Վավերագրական կինոնկարի ստեղծողները մտադիր են այն ներկայացնել մեծ էկրաններին:
Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում, նախագծի հեղինակը եւ ռեժիսորը Մանանա Հակոբյանն է, երաժշտության հեղինակը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գեւորգյանը:
Ֆիլմի մասին «Առավոտին» հայտնեց նախագծի պրոդյուսեր Էդգար Այվազյանը: Նա նշեց, որ բավականին ժամանակ մտածում էին սրբազանի մասին ֆիլմ ստեղծելու մասին, եւ գաղափարն, իր ձեւակերպմամբ, վաղուց հասունացել էր:
Էդգար Այվազյանը տեղեկացրեց, որ օգտվել են Արցախի վերաբերյալ պատմական աղբյուրներից, ֆիլմում նաեւ Պարգեւ Սրբազանի մասին աշխարհիկ եւ հոգեւոր անձանց հուշերն են ու հետաքրքիր պատմություններ, ֆիլմում ներառված են Արցախի թեմի առաջնորդի հիշողությունները Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի եւ այլ հայորդիների մասին:
Կարդացեք նաև
«Այնպիսի հերոսների ու պատմությունների ենք անդրադարձել, որ այս դժվարին օրերին մարդկանց մտքով չէր կարող անցնել, բայց ֆիլմը նայելիս ցանկացած ոք կարող է պատկերացում կազմել թե՛ մեր եկեղեցու ուժի, թե՛ հոգեւոր առաջնորդի եւ թե՛ պատերազմի ժամանակ նրա գործողությունների մասին: Մի խոսքով սա եւ մշակութային ֆիլմ է, եւ հոգեւոր, եւ կրթական նշանակություն ունեցող»,-ընդգծեց պրոդյուսերը
Նա մեջբերեց Պարգեւ սրբազանի խոսքը, որ շատ տպավորել էր իրեն. «Աստված եկավ ասելու արցախահայությանը՝ ես ձեզ հետ եմ, շարունակեք, թեմը եկավ, հաղթանակն եկավ, պետականություն ստեղծեցինք եւ այս ամենը մենք արել ենք համահայկական ջանքերով»: Պրոդյուսերը հայտնեց, որ «Սպիտակ Խաչի Պաշտպանը» ֆիլմը, որի նկարահանումներն իրականացնում է Kadr Production-ը, պատրաստվում են ցուցադրել մեծ էկրաններին: Պրեմիերան նախատեսված է այս տարվա նոյեմբերին Ստեփանակերտում եւ Լոս Անջելեսում: Էդգար Այվազյանը հայտնեց, որ ֆիլմի նպատակն է եւս մեկ անգամ բարձր պահել պատմամշակության, ազգային, կրթական եւ եկեղեցական արժեքները:
Պրոդյուսերի խոսքով, ֆիլմը ներկայացնելու է Արցախի հերոս Պարգեւ սրբազանի անցած ուղին, նրա հսկայական ծառայությունը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերազարթոնքի եւ հոգեւոր արժեքների պահպանման գործում, ինչպես նաեւ նրա ունեցած մեծ դերակատարումը՝ Արցախյան պատերազմում: Բացի այս օրերին Արցախում իրականացված նկարահանումներից, նախատեսվում է այցելել 7 երկրներ, որտեղ եւս իրականացվելու են ֆիլմում տեղ գտած կարեւորագույն հերոսների նկարահանումները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.07.2020