Այսօր հուլիսի 6-ին մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն: Նա ավելի քան 500 ստեղծագործությունների հեղինակ էր, այդ թվում բազմաթիվ հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակ:
Իտալիայի նախագահ Ս. Մատարելլան իր ցավակցությունն է հայտնել Մորիկոնեի մահվան կապակցությամբ. «Էնիո Մորիկոնեի մահը մեզ զրկում է մի առանձնահատուկ ու հանճարեղ արվեստագետից: Երաժիշտ, որը լինելով միաժամանակ նրբաճաշակ և ժողովրդական, խորը հետք է թողել 1900 ականների երկրորդ կեսի երաժշտության պատմության մեջ: Ֆիլմերի համար գրված երաժշտությամբ մեծապես նպաստել է Իտալիայի հեղինակության տարածմանն ու ամրապնդմանը աշխարհում»:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ կազմակերպվել էր Մորիկոնեի 90-ամյակին նվիրված համերգ, որին ներկա էր եղել նաև երկրի նախագահը:
Չի ուշացել նաև երկրի վարչապետ Ջ.Կոնտեի ցավակցությունը: Նա թվիթերի իր էջում գրում է. «Միշտ անսահման երախտագիտությամբ կհիշենք մաեստրո Էնիո Մորիկոնեի արտիստական հանճարը: Նա մեզ երազել տվեց, հուզվել և խորհել՝ գրելով հիշարժան նոտաներ, որոնք անջնջելի կմնան երաժշտության և կինոյի պատմության մեջ»:
Ցավակցական ուղերձ է հղել նաև մշակույթի նախարար Դ. Ֆրանչեսկինին. «Բախտ եմ ունեցել հանդիպելու նրան և չեմ մոռանա այն էներգիան և այն ուժը, որ ի վիճակի էր փոխանցել նույնիսկ միայն հայացքով»,-գրել է նախարարը:
Il Sole24ore թերթը, հաղորդելով լուրը, անդրադարձ է կատարում նաև կոմպոզիտորի կերպարին՝ նշելով, որ նա առանձնանում էր բացառիկ համեստությամբ: Թերթը մեջբերում է 2016 թ.ին Օսկարի ժամանակ Մորիկոնեի խոսքից մի հատված. «Չկա կարևոր երաժշտություն առանց կարևոր ֆիլմի, որը ներշնչանքի աղբյուր կհանդիսանա: Շնորհակալություն եմ հայտնում Քվենտին Տարանտինոյին ինձ ընտրելու համար»: Դա մաեստրոյի երկրորդ Օսկարն էր, առաջինը ստացել էր 2006 թ.ին կինոմատոգրաֆիայում ունեցած զգալի վաստակի համար:
Մաեստրոյի մահվանն են անդրադարձել նաև բազմաթիվ արվեստագետներ: Աշխարհահռչակ դիրիժոր Ռ. Մուտին գրում է. «Բացառիկ երաժիշտ ոչ միայն ֆիլմերի երաժշտության, այլ նաև դասական ստեղծագործությունների համար: Կկարոտենք նրան որպես մարդու և որպես արտիստի»:
Հատկանշական է, որ Մորիկոնեն արդեն գրել էր իր իսկ մահախոսականը, որում ասում է. «Ես՝ Էնիո Մորիկոնես, մահացել եմ»,- ապա շարունակում,-այսպես եմ հայտնում բոլոր ընկերներիս, որ իմ կողքին են եղել ու նաև նրանց, որոնք հեռու էին, և բոլորին ջերմորեն հրաժեշտ եմ տալիս: Անհնար է նշել նրանց բոլորին»: Ի դեպ մաեստրոն չի ցանկացել, որ թաղման արարողությունը լինի հանրային՝ նշելով, որ դրա միակ պատճառն այն է, որ չի ցանկանում անհանգստություն պատճառել:
Անի Վարդանյան