Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ տանում է նրան, որ մենք առնվազն մի անգամ կերկարացնենք արտակարգ դրության ռեժիմը». Նիկոլ Փաշինյան

Հուլիս 06,2020 19:33

Որո՞նք են կառավարության գլխավոր սխալները՝ COVID-19-ի դեմ պայքարում, կլինե՞ն պաշտոնյաներ, որոնք պատասխան կտան այդ սխալների համար: Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում այս հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հիմա մենք գիտենք, թե ինչու են թվերն աճում, որովհետեւ մենք լոքդաունի իրավիճակից հրաժարվել ենք մի պայմաններում, երբ մեր օրական թիվը ավել է եղել 100-ից: Մեր օրական թիվը, երբ 100-ից ավել է եղել, օրինակ, մայիսի 14-ի դրությամբ, դա նշանակում է, որ լոքդաունի պայմաններում են այդ վարակները տեղի ունեցել, որովհետեւ մենք ունեցել ենք ինկուբացիոն շրջան 7-14 օր: Մենք արձագանքել ենք դրան մի պայմաններում, երբ իմացել ենք, որ մեր երկրում ապրիլ ամսին փակվել է 72 հազար աշխատատեղ: Նույն առողջապահության նախարարը միշտ դա շեշտել է, որ մենք պետք է զրոյացնենք դեպքերը, հետո գնանք բացման: Առողջապահական տեսակետից ինքը ճիշտ է ասել, բայց եթե մենք գնանք այդ ճանապարհով, այդ ընթացքում 70 հազար աշխատատեղ փակվեց ապրիլին, եւս 70 կամ 100 հազար մայիսին, եւս 70 հազար հունիսին, եւս 70 հազար ենթադրենք հուլիսին: Այստեղ տնտեսական, սոցիալական, առողջապահական հարցերի հավասարակշռության հարցերը պետք է լուծվեն: Մենք որոշել ենք գնալ այդ ճանապարհով ու մենք ունիկալ չենք:

Ես այսօր լրատվությունը նայեցի, հենց այսօր Իսրայելում ճշգրտորեն այն իրավիճակն է, ինչ ՀՀ-ում: Երբ փորձեցի ուսումնասիրել, թե նրանք ինչ պայմաններում են որոշել հրաժարվել լոքդաունից, այն օրը, երբ իրենք հրաժարվել են լոքդաունից, իրենք ունեցել են 200-ից ավելի դեպք, այսօր ունեն 1000-ից ավելի դեպք ու ճշգրտորեն նույն իրավիճակն է: Մյուս կողմից, կան երկրներ, որ մտածել են, որ զրոյացնեն դեպքերը, հետո նոր վերադառնան լիարժեք տնտեսական կյանքին: Այո, կան երկրներ, որ օրական դեպքերը զրոյին մոտիկ են, բայց նրանք չեն կարողացել վերադառնալ լիարժեք տնտեսական կյանքի: Օրինակ, կան երկրներ, Իսպանիան հայտարարում էր, որ տուրիստական սեզոնն ամբողջությամբ կբացի, բայց հիմա նրանք էլ են հրաժարվել այդ գաղափարից»:

Վարչապետն ասաց, որ մեր խնդիրը եղել է այն, որ կարողանանք բոլոր քաղաքացիներին սպասարկել առողջապահական համակարգում ու երբ հարց է տրվում՝առաջին լոքդաունը ի՞նչ նպատակի ծառայեց, պատասխանն այն է, որ այդ ընթացքում մենք եռապատկեցինք մեր առողջապահական կարողությունները. «Ապրիլի վերջին մեզ համար ակնհայտ էր, որ մենք լոքդաուն ասածը չենք կարողանում պահել ոչ միայն վարչական պատճառով, այլեւ եղանակը փոխվում է, մարդիկ սկսում են սովորել կորոնավիրուս երեւույթին, սկսում են շենքերի մեջ արդեն հարեւանների փոխադարձ այցելությունները եւ այլն:

Վերջին մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի տարածման հիմնական տեղը բակերն են, շենքերն են, այդ հարաբերությունների զարգացումը: Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքները նրանք, ովքեր որոշել են ամփոփել եւ եզրակացություններ անել, նրանք առնվազն շատ են շտապում, որովհետեւ դեռ պարզ չի: Իմ արձանագրումն այն է, որ եթե մենք ըստ էության, ելնենք այն իրողությունից, որ մինչեւ այս տարվա վերջ պատվաստանյութը հասանելի չի լինելու, մեծ է հավանականությունը, որ բոլոր երկրները շատ մոտ արդյունքներ կունենան կորոնավիորւսի հիվանդացության, մահացության եւ այդպես շարունակ»:

Հարցին՝ արտակարգ դրության ժամկետը 4-րդ անգամ կերկարաձգվի՞՝ Փաշինյանը պատասխանեց. «Իհարկե, իրավիճակը ինքը բերում է  արդեն լուծումների, բայց մենք մյուս կողմից հասկանում ենք, որ չենք կարող անվերջ արտակարգ դրությունը երկարացնել: Ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա, երեւի թե մեկ անգամ եւս երկարացվի: Արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը, որ փորձենք կատարելագործել  այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում մենք կարողանանք գործիքներ ունենալ՝ արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել: Մենք էլ ենք քննարկում, որ չենք կարող անընդհատ արտակարգ դրությունը երկարացնել, դա բոլորիս համար խնդիր է, բայց մյուս կողմից չենք կարող հակահամաճարակային իրավիճակը հաշվի չառնել: Ամեն ինչ տանում է նրան, որ մենք առնվազն մի անգամ կերկարացնենք արտակարգ դրության ռեժիմը եւ հույս ունեմ, չնայած աղոտ են հույսերը, այսօրվա տեմպը ցույց է տալիս, որ մենք այլ բան անել չենք կարող»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Երևի երկիրն ու ժողովուրդը արժանի են այս ամենին, ուրիշ ոչ մի բացատրություն չկա: Մեղքեր կան գործած, որոնցից պիտի այս կերպ մաքրվել՝ կասկածելի վակցինաներով, վիրուսներով, մահերով: Դե ինչ, ամեն ժողովուրդ ինքն է կերտում իր վաղվա օրը: Իսկ եթե վերացարկվենք հոգևոր ասպեկտից, տակը մնալու է քաղաքականը և գեոքաղաքականը, ինչը ուղղակի տեղի է տալիս ահավոր մռայլ մտորումների:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031