Սարի թաղի 20 փողոցի 37 տան բնակիչ Վարդան Ավդալյանը: Նա ահազանգում է իրենց սեփական տան վթարային վիճակի մասին:

Վարդանն ասում է, որ իր ընտանիքի տասներկու անդամների հետ, որից վեցն անչափահաս երեխաներ են, ստիպված են եղել հեռանալ տնից, քանի որ ամեն օր տեսնում են, թե ինչպես են բացվում պատերը, փլուզվում տունը:

Մեկ հարկանի տան մասին այս տարվա հունվարին նա ներկայացրել է Երեւանի քաղաքապետին՝ նրա հետ հանդիպման ժամանակ: Քաղաքապետն ասել է`«Քո տունն է, քո հողն է, քո պատերն են, գնա սարքի»:

Վարդանն ասում է, որ կատարվածն իր մեղքով չի, այլ պետության, եւ պետությունը որեւէ միջոց ձեռք չի առել տների, այդ թվում` Վարդանի տան անվտանգությունն ապահովելու համար,  հայտնի էլ չէ, թե ի՞նչ է նախատեսվում նրա տան ու հարակից տների վերաբերյալ:

Վարդանի եղբայրն իր երեխաներով, տարեց ծնողները եւ ինքն առանձին բնակվում են վարձով:

Նա երկրորդ կարգի զինվորական հաշմանդամ է, ստանում է 47 000 հազար դրամ հիվանդության թոշակ, իսկ աշխատավարձը տալիս է վարձով բնակարանում բնակվելու համար:

Ըստ էության, երեք մետր դատարկ տարածք է դարձել երբեմնի անվտանգ տունը:

Ի դեպ, Երեւան քաղաքի զարգացման 2020 թվականի 5-ամյա ծրագրում քաղաքապետարանը նախատեսել էր ավելացնել միջոցները` լուծելու 4-րդ կարգի վթարային մի շարք շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով: Շենքերի, սակայն ոչ տների:

Սարի թաղի բնակիչների համար մտածե՞լ են երբեւէ բնակֆոնդ կամ ֆինանսներ տրամադրելու մասին՝ այս աղետալի վիճակից դուրս գալու համար: Տունը վթարային կարգավիճակ էլ չունի:

«Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքը միտված է շենքերի եւ շինությունների սեյսմիկ պաշտպանությանը` շենքերի, շինությունների սեյսմակայունության ապահովմանը, շենքերի եւ շինությունների վնասման եւ փլուզման, մարդկային ու նյութական արժեքների կորստի հավանականությանը, հնարավոր վնասվածության աստիճանի կանխատեսմանը, ուժեղ երկրաշարժի դեպքում արագ արձագանքմանն ու բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով նրա բնականոն կենսագործունեության ժամանակավոր խախտման մասին ազդարարմանը:

Այդպե՞ս է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031