Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանն ու Ստեփանակերտը բախվել են կոշտ դիմակայության

Հուլիս 08,2020 12:00

Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսից հետո Հայաստանի արտգործնախարարը շտապեց Արցախ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հունիսի 30-ին կայացած տեսակոնֆերանսից ընդամենը մի քանի օր անց աշխատանքային այցով Արցախ մեկնեց:

Մարտի 31-ին Արցախում անցկացված համապետական ընտրություններից հետո սա Մնացականյանի առաջին այցն էր:

Հուլիսի 4-ին Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Արցախ նախագահը կարեւորել էր Հայաստանի եւ Արցախի միջեւ տարբեր մակարդակներով պարբերական շփումները՝ ԼՂ խաղաղ գործընթացի բովանդակային եւ միջավայրի հարցերի շուրջ դիրքորոշումները եւ մոտեցումները ճշգրտելու եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին եւ համագործակցության հեռանկարներին անդրադառնալու տեսակետից:

Մնացականյանն իր հերթին կարեւորել էր՝ Արցախում կայացած մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրություններն ի ցույց դրեցին Արցախի ժողովրդի եւ ղեկավարության հաստատակամությունը՝ ամրապնդելու եւ կառուցելու ապագան հենց այդ հիմքերի վրա:

Այնուհետեւ ՀՀ ԱԳ նախարարը նշել էր. «Բազմիցս ընդգծել ենք այն գերակայությունները, որոնց շուրջ կառուցում ենք մեր աշխատանքը. Արցախի ներգրավվածությունը, ինքնորոշման իրավունքի իրացումը, ինչպես նաեւ Արցախի անվտանգային համակարգի կայունությունը: Այս կարեւորագույն դրույթների հիման վրա մենք կառուցում ենք մեր բոլոր դիրքորոշումները՝ հասկանալով, որ մենք պետք է հասնենք այնպիսի լուծման, որն ընդունելի է բոլոր երեք կողմերի համար: Արցախի կողմի մասնակցությունը խաղաղ բանակցային գործընթացում կարեւորագույն խնդիրներից մեկն է եւ ամենից զատ դա պրակտիկ խնդիր է, քանի որ հարցը վերաբերում է անմիջապես Արցախի ժողովրդին, Արցախի ժողովրդի եւ Արցախի ղեկավարության մոտ խաղաղ գործընթացի հանդեպ այդ սեփականության զգացման ամրապնդմանը: Դրանք սկզբունքային եւ պրակտիկ հարցեր են գործընթացում ռեալ եւ շոշափելի առաջընթաց ունենալու համար»:

ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանգամանալից մտքեր են փոխանակվել համանախագահների եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի մասնակցությամբ անցկացված վերջին տեսակոնֆերանսի շուրջ:

Հայաստանի արտգործնախարարի ելույթներում, հարցազրույցներում, ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրություններում մշտապես կարմիր թելի նման անցնում են՝ «հակամարտությունը անմիջապես Արցախի ժողովրդին է վերաբերում», «մեզ համար հարցը վերաբերում է Արցախի մարդկանց», «կոնկրետ 150 հազար մարդկանց էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության հարց է», «այդ մարդկանց իրավունքների հարցն է, պաշտպանության հարցն է» ձեւակերպումները:

Ըստ երեւույթին, այս կերպ, պաշտոնական Երեւանը ձգտում է ամրապնդել Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հավասարությունը՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հետ: Բարդ չէ կռահել, որ ուրեմն հայկական կողմը բախվում է ադրբեջանական կոշտ դիմակայության՝ տարածքային ամբողջականության սկզբունքն առաջ տանելու ճանապարհին, որը Բաքվի համար առաջնային է, իսկ ինքնորոշման իրավունքի որեւէ հիշատակում, որեւէ փաստաթղթում՝ անթույլատրելի:

Նույն օրը Ստեփանակերտում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Նրանք քննարկել էին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ վերջին տեսակոնֆերանսը: Այդ համատեքստում Մնացականյանը նշել է. «Մեզ համար սա լավ առիթ է՝ Արցախի նորընտիր իշխանությունների հետ ավելի առարկայական խորհրդակցելու եւ համադրելու մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթությունների շուրջ առկա դիրքորոշումները, եւ առաջին հերթին, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում»:

Մնացականյանը կարեւորել է Արցախի լիարժեք մասնակցությունը խաղաղ գործընթացում: «Նախեւառաջ դա զուտ գործնական հարց է, որովհետեւ խաղաղ կարգավորումը վերաբերում է Արցախի ժողովրդին: Սա անհերքելի իրողություն է, որը պահանջում է Արցախի ժողովրդի եւ նրանց կողմից ընտրված իշխանությունների ավելի ընդգծված ներկայություն եւ վերջիններիս մոտ խաղաղ գործընթացի հանդեպ սեփականության զգացման ամրապնդում»:

Նույն օրը ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպել է նաեւ Արցախի ԱԳՆ անձնակազմի հետ, որի ընթացքում ներկայացրել է միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներն ու մոտեցումները, ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է նաեւ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի, ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հետ: Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների նշանակությունը՝ որպես Արցախի ժողովրդի վճռականության եւ կամքի արտահայտություն՝ կառուցելու սեփական ապագան մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հիմնարար սկզբունքների վրա, ապա հավելել է. «Սա շատ էական գործոն է Արցախի ժողովրդի համար բոլոր առումներով, ներառյալ այն առումով, որ Արցախի ժողովուրդը ծանր փորձությունների միջոցով վաստակել է ազատ ապրելու իր իրավունքը եւ ամենայն պատասխանատվությամբ է կառուցում իր ապագան»:

Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցի շրջանակներում Ստեփանակերտում կայացել է հանդիպում Ադրբեջանից հայ փախստականների միության, Արցախի ժուռնալիստների միության, Ստեփանակերտի մամուլի ակումբի, Շուշիի կանանց ռեսուրսային կենտրոնի, Երիտասարդության միջազգային քրիստոնեական միության (YMCA), Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի եւ Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտի ղեկավարների հետ: ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում ասվում էր, որ Մնացականյանը նրանց ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները եւ կարեւորեց քաղաքացիական հասարակության դերը հումանիտար ոլորտի շփումներում։

Այսպես, Մնացականյան-Մամեդյարով վերջին տեսակոնֆերանսից հետո՝ Հայաստանի արտգործնախարարը շտապել է Արցախ: Նա, վստահաբար, ունեցել է ուղերձներ՝ ներկայացնելու Արցախի իշխանություններին, նաեւ քաղաքացիական հասարակությանը:

Թվում է, թե սա արարողակարգային մի այց է, սակայն այս այցով նաեւ միջնորդներին ու Ադրբեջանին է ուղերձ հղվել, քանի որ կրկին Ստեփանակերտում շեշտվել է, որ՝ առանց Արցախի իշխանության մասնակցության անհնար է առաջխաղացում ապահովել բանակցային գործընթացում:

Ի դեպ, ուշագրավ է, որ Մնացականյանը Ստեփանակերտում չի հանդիպել Արցախի ազգային անվտանգության քարտուղար Սամվել Բաբայանի հետ, որն օրերս խոստացել է, որ առաջիկայում խոսելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ դրա շահարկումների թեմայով:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 07.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031