Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկնավարակման դե՞պք, թե՞ վիրուսի երկար տևողություն Գյումրիում

Հուլիս 06,2020 22:02

Օրերս Գյումրու բժշկական կենտրոն են բերել մի բուժառուի, որը մեկ ամիս առաջ Covid-ով հիվանդ է եղել, բուժում է ստացել Գյումրու ինֆեկցիոնում, առողջացել, դուրս է գրվել այնտեղից՝ թեստերի բացասական պատասխանով։ Մեկ ամիս անց Գյումրի բժշկական կենտրոն է բերվել թոքաբորբով, ու թեստը ցույց է տվել դրական։

Մենք Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանից հետաքրքրվեցինք, թե սա արդյոք կրկնավարակման դե՞պք է, թե՞ հնարավոր է որոշակի շփոթմունք լինի՝ թեստավորման հետ կապված։

«Բուժառուն կլինիկա ունի, դրա համար են մեր բժիշկները նորից թեստավորել, նման եզակի դեպքեր կան, թեև այն նեղ մասնագիտորեն կարող են բացատրել վարակաբանները։ Մարդը բուժվում է, բկանցքից վերցվում է քսուք, թեստավորման ժամանակ հնարավոր է ողողումներ արած լինի ու թեստը խաբուսիկ լինի։ Թոքերի հետ կապված խորը նմուշառում հնարավոր չէ անել, ու քանի որ կլինիկան զարգանում է, որոշ ժամանակ անց հնարավոր է նորից ի հայտ գա բկանցքում։ Նման դեպք կա, կան նաև նման բացատրություն, որ ախտահարում է թոքերը, նորից բարձրանում է կոկորդ։ Որքանով է հիմնավորված, չգիտեմ, բայց փաստը մնում է այն, որ մենք ունեցել ենք նման դեպք, երբ առաջնային օղակում բացասական պատասխան ունեցող հիվանդի թեստը մեր մոտ դրական է ցույց տվել։ Նույնիսկ ունենք հիվանդ, որի թեստը բացասական է եղել, բայց ինքը ծայրահեղ ծանր է եղել, մահացել է, թեստը բացասական էլ մնացել է։

Հիվանդը տարեց մարդ էր՝ 82 տարեկան, ճիշտ է բացասական թեստով էր, մեզ մոտ էլ ցույց տվեց բացասական, բայց իր թոքաբորբը շատ նման էր Covid-ի թոքաբորբի։ Դա կարող է մի փուլ լինի, որի համար մենք շատ զգուշավոր ենք դառնում․ հիմա դիմել ենք մարզպետարանի առողջապահության վարչություն, ինչի՞ համար, որովհետև շատ ինքնաբուժվողներ են սկսել ի հայտ գալ։ Գնում են ինչ-որ մի տեղ թոքերը նկարում են, անալիզներ են հանձնում, ինչ-որ բժիշկների հետ բուժում են սկսում, չեն գրանցվում առաջնային օղակում, հետո վատանում են, ծայրահեղ ծանր բերում են մեր մոտ։ Նույն այդ տարեց մարդունը, մտածում եմ՝ եթե այդքան օր չի դիմել հիվանդանոց, հնարավոր տարբերակ է, որ ինքը կորոնավիրուսով հիվանդացած է եղել, բուժում է ստացել տնային պայմաններում, վիրուսն արել է իր գործը, ոչնչացել է օրգանիզմից, բայց իր մոտ թոքաբորբը շարունակվել է ու այդպես ծայրահեղ վիճակում եկավ մեր մոտ։

Խնդրանք, հատկապես տարեց մարդկանց, որտեղ հետազոտություն են անցնում, հետազոտություն անցկացնողները թող տեղյակ պահեն ու անպայման ուղղորդեն առողջապահության առաջնային օղակում գրանցվելու, որովհետև կկանգնեն փաստի առաջ, և հիվանդները վատ վիճակում կհայտնվեն։ Իսկ մենք բոլոր այդ տվյալները միանշանակ ուղղորդելու ենք առողջապահության նախարարություն, հարցեր են առաջ գալու, ինչո՞ւ հիվանդը չի գրանցված առաջնային օղակում, ինչո՞ւ թեստավորված չէ, առավել ևս, որ առաջնային օղակում թեստավորումն անվճար է»։

Արմեն Իսահակյանը խորհուրդ է տալիս թեստի բացասական պատասխանից հետո մնալ բժշկի հսկողության տակ ու շարունակել բուժումը, վիրուսը կարող է իր գործ արած լինի ու ոչնչանա, բայց նրա հետևանքները մնան, օրինակ՝ ախտահարի որևէ օրգան, որը որոշ ժամանակ հետո սկիզբ դնի մեկ այլ, նոր հիվանդության, օրինակ՝ թոքաբորբի։

Ի դեպ, Գյումրիում կան դեպքեր, երբ մարդիկ թաքցնում են իրենց վարակակիր լինելը, չեն ուզում շրջապատն իմանա, մի մասսա էլ կա, որը, չգիտես ինչու, ամաչում է վարակված լինելու համար։

Այս մասին ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031