«Ես նորից ուզում եմ կոչ անել մեր գործընկեր լրագրողներին նման մանիպուլյացիաներ չանել, քանի որ դրանք ուղիղ սպառնալիք են մեր հանրային առողջությանը եւ մի փոքր պատասխանատվության զգացողություն ունենալ, ինչքան էլ, որ դա դժվար է որոշ լրատվամիջոցների լրագրողների համար, եւ չաղավաղել իմ խոսքերը»,-այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, ըստ որի նախարարը քաղաքացիներին հորդորել է օգտագործել միայն բժշկական դիմակներ, իսկ ոստիկանական մեքենաներով հայտարարություն է տարածվում, որ քաղաքացիները կարող են նաեւ ինքնաշեն դիմակներ կրել։ Ինչո՞ւ են հակասող հայտարարությունները շարունակվում:
«Ես ասել եմ, որ անհրաժեշտ է կրել բժշկական դիմակներ այն ժամանակ, երբ դա հնարավոր է եւ կտորե դիմակ կրել այն ժամանակ, երբ բժշկական դիմակ կրելն ինչ-որ պատճառներով հնարավոր չէ, հատկապես ֆինանսական։ Քանի որ կտորե դիմակներն ավելի քիչ են պաշտպանում վարակներից եւ վերահաստատում եմ իմ պնդումը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ