Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծառուկյանի բողոքների քննությունն ավարտվեց. «Հուսանք՝ դատարանը կընդունի մեր փաստարկները»

Հուլիս 07,2020 17:19

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր առավոտից քննում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի եւ դատախազության բողոքները:

Քիչ առաջ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դռնփակ նիստն ավարտվել է, կողմերը ներկայացրել են առարկությունները, իսկ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը, սակայն ժամը դեռ հստակ չէ:

Հիշեցնենք՝ օրերս առաջին ատյանի դատարանը մերժեց Ծառուկյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը, ինչի դեմ վերաքննիչ բողոք է հղել դատախազությունը, իսկ Ծառուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքները մի քանի պահանջ են ներառում, այդ թվում՝ հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը. բողոքները վերաբերում են նաեւ քրեական գործը ՀՔԾ-ի փոխարեն ԱԱԾ-ի կողմից քննվելու հանգամանքին եւ այն փաստին, որ ԱԺ-ում գլխավոր դատախազի ներկայացրած՝ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու միջնորդագրի եւ դատարանում դատախազության ներկայացրած՝ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության միջեւ էական տարբերություններ կան:

«Դատարանը երկու կողմերին էլ բավականին խորը հարցեր առաջադրեց: Հույս ունենք, որ դատարանը կընդունի մեր բողոքների փաստարկները: Մենք խորը վերլուծություններ ենք արել՝ արդար դատաքննության իրավունքի խախտման հետ կապված, որովհետեւ մեր դիրքորոշմամբ՝ պատահական պետք է ընտրվի, թե որ դատավորն է գործը քննում, ոչ թե դատարանի նախագահի ցանկությամբ մակագրում տեղի ունենա: Դա արդեն իսկ արդար դատաքննության իրավունքի խախտում է»,-լրագրողների հետ զրույցում նշեց Երեմ Սարգսյանը: Նրա խոսքով՝ եթե վերաքննիչը չբավարարի իրենց բողոքները, կդիմեն ավելի բարձր դատական ատյաններին:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը բողոքների քննությանը չի մասնակցում, նա վարակված է կորոնավիրուսով: ԲՀԿ առաջնորդին առնչվող քրեական գործերը վերաբերում են, այդ թվում 2017-ին ընտրակաշառքի ենթադրյալ բաժանման եւ հարկերից ենթադրյալ խուսափելու դեպքերին: Ծառուկյանն ու ԲՀԿ պատգամավորները գործընթացը քաղաքական հետապնդում են համարում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031