Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորներ Պապոյանն ու Ազարյանն ընկերներ են». ԲԴԽ նիստում Կարապետ Բադալյանը բացարկ է հայտնել Մխիթար Պապոյանին

Հուլիս 06,2020 19:22

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն այսօր նիստ էր հրավիրել՝ քննելու դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ներկայացրած՝ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը: Նշենք, որ Բադալյանի հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ ավելի վաղ հանձնաժողովին ներկայացրած հաղորդումը՝ դատավորի թեկնածուի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին: Հանձնաժողովը դեռեւս հունիսին Բադալյանի հանդեպ հարուցել էր կարգապահական վարույթ եւ միջնորդություն ներկայացրել ԲԴԽ-ին՝ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Aravot.am-ի հետ զրույցում «5-րդ ալիք» հ/ը սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնեց՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության պատճառն այն է, որ դեռեւս ապրիլին «5-րդ ալիք» հ/ը սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատական նիստից հետո Կարապետ Բադալյանը լրատվամիջոցներից մեկի տաղավարում հարցազրույցի ժամանակ այդ թվում խոսել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի մասին եւ կարծիքներ հնչեցրել. «Կարապետ Բադալյանը սովորում է արդարադատության ակադեմիայում, այսինքն՝ նա ապագայում դատավոր պետք է դառնա, իսկ նման որակումները դատավորի էթիկայի կանոնների խախտում են»:

ԲԴԽ այսօրվա նիստում դատավորներ Արման Թովմասյանն ու Մխիթար Պապոյանը ներկայացրին նշյալ միջնորդությունը՝ նշելով, որ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հասցեին որոշակի որակումներ թույլ տալով՝ Կարապետ Բադալյանը խախտել է քաղաքական զսպվածության և չեզոքության նորմերը: Կարապետ Բադալյանն էլ բացարկի միջնորդություն ներկայացրեց Մխիթար Պապոյանի դեմ, ով վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է: Բադալյանը հիշեցրեց՝ Պապոյանը քանիցս հայտարարել է, որ Ալեքսանդր Ազարյանն իր ընկերն է, ուստի ինքն այս գործով չի կարող անկողմնակալ լինել:

Aravot.am-ի հետ զրույցում Կարապետ Բադալյանը նշեց. «Կարգապահական հանձնաժողովի նախագահին բացարկ եմ հայտնել, քանի որ նա, իմ կարծիքով, չի կարող ինձ հետ կապված հարցերով անաչառ լինել: Ես 1in.am-ում հարցազրույցներից մեկի ժամանակ կարծիքներ եմ հայտնել, որոնք, ըստ կարգապահական հանձնաժողովի, խախտել են դատավորի վարքագծի կանոնները, քանի որ ես այդ ժամանակ եղել եմ դատավորի թեկնածուի հավակնորդ եւ կաշկանդված եմ եղել դատավորի կարգապահական կանոններով: Դատավորներ Մխիթար Պապոյանը եւ Ալեքսանդր Ազարյանն ընկերներ են եւ իրենք այդ մասին հրապարակային հայտնել են: Իսկ իմ հարցազրույցում նաեւ պարոն Ազարյանի հետ կապված մտքեր, արտահայտություններ են հնչել: Այսինքն, պատկերացրեք, որ ընկերը քննում է իր ընկերոջը վերաբերող հարց: Պարոն Պապոյանը քննում է հարց, որը վերաբերում է իր ընկերոջը, այսինքն, իմ տպավորությամբ, նա չի կարող օբյեկտիվ լինել»:

Հավելենք, որ ԲԴԽ-ն այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քննելու Մխիթար Պապոյանի դեմ Կարապետ Բադալյանի բացարկի միջնորդությունը, որի որոշման հրապարակումից հետո(հուլիսի 13-ին) ենթադրաբար կշարունակի քննել Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին դատավորների ընդհանուր ժողովի ներկայացրած միջնորդությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031