Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սահմանադրական կարգի տապալման գործի քննությունը շարունակվում է:
Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը առարկություն ներկայացրեց դատախազ Գեւորգ Բաղդասարյանի՝ նախորդ նիստում ներկայացրած միջնորդությանը: Իսկ դատախազի միջնորդությունը վերաբերում էր իրավունքի չարաշահման փաստն արձանագրելուն եւ դատական վեճի նախապատրաստական մասը սահմանափակելուն: Նա ասում էր, որ դատական նիստերը ձգձգելու նպատակով պաշտպանության կողմն անընդհատ կրկնել է իր միջնորդությունները՝ նույնիսկ չկարողանալով ձեւականորեն փոփոխել դրանց հիմքը:
Հետո առարկություն ներկայացրեց նաեւ Հայկ Ալումյանը, այնուհետեւ՝ պաշտպան Կարեն Մեժլումյանը: Տուժողների իրավահաջորդ Տիգրան Եգորյանը առարկեց դատարանի անգործության դեմ. «Այս մակարդակի քննարկումները առողջությանն են վնաս ու սա հետեւանք է միայն մի բանի՝ նախագահող դատավորը 6-7 էջանոց միջնորդության վերաբերյալ, որը ներկայացրել է մեղադրողը չի սահմանում գոնե այդ 6 կամ 7 էջի չափ առարկություն ներկայացնելու միջոց, open end-ով խոսելու հնարավորություն է տրվում: Դրա համար ամեն մեկը իր պատկերացումների շրջանակներում կարող է տարբեր բաներ խոսել, այդ թվում՝ ես: Ես խնդրում եմ, ձեռնարկեք միջոց, հնարավոր չի 6 էջանոց միջնորդության կապակցությամբ 3 ժամ խոսի 3 պաշտպան: Դա հնարավոր չի, դա անհարգալից վերաբերմունք է այս դատավարության մասնակիցների նկատմամբ՝ նախագահող դատավորի կողմից: Ես որեւէ մեկին չեմ մեղադրելու՝ իմ կոլեգա կլինի, թե հակառակ կողմ, սա նախագահող դատավորի մեղավորությունն է, հնարավոր չի այս կերպ շարունակել»:
Ըստ Եգորյանի, հանրային հետաքրքրություն ներկայացնող գործ է սա ու չի կարելի ժամավաճառությամբ զբաղվել, այսքան երկար ռեսուրս ծախսել: Մեժլումյանն ասաց, որ պաշտպաններին անգամ միջնորդություն ներկայացնելու իրավունքից են զրկում:
Կարդացեք նաև
Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ մեղադրող կողմն ակնհայտ անհիմն միջնորդություն է ներկայացրել. «Դատախազները հանդես են գալիս մեղադրանքի, այլ ոչ թե պաշտպանի կողմում, իրականում զավեշտը կայանում է նրանում, որ դատախազները, որոնք կոչված են լինելու իրավունքի պաշտպան, այստեղ պաշտպանում են մի մեղադրանք, որն աղերս չունի թե՛ իրավունքի, թե՛ առհասարակ իրավաբանության հետ: Զավեշտը կայանում է նրանում, որ դատախազ Բիշարյանը որեւէ տեղեկություն չունենալով Վիքիլիքսի հրապարակման մասին, որն, ի դեպ, հանդիսանում է Արմեն Գեւորգյանին առաջադրված ապօրինի մեղադրանքի սյունը, այստեղ այսօր պաշտպանում է Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքը: Ամենազավեշտալին գիտե՞ք որն է՝ դատախազության ներկայացուցիչները իրավունքի չարաշահման վերաբերյալ միջնորդություն են ներկայացնում միայն բացառապես այն ժամանակ, երբ դրա մասին մամուլում խոսքով հանդես է եկել իշխող ուժի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Ես դա համարում եմ ամենակլասիկ զավեշտը»:
Ալեքսանյանը հորդորեց մերժել դատախազի միջնորդությունը՝ ասելով. «Որեւէ մեկի մոտ թյուր կարծիք չլինի, որ պաշտպանները հրաժարվում են մտնել ապացույցների հետազոտման փուլ: Պաշտպանական կողմը բոլորից շատ շահագրգռված է մտնել ապացույց ների հետազոտման փուլ, որովհետեւ դատախազներն իրենց միջնորդության մեջ արված դատողություններից, ես վստահ եմ, կզղջան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ