Բժշկական դիմակներ արտադրող հայկական «Սալյուս» ընկերությունը, որն արդեն 5 տարի է գործում է շուկայում եւ կորոնավիրուսով եւ նաեւ վարչապետի հորդորով պայմանավորված էլ գումարներ է ներդրել եւ մեծ քանակությամբ հումք ձեռք բերել՝ արտադրության ծավալները մեծացնելու համար, այսօր կանգնել է լուրջ խնդրի առաջ: Եթե շուկան չկարգավորվի, ընկերությունը կգնա դիմակի արտադրությունը կասեցնելու ճանապարհով, քանի որ անորակ դիմակների ծավալների ավելացմանը զուգահեռ շուկայում նվազել է որակյալ դիմակների պահանջարկը:
Ընկերության տնօրեն Ժիրայր Մանդալյանը Aravot.am-ի հետ զրույցում նշում է, որ շուկայում հայտնվել են արտադրողներ, որոնց արտադրանքն ավելի մատչելի է, սակայն անորակ է եւ չի համապատասխանում բժշկական դիմակի ստանդարտներին. «Դաշտում մի քանիսը հայտնվել են, որոնք անորակ դիմակներ են արտադրում եւ էժան էլ տալիս են, մարդիկ էլ ոչ բոլորն են հասկանում. ասում են՝ եռաշերտ է, եւ, թվում է ամեն ինչ նորմալ է, բայց մեջտեղը պետք է ֆիլտր լինի, եթե այդ ֆիլտրը չեղավ, դիմակի իմաստը կորում է»:
Դաշտում խոշոր արտադրողներից է նաեւ «Տավուշ» տեքստիլը, բայց, ըստ Ժիրայր Մանդալյանի, ինքն այս ընկերության հետ խնդիր չի տեսնում, քանի որ նրա արտադրանքը համապատասխանում է բժշկական դիմակի համար նախատեսված չափանիշներին: Ասում է՝ իր մտահոգությունն ավելի շատ ուղղված է այնպիսի արտադրողների հայտնվելուն, որոնք որակի հաշվի ավելի էժան գին են առաջարկում, ինչի հետեւանքով որակյալ արտադրողների բիզնեսը տուժում է: Պարոն Մանդալյանի խոսքով, իր ընկերությունը 5 տարի է շուկայում գործում է, եւ իրենցից դիմակներ ձեռք են բերում դեղատները, բուժհաստատությունները իսկ վերջին ամիսներին էլ՝ պետական մի քանի կառույցներ՝ ՊԵԿ-ը, առողջապահության նախարարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, արդարադատության նախարարությունը: Սակայն վերջին 15-20 օրը որոշ պետական կառույցներ դադարեցրել են դիմակների ձեռքբերումը:
Թե ինչո՞ւ, պարոն Մանդալյանն ասում է՝ այդ հարցի պատասխանը չգիտի: Նրա խոսքով, սակայն, որոշ գերատեսչություններ նշել են, որ որոշ քանակությամբ օգնություն են ստացել եւ միառժամանակ դիմակների գնումը կդադարեցնեն: «Սալյուս» ընկերությունը դիմակները վաճառել է 60 դրամով:
Կարդացեք նաև
«4-5 ամիս առաջ դաշտում միայն ես էի տեղական արտադրող, բայց գերիշխող չէի եւ զբաղեցնում էի շուկայի 5-10 տոկոսը: Մնացածը ներկրում էին: Հիմա թե քանի՞սն են հայտնվել ու ինչքանո՞վ են պահում արտադրության ստանդարտները, պարզ չէ: Բայց կարող եմ ասել, որ 20 տոկոսն է, որ որակյալ է, մնացածն անորակ դիմակներ են արտադրում եւ մրցակցությունից դուրս են մղում որակյալ արտադրողներին: Պետք է որակի պահով կարգավորվի, մենք էլ հասկանանք՝ շարունակո՞ւմ ենք արտադրել, թե՝ ոչ: Ես չեմ կարող անորակն արտադրել»,-ասաց Ժիրայր Մանդալյանը՝ հրավիրելով պատական կառույցների, մասնավորապես՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրությունն այս խնդրին. «Գուցե հարցը պետք է ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրի, որպեսզի շուկայում գերիշխող չլինի: Ես արդար մրցակցություն եմ ուզում, ով կդիմանա՝ կդիմանա, ոչ թե ասեն՝ եռաշերտ է ու ինչ նյութ ասես օգտագործեն: Պետք է պետական կառույցներն այս հարցին հետեւողական լինեն, որովհետեւ, սա նաեւ մարդու առողջությանն է վերաբերում եւ պարզ չէ, թե անհայտ ծագման ի՛նչ նյութերից են այդ դիմակներն արտադրվում, որոնք ավելի շատ կվնասեն, քան՝ օգուտ կբերեն»:
Տնտեսվարողի խոսքով, քանի որ իր արտադրանքը շուկայի մոտ 10 տոկոսն է զբաղեցնում, այդ ծավալները պահպանվելու դեպքում ինքը կարող է արտադրությունը շարունակել, սակայն ծավալները կրճատվելու պարագայում ստիպված կլինի դիմակի արտադրությունը դադարեցնել, որպեսզի արտադրածը չկուտակվի ու ինքն էլ սկսի վնասներ կրել: Սակայն, եթե դաշտը կարգավորվի, պարոն Մանդալյանը մտադիր է մեկանգամյա օգտագործման այլ իրերի արտադրություն էլ հիմնել, որը կբերի նոր աշխատատեղեր: Նրա խոսքով, կանխատեսումները, իրավիճակը ցույց է տալիս, որ կորոնավիրուսը դեռ մեկ տարի էլ լինելու է եւ պետությունը չպետք է մեկ կամ երկու արտադրողից կախված լինի. «Որովհետեւ այդ մեկ-երկուսը կարող են գին թելադրել: Ես ամենահին արտադրողներից եմ եւ ինձ համար վիրավորական է, որ որոշ արտադրողներ, որոնք չգիտես որտեղ են կազմակերպում իրենց արտադրությունը, որոշներն անգամ՝ նկուղներում, եւ մեկ-երկու ամսում դուրս են մղում դաշտում եղած որակյալ արտադրողին»:
Պարոն Մանդալյանն ասաց, որ 2015-ին Մոսկվայից եկել է Հայաստան եւ բիզնես հիմնել եւ չի ցանկանա, որպեսզի անբարեխիղճ մրցակիցների պատճառով որակյալ դիմակների արտադրությունը կասեցնի:
Գործարարի բողոքի առնչությամբ Aravot.am-ը դիմեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: Մեր հարցերին ի պատասխան՝ հանձնաժողովից հայտնեցին, որ ՏՄՊՊՀ-ն դիմակների շրջանառության ոլորտում վարույթ է հարուցել եւ բարձրացված հարցը եւս հանձնաժողովը կքննարկի. «Լրացուցիչ կտեղեկացնենք»,-նշեցին հանձնաժողովից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ