Բրազիլիայի 65-ամյա նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուս է հաստատվել: Բրազիլիայի նախագահը թեստ է հանձնել այն բանից հետո, երբ ջերմություն է ունեցել: Միևնույն ժամանակ նա ասել է, որ իրեն լավ է զգում և թույլ ախտանիշներ ունի:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հուլիսի 4-ին Բոլսոնարուն հրապարակել է իր լուսանկարը ԱՄՆ դեսպանի հետ, ուշագրավ է, որ նախագահը եղել է առանց դիմակ: Բրազիլիայի նախագահը նախկինում բազմիցս հայտարարել է, որ Covid-19-ը սովորական մրսածություն է և պետք է չէ դրան շատ լուրջ վերաբերվել: Նա նաև հրաժարվում էր սոցիալական հեռավորություն պահպանել և դիմակ կրել այն դեպքում, երբ Բրազիլիան կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրն է ԱՄՆ-ից հետո, այստեղ վարակվել է շուրջ 1.6 միլիոն մարդ, մահացել ավելի քան 65 հազարը:
Միևնույն ժամանակ Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են, որ կորոնավիրուսով հիվանդների թվաքանակի աճի պատճառով կրկին կարանտինի ռեժիմ է սահմանվել հինգ միլիոն բնակչություն ունեցող Մելբուռնում: Իսրայելում ևս խստացվել են սահմանափակման կանոններն այն բանից հետո, երբ երկուշաբթի երկրում գրանցվել է կորոնավիրուսի 1000 նոր դեպք: Իսրայելի իշխանությունները որոշել են փակել մարզասրահները, լողավազանները, հյուրանոցները և զբոսաշրջային օբյեկտները: Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Իսրայելին մեկ քայլ է բաժանում կորոնավիրուսի երկրորդ ալիքից:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին, ապա դրանք շատ ավելի լուրջ են, քան կանխատեսվում էր: Այս մասին հայտարարել է ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը: Նոր կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարում ԵՄ տնտեսությունը կգրանցի անկում 8.3 տոկոսի չափով:
Կարդացեք նաև
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ